Հոկտեմբերի 5-ին, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը: ԵԽ ԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամները, ի դեմս պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, կփորձեն հանձնաժողովի անդամներին համոզել, իբր 2008-ի Մարտի 1-ից հետո Հայաստանում էական դրական առաջընթաց է արձանագրվել:
Որպես կանոն, նման դեպքերում խուսափելով քաղբանտարկյալների եւ Մարտի 1-ի զոհերի թեմայի մասին խոսելուց, նրանք ներկայացնում են, թե ինչ կարեւոր բարեփոխումներ են արվել այս կամ այն օրենսգրքում, կամ թե ինչ առաջընթաց է արձանագրվել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում: Արդեն հայտնի է, որ նիստին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ՀԱԿ-ը, որի տեսակետներն էլ ԵԽ ԽՎ-ում կներկայացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Վերջինս էլ ընդդիմության անունից հանձնաժողովականներին կներկայացնի, որ իշխանության լավատեսական պնդումները ճիշտ չեն, այլ կերպ ասած` պետք չէ հավատալ Դավիթ Հարությունյանի բոցաշունչ ելույթին: «Պետք է պարզապես վերցնել 1677 բանաձեւը, հերթով կարդալ այդ բանաձեւում տեղ գտած քննադատություններն ու հորդորները, հետո դրանք համեմատել իրականության հետ, ոչ թե այն բանի, ինչ մեր իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները որպես իրականություն են ներկայացնում: Նույնիսկ շատ մեծ ճիգեր գործադրելու պարագայում անհնար է չեզրակացնել, որ այդ բանաձեւն ամբողջությամբ մնացել է թղթի վրա»,- ասում է Ա. Գրիգորյանը: Անդրադառնալով իր ելույթին, նա ասաց, որ այն ամբողջությամբ քննարկել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: «Անպայման խոսելու եմ քաղբանտարկյալների եւ այն մասին, որ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն արել Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելու համար, այլ ամեն ինչ արել են, որպեսզի այն չբացահայտվի: Միայն փաստահավաք խմբի նկատմամբ իշխանության որդեգրած պահվածքը եւ այդ խմբում իշխանության ներկայացուցիչների վարքագիծն ավելի քան բավարար են նման եզրակացության հանգելու համար»,- հավաստիացնում է ՀԱԿ ներկայացուցիչը: Ա. Գրիգորյանից փորձեցինք պարզել նաեւ, թե ինչ է ակնկալում ՀԱԿ-ը ԵԽ ԽՎ-ից, հնարավո՞ր է, որ հանձնաժողովականները վերջնաժամկետ կամ ժամանակացույց ներկայացնեն ՀՀ իշխանություններին: «ԵԽ ԽՎ-ն պետք է վերականգնի հատուկ մոնիտորինգի ռեժիմը Հայաստանի նկատմամբ: Ապա նրանք հստակ ժամանակացույց պետք է սահմանեն, իրենց իսկ բանաձեւերի` անխտիր բոլոր կետերի կատարման համար: ԵԽ ԽՎ-ն պետք է ժամանակավորապես կասեցնի հայաստանյան պատվիրակության լիազորություններն այդ կազմակերպությունում, եթե Հայաստանի իշխանությունները նշված ժամկետների շրջանակներում չկատարեն այդ բանաձեւերում առկա հորդորներն ու պահանջները: Չնայած, ավելի հավանական է, որ Հայաստանի իշխանություններին ժամանակացույցի պես մի բան ներկայացվի ոչ թե Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո, այլ` տարածաշրջան համազեկուցողների այցից հետո, ինչը նախատեսված է հոկտեմբերի երկրորդ կեսին»,- ԵԽ ԽՎ-ից իրենց պահանջն ու ակնկալիքները այսպես ներկայացրեց Արման Գրիգորյանը: Սակայն նա փաստում է, որ անցյալում եւս եղել են այնպիսի իրադրություններ, որոնք ամենախիստ հակազդեցությունն էին պահանջում, բայց եվրոպացի պաշտոնյաները հաճախ ընտրել են Հայաստանի իշխանությունների հետ մեղմ վարվելու քաղաքականությունը:
Նշենք, որ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգում լինելու է նաեւ քննարկում ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Այս հարցը եւս խիստ խնդրահարույց է, քանի որ իշխանությունները պարտադրված են իրենց կամքին հակառակ՝ մինչ 2011-ի ընտրությունները, օրենսգրքում ներառել որոշակի փոփոխություններ: Հենց այդ անցանկալի փոփոխություններն էլ պատճառ էին դարձել, որպեսզի Հայաստանի խորհրդարանականները Վենետիկի հանձնաժողով ներկայացնեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկու տարբերակ` նշելով, որ իրենք նախագծերը քննարկել են նաեւ ընդդիմության հետ: Մինչդեռ հայտնի դարձավ, որ թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դրանց վերաբերյալ տեղեկացված չեն: ՀԱԿ ներկայացուցիչը մեզ տեղեկացրեց նաեւ այն կետերին, որոնց հետ ՀԱԿ-ը համամիտ չէ, եւ թերեւս դրանց պատճառով՝ խորհրդարանի իշխանական ուժերը օրենսգիրքը «մշակել են» ընդդիմությունից գաղտնի: «Մենք տարաձայնություններ ունենք ԱԺ ձեւավորման ընտրակարգի վերաբերյալ, ընտրական հանձնաժողովների ձեւավորման մեխանիզմի վերաբերյալ, անհանգստություններ ունենք, որ նախագիծը չի պարունակում ընտրությունների ընթացքի թափանցիկությունն ապահովող բավարար էֆեկտիվ մեխանիզմներ եւ այլն: Այս եւ մի շարք այլ հարցերի հետ կապված՝ ՀԱԿ-ն ունի սկզբունքային առաջարկներ, որոնք ես կներկայացնեմ Եվրոպայի խորհրդին»,- ասում է Ա. Գրիգորյանն ու հավելում, որ չնայած թե գործող օրենսգիրքը, թե նախագիծը անկատար են, սակայն, նույնիսկ գործող օրենսգրքով հնարավոր է Հայաստանում արդար ընտրություններ անցկացնել: «Նոր ընտրական օրենսգիրք մշակելով՝ մեր իշխանությունները փորձում են ընտրությունների ժամանակ իրենց արածը բարդել խեղճ Ընտրական օրենսգրքի վրա, ինչպես նաեւ՝ կեղծ տպավորություն ստեղծել, թե ինչ- որ կարեւոր բարեփոխում է իրականացվել, քան այն, որ ընդդիմությանն այդ գործընթացին չի ներգրավել»: Ի պատասխան Հայաստանի որոշ քաղաքական գործիչների կողմից հնչող այն քննադատություններին, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին միջազգային կառույցներում հնչող բացասական կարծիքները միայն վնասում են պետությանը եւ ստիպում զիջումների գնալ քաղաքական լրջագույն հարցերում, ՀԱԿ ներկայացուցիչն ասում է. «Ստացվում է, որ մենք կարող ենք կեղծել ընտրությունները, կրակել ժողովրդի վրա, բանտերը լցնել քաղբանտարկյալներով, կեղեքել ժողովրդին, իսկ դրանից հետո պատրաստ ենք նաեւ պետության շահերն աճուրդի հանել, եթե մեր վրա միջազգային ճնշում լինի, բայց դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ընդդիմության վրա, որովհետեւ այդ ամենի դեմ վերջինս հանդգնում է պայքարել: Նման քննադատություններ հնչեցնողներին անհնար է արժանի պատասխան տալ` հենվելով միայն տպագրության համար գործածելի բառապաշարի վրա»:
Նախօրեին, Հայաստանի անկախության տոնի առիթով Սարյանի արձանի մոտ հավաքվել էին ՀԱԿ համակիրները: Միջոցառմանը մասնակից ՀԱԿ ակտիվիստները մեզ տեղեկացրին, որ հոկտեմբերի 5-ի նիստին ընդառաջ պատրաստվում են մի քանի հազար քաղաքացիների ստորագրությամբ նամակ ուղարկել ԵԽ ԽՎ պաշտոնյաներին ու տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որտեղ կետ առ կետ նշված են «այն բոլոր հանցագործությունները, որ ՀՀ իշխանությունները շարունակում են իրականացնել երկրում»: