Միխայիլ Դելյագին. «Լուժկովի պաշտոնանկության հարցը վճռված է, որոշված ճէ միայն ժամկետը»

23/09/2010 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ Ռուսաստանի իշխանությունների հակամարտության թեման քննարկելիության մակարդակով առաջնության դափնին թերեւս շուտ չի զիջի Ռուսաստանի քաղաքական կյանքի մյուս իրադարձություններին, իսկ հեռուստացույցների էկրաններին հնարավոր է հայտնվեն նոր «հետաքննություններ» նրա գործունեության կամ Լուժկովի տիկնոջ` Ելենա Բատուրինայի բիզնեսի մասին: Ի՞նչ է տեղի ունեցել քաղաքական խոշոր գործիչների միջեւ, եւ ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները. այս մասին է «168 Ժամի» թղթակցի հարցազրույցը Ռուսաստանի Գլոբալիզացիայի հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Դելյագինի հետ:

– Ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի քաղաքական վերնախավում: Ի՞նչն է պատճառը, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն այլեւս ձեռնտու չէ Կրեմլին:

– Քաղաքապետ Յուրի Լուժկովն արել է որոշակի քայլեր, որոնք Ռուսաստանում անհամատեղելի են նրա զբաղեցրած պաշտոնի հետ: Նա իրեն թույլ է տվել անել որոշ արտահայտություններ, ինչն անթույլատրելի է, եւ երբեք չէր կարելի դա անել: Եվ եթե կոնֆլիկտի սկզբում վերեւներում տարբեր դիրքորոշումներ կային նրա վերաբերյալ, ավելի կոնկրետ` Կրեմլի մի մասն ուզում էր նրան պաշտոնանկ անել, իսկ մյուս մասը` թողնել զբաղեցրած պաշտոնում, ապա այժմ, կարծեք թե, նրա անձի շուրջ իշխանության վերնախավում կոնսենսուս է հաստատվել. բոլորը համամիտ են, որ Լուժկովը պետք է հեռանա: Կրեմլում վճռականորեն եւ շատ կտրուկ որոշել են, որ իրենց Լուժկովի պես պահող մարդկանց պետք է ազատել: Այժմ խնդիրն այն է, թե ե՞րբ, ի՞նչ պայմաններում եւ որքա՞ն արագ դա պետք է տեղի ունենա: Ես կարծում եմ, որ Լուժկովը դեռ որոշ ժամանակ կմնա իր պաշտոնում, բայց հետո նրան կհեռացնեն:

– Կոնկրետ ո՞րն է Լուժկովի մեղքը:

– Հայտնի է, որ մեզ մոտ` Ռուսաստանում, նախագահի եւ վարչապետի միջեւ սուր մրցակցություն կա: Եվ այդ մրցակցությունն ընթանում է առանց ավելորդ սեթեւեթանքների, բայցեւ` բազմաթիվ կանոնների պահպանմամբ: Կան բազմաթիվ կանոններ, որոնք թույլ չեն տալիս, որ որեւէ ավելորդ բան տեղի ունենա: Այսինքն` գոյություն ունի լուռ, իսկ գուցե եւ՝ ուղղակի համաձայնություն. թույլատրելի է, որ նրանցից մեկը մյուսի համար խոչընդոտներ ստեղծի, սակայն չի կարելի բացեիբաց դուրս գալ միմյանց դեմ: Եվ ահա Լուժկովը խախտել է այս կանոնները: Վերջին օրերին նրա գործողությունները դրա վկայությունն են: Եվ ցավոք, նրա վարքը, արտահայտությունները փոքր-ինչ չափն անցնում են: Նա մտադիր էր խաղալ նախագահ-վարչապետ տանդեմի ինչ-ինչ հակասությունների վրա, բայց նրա խաղը շատ կոպիտ էր եւ բոլորի, այսպես ասած, զարմանքն առաջացրեց: Դրան գումարվում է այն գործելաոճը, որով Լուժկովի տիկինը վարում է իր բիզնեսը: Գործելաոճ, որն, իմ կարծիքով, չի տեղավորվում ռուսաստանյան իրականության չափանիշներում, երբեմն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները: Ռուսաստանյան բիզնեսի մասին շատ վատ բաներ կարելի է ասել ու հիշել, սակայն Ելենա Բատուրինան այստեղ եւս չափն անցել էր… Հիմա խնդիրն այն է, թե ինչպե՞ս պետք է Լուժկովին պաշտոնից ազատեն: Այդ հարցը վճռվելու է վերեւներում` մրցակից երկու խմբերի միջեւ, եւ դա դառնալու է մեր երկու ղեկավարների փոխհամաձայնության առարկան:

– Քննարկումներում հնչել է նաեւ այն վարկածը, որ գործող նախագահը շահագրգռված է, որպեսզի մոտեցող նախագահական ընտրությունների նախաշեմին Մոսկվան ղեկավարի «իր» մարդը, որպեսզի ինքը մայրաքաղաքում ավելի մեծ աջակցություն ստանա: Որքանո՞վ է այդ ենթադրությունը մոտ իրականությանը:

– Մոսկվացիների աջակցությունն ապահովում էր հենց ներկայիս քաղաքապետը: Եթե նրան հենց այնպես հեռացնեն, ապա մայրաքաղաքի վրա վարչական ճնշման համակարգը կթուլանա, իսկ դա հետագայում կարող է հանգեցնել նրան, որ երկրում կարող են ազնիվ ու արդար ընտրություններ լինել: Առաջին անգամ` գոնե 1995թ. ընտրություններից հետո: Իսկ դա շատ վտանգավոր է:

– Կոնկրետ ո՞ւմ համար է վտանգավոր:

– Իշխանության ցանկացած ներկայացուցչի համար, ով կմասնակցի այդ ընտրություններին: Կարեւոր չէ, թե ով կլինի այդ անձը:

– Քաղաքապետի պաշտոնանկությունը վճռվա՞ծ հարց է, թե՞, այնուամենայնիվ, այլ տարբերակներ եւս կան:

– Միանգամայն վճռված է, որովհետեւ Յուրի Լուժկովն իր գործողություններով վարկաբեկել է ոչ թե նախագահին կամ վարչապետին, այլ վարկաբեկել է պետությունը: Եվ քանի դեռ պետությունը գոյություն ունի, այն չի կարող ներել այդպիսի բաները եւ չի ներելու: Այս պաշտոնանկությունը կարող է շատ արագ տեղի չունենալ: Հնարավոր է՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ մեկ տարի անց դա տեղի ունենա: Բայց Լուժկովն արդեն ստացել է բոլոր «սեւ քարերը»:

– Ինչպե՞ս կգնահատեք Լուժկովի աշխատանքը քաղաքապետի պաշտոնում:

– Լուժկովի աշխատանքը հստակ բաժանվում է երկու փուլի` 2000թ. առաջ եւ հետո: Մինչեւ 2000թ. ամեն ինչ նորմալ էր, սկզբում նույնիսկ շատ լավ էր, հետո նորմալ էր: Մոսկվան բանդիտական Պետերբուրգ չդարձավ հենց շնորհիվ այն բանի, որ Լուժկովը թույլ չտվեց այստեղ սեփականաշնորհումն իրականացնել «ըստ Չուբայսի»: Մոսկվան Ռուսաստանի միակ քաղաքն էր, որտեղ սեփականաշնորհումն ընթացավ իրական փողերով, եւ հենց այդ պատճառով Մոսկվան դարձավ այսօրվա Մոսկվան, այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք` մի վայր, որտեղ կուտակված է Ռուսաստանի փողի մեկ քառորդը: Եթե Լուժկովը չլիներ, այսօր մայրաքաղաքում կհավաքվեր ներկայումս շրջանառվող փողի ամենաշատը 15%-ը: Բայց այն ամենը, ինչ կատարվեց 2000թ. հետո, եւ այն ամենն, ինչ մոսկվացիները կապում են Լուժկովի տիկնոջ եւ նրա մի քանի մերձավորների անվան հետ, դժվար է անվանել այլ կերպ, քան ամենաթողություն: Հասկանո՞ւմ եք, երբ դուրս եք գալիս Մոսկվայի քաղաքապետարանից, ձախ կողմում տեսնում եք՝ «Մոսկվայի բանկի», աջ կողմում` «Ադրբեջանի միջազգային բանկի» պաստառները, դա որոշակի տպավորություն է գործում:

– Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անի ներկայիս քաղաքապետի իրավահաջորդը, ո՞ր խնդիրները պետք է լուծել առաջնահերթ կարգով, եւ ի՞նչ ոլորտներ կան, որոնց պետք է ընդհանրապես «ձեռք չտալ»:

– Անհրաժեշտ է նորից ձեւավորել կառավարման համակարգը: Այսօրվա համակարգը կողմնորոշված է բացառապես Յուրի Լուժկովի ու նրա մերձավորների շահերի սպասարկմանը: Գիտե՞ք, երբ մեր շատ հարգարժան մարդիկ ասում են, որ Մոսկվան կարող է կառավարել Վլադիմիր Պուտինի լաբրադորը` Կոնին, ապա պետք է ավելացնել. եթե Լուժկովի նման՝ ապա կարող է: Սակայն այնպես, ինչպես Լուժկովն է կառավարում, այլեւս կառավարել չի կարելի, նրա ժամանակն անցել է: Բնականաբար, չպետք է դիպչել այն ենթակառուցվածքներին, որոնք լավ են աշխատում: Նոր քաղաքապետը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ. դա ամենաառաջնահերթ խնդիրն է: Թեեւ պետք է արժանին մատուցել Լուժկովին. Մոսկվայում կոռուպցիայի մակարդակն անհամեմատ ցածր է, քան, ասենք, Մերձմոսկովյան շրջանում. կարծում եմ` այնտեղի նահանգապետի հետ այս հարցում ոչ ոք չի կարող մրցել:

– Կոռուպցիայի հարցը պարզ է, իսկ ինչի՞ն, ըստ Ձեզ, պետք չէ ձեռք տալ:

– Ես քաղաքային տնտեսության մասնագետ չեմ, սակայն, երբ 14 միլիոնանոց մեգապոլիսում բոլորը ողջ-առողջ են, նշանակում է` ինչ-որ բան լավ է աշխատում, ինչ-որ բան էլ թերեւս շատ լավ է աշխատում: Այս համատեքստում ես չեմ ընդունում «Եկեք ամեն ինչ քանդենք, տեսնենք, թե ինչ կմնա» հեղափոխական մոտեցումը: Ո՞ւմ է պետք նման մոտեցումը: Ես հեղափոխություն չեմ ուզում, բացարձակապես չեմ ուզում: