Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչի չտեղադրման հարցը տարաբնույթ մեկնաբանություններ ստացավ: Խոսվում էր խաչի քաշի, տեղադրման ժամկետների, որոշումն ընդունելու լիազորության մասին:
Պատարագի արարողության նախօրեին Անկարայում մենք («Հայնրիխ Բյոլի» ու «Հրանտ Դինքի» հիմնադրամների հրավերով Թուրքիա մեկնած լրագրողներս) հանդիպեցինք Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության հարցերով նախարարի օգնական Իսմեթ Յըլուզին, ով մեզ հետ զրույցում ասաց. «Խաչի տեղադրումն անհնարին է, քանի որ մեր գործընկերները ուսումնասիրեցին պատմությունն ու պարզեցին, որ Աղթամարի եկեղեցու վրա խաչ չի եղել»: Երբ բոլորս զարմացած հարցրեցինք նրան, թե «Այդ ո՞ր աղբյուրներից են իրենք նման տեղեկություն ստացել», նա անկոտրում պատասխանեց. «Մեր աղբյուրներից, բացի այդ, Աղթամարը վերականգնող իտալացի ռեստավրատորները 100 տարվա լուսանկարներն ուսումնասիրելու ընթացքում պարզել են, որ եկեղեցու վրա խաչ չի եղել, եւ այդ պատճառով էլ փակ գմբեթ են կառուցել, որի վրա խաչ տեղադրել չի կարելի: Ոչ մի լուսանկար չկա, որտեղ երեւում է խաչը: Եթե փորձենք խաչ տեղադրել, ապա կվնասենք շինությունը: Ճարտարապետական տեսանկյունից դա հնարավոր չէ, կրկին հարկավոր է վերանորոգման աշխատանքներ կատարել: Մենք հաշվի ենք առել նաեւ կլիման. քանի որ Վանում ձմեռները ցուրտ ու ձյունառատ են լինում, ապա, հենց առաջին իսկ փոթորկի դեպքում, խաչը կընկնի»: Ի. Յըլուզը նաեւ նշեց, որ 1915 թվականի դեպքերից ավելի շուտ մարդիկ են տուժել, եւ ոչ թե շինությունները:
Պատմությունն ընդհանրապես շատ հետաքրքիր հատկություն ունի, որ այն կարող է կանգ առնել ցանկացած կետում, եւ հետո զրոյական կետից մեկնարկել: Եվ երբ թուրք դիվանագետ-խորհրդականն առաջարկում է ոգեւորությամբ ընդունել այն փաստը, որ 100 տարվա ընթացքում հայկական եկեղեցում առաջին անգամ ծիսական արարողություն է կատարվելու, նա միեւնույն ժամանակ շեշտում է, որ հարկ չկա պատմության մեջ ավելի խորը սուզվել. «Թուրքիայում մշակութային կենտրոններն անթիվ են: Շատ մզկիթներ կան, որոնք քայքայվում են, եւ մենք չենք հասցնում դրանք վերանորոգել: Ես չեմ ուզում ասել, որ Թուրքիայի կառավարության համար առաջնայինը ոչ թե քրիստոնեական եկեղեցիներն են, այլ մզկիթները: Ուզում եմ ասել, որ ամեն ինչ հերթով ենք անում»,- նկատեց Թուրքիայի մշակութային ոլորտի չինովնիկը եւ ավելացրեց, որ այժմ իրենք Երեւանից փոխադարձ քայլ են ակնկալում: Հարցին` թե դա ի՞նչ քայլ է, պատասխանեց. «Ուզում եմ, որ ձեր մասնագետները Հայաստանում եղած թուրքական ժառանգությունը վերականգնեն»:
Մշակութային բնագավառի այս չինովնիկը նաեւ նշեց, որ երբ իրենց նախարարությունը համարում է, որ տարբեր արարողությունները, ֆիլմերը կամ վիդեոշարերը «բարեկամությանը օգուտ» չեն բերում, ապա դրանք արգելվում են: Վերջերս, օրինակ, Թուրքիայում փակվել է youtube.com ինտերնետային կայքը, քանի որ Աթաթուրքի մասին անպարկեշտ կադրեր է պարունակել: Թերեւս հենց «օգուտի» տեսանկյունից էլ Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի վրա խաչ չի տեղադրվել: «Մեր քայլերը համաձայնեցված են Պոլսո հայ պատրիարքարանի հետ»,- բարեհամբույր ժպիտով նկատեց Իսմեթ Յըլուզը: Նույն մտայնությունը շարունակեց նաեւ Աղթամարի թանգարանի (եկեղեցական համալիրն իր կարգավիճակով թանգարան է) տնօրեն Վաղինակ Սարգաֆագյանը: «Մեր նպատակը քայլ առ քայլ մեր սեփականության տերը դառնալն է: Մեզ պետք չէ խանգարել: Մեր պատրիարքը վաղուց ցանկություն ուներ Աղթամար կղզում մշակութային փառատոներ, տոներ անցկացնել: Եվ հիմա մենք շատ մոտ ենք այդ ցանկությունը իրականացնելուն: Սուրբ Խաչը թեեւ առանց խաչի է, բայց կանգուն է, թեեւ մենք տարեկան ընդամենը մեկ պատարագ մատուցելու հնարավորություն ունենք, սակայն եկեք չմոռանանք, որ մեկն ավելի լավ է, քան զրոն»: Պոլսո հայ հոգեւորականները նշում էին, որ Մայր աթոռի` պատարագը բոյկոտելու որոշումն իրենք վնասակար են համարում, քանի որ կաթողիկոսի ձայնը սփյուռքահայերից շատերին հասնելով` նրանց ետ է պահել Վան այցելությունից: Խաչի չտեղադրելու հարցն, իհարկե, շատ է ուռճացվել` թերեւս երկրորդ պլան մղելով մյուս խնդիրները: Դրանցից ամենաէականը պահանջատերի կեցվածքի բացակայությունն է: Ընդ որում` պահանջատերի սթափ հայացքը խանգարում է տարբեր մակարդակի շփումների ժամանակ: Եվ այնպես էր ստացվում, որ քաղաքական գործիչները, հոգեւորականները եւ շարքային մարդիկ խոսելով խաչի չտեղադրման մասին` ակամայից խուսափում են ամուր զմռսված «Պանդորայի արկղը» բացելուց: