Այս աշունը տնտեսական իմաստով տագնապի շրջան է: Ժողովրդական առածը զգուշացնում է, որ փորձանքը երբեք միայնակ չի գալիս: Համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդեց գյուղատնտեսական ծանր տարի: Հատկապես Հայաստանում: Մեր վաստակաշատ գյուղնախարարությունը նախորդ տարիների նման հպարտորեն չի զեկուցում բերք ու բարիքի քանակի մասին: Չի զեկուցում ու պաշտոնական լրատվամիջոցներին չի տրամադրում տեղեկատվություն իր հմուտ ղեկավարությամբ իրացվող մթերումների մասին: Անգամ մեր` համարյա ամենակարող Ազգային վիճակագրական ծառայությանը դժվարությամբ է հաջողվում, օրեցօր աճող գները չնկատելով, գնաճը պահել «նախատեսված» սահմաններում: Առաջինը գնաճ արձանագրվեց ամենահանապազօրյա ոլորտում: Սկզբում Ռուսաստանը հայտարարեց, որ երաշտի պատճառով ցորենի իրական բերքը ցածր է սպասվածից, ու մինչեւ տարեվերջ արգելում է ցորենի արտահանումն իր երկրից: Հենց հաջորդ օրը բարձրացավ հացի գինը: Հետո իջավ: Պետությունն ակնհայտ ադմինիստրատիվ լծակներ էր կիրառել: Հետո կրկին բարձրացավ ու կայունացավ: Պետական լծակները ժամանակավոր ազդեցություն ունեցան: Հատկապես, որ Հայաստանում հացի գնի բարձրացման ինքնատիպ մեթոդաբանություն կա մշակված: Հասարակական դժգոհություն չառաջացնելու ձգտումով ու թանկացման փաստը քողարկելու մղումով՝ արտադրողները սովորաբար գինը թողնում են նույնը: Փոխարենը՝ նվազեցնում են հացի քաշը: Տարիների փորձառությունը ցույց է տալիս, որ այս մեթոդը աշխատում է անխափան: Իսկ հասարակությանը կարելի է բացատրել, որ ցորենի գինն աճում է միջազգային շուկայում: Գնաճը միայն միջազգային շուկայով բացատրելն իսկապես ծիծաղելի է: Եթե օրինակ բերենք զուտ տեղական մի ապրանքի գին: Ամռան ընթացքում աննկատ թանկացավ աղը, որ բացառապես տեղական ապրանք է: Թանկացավ ուղիղ 50 տոկոսով: Այս փաստն էլ մեր վիճակագիրները չարձանագրեցին: Հավանաբար այն պատճառով, որ հստակ հանձնարարություն ունեն գնաճ գրանցել միայն միանիշ թվերով: Բայց 2010-ի աշունը եզակի է: Ամռանն արդեն ակնհայտ էր, որ աննախադեպ բարձր է բնակչության աղքատ հատվածի մյուս հիմնական սննդամթերքի` կարտոֆիլի գինը: Այս մեկն արդեն համաշխարհային գործընթացներով չես բացատրի: Նախորդ տարի գյուղացին չկարողացավ իրացնել կարտոֆիլի բերքը: Պարզվեց, որ այս ոլորտն էլ է դառնում մենաշնորհային: Հայտնի օլիգարխը կարտոֆիլի մեծ բերք էր ստացել ու դարձել պետության հիմնական մատակարարը: Գյուղացիների մեծ մասը տարին վնասով փակելուց հետո հրաժարվեց այս տարի կարտոֆիլ մշակելուց: Գյուղատնտեսության նախարարությունն էլ, որպես ոլորտի կառավարիչ, նման մանր խնդիրներով չի զբաղվում: Ոչ տեղեկատվություն է հավաքում, ոչ մշակում է, ոչ էլ փորձում խորհրդատվական ծառայություն մատուցել ու ուղղորդել գյուղացուն: Արդյունքում կարտոֆիլը շուկայում վաճառվում է 250 դրամից բարձր գնով: Բանջարեղենի գները հուշում են, որ բերքի առումով տարին ողբերգական է: Հիմա գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունների մի մասը հրաժարվել է պտուղ-բանջարեղեն մթերելուց: Պատճառը պարզ է՝ մեր պետությունը համարյա երբեք կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այս ոլորտում: Իսկ վերամշակողների համար այս տարվա շուկայական գները մատչելի չեն: 400-500 դրամով ծիրան մթերելուց հետո անհնար կլիներ ենթադրել, որ մեր` ոչ գնողունակ շուկայում հնարավոր կլինի իրացնել ծիրանի ջեմն ու չիրը: Նախորդ բոլոր տարիներին, օրինակ, լոլիկը մթերվում էր համարյա կայուն գնով` 1կգ-ն՝ 22 դրամ: Այս տարի արտադրողները պատրաստ են 50 տոկոսով բարձրացնել մթերման գինը: Բայց անգամ առանձին դեպքերում 1 կգ լոլիկի համար 100 դրամ գինը գյուղացուն չի բավարարում: Շուկայում գները ավելի բարձր են, քան առաջարկում են մթերող կազմակերպությունները: Հետեւաբար՝ այս տարի կրկին հաջողելու են ներկրողները: Տեղական արտադրության կրճատումից ու բարձր գներից ներմուծողներն են օգտվելու: Թուրքական, պարսկական արտադրության մթերքներն իրենց համեմատաբար ցածր գներով 90-ական թթ. նման կգրավեն մեր շուկան: Կներմուծվեն այդ երկրների ամենացածրորակ ու ամենաէժան ապրանքները` լոլիկի մածուկից մինչեւ կարտոֆիլ ու սոխ: Գյուղմթերքների վերամշակման ոլորտը կայացման ծանր տարիներից հետո նկատելի ծավալներ ուներ ներքին շուկայում: Հիմա պատկերը կփոխվի: Մեր պետությունը գյուղատնտեսության ոլորտում հովանավորչական քաղաքականություն երբեք չի վարել: Ու կարծես չի էլ պատրաստվում: Հայտնի կարգախոսի օրինակով կարելի է պնդել, որ հայ արտադրողի եւ հայ գյուղացու փրկության գործը հենց իրենց գործն է: Տարերքի ու Գյուղնախարարության անգործունեության դեմ նրանք միայնակ են: Նրանց նույնիսկ հայ սպառողը չի կարող օգնել: Չի կարող՝ իր ցածր գնողունակության պատճառով: Սպառողից հայրենասիրություն կարելի է պահանջել միայն համադրելի պայմանների դեպքում: «Օգնենք մեզ` գնենք հայրենական մթերքներ» կարգախոսն այդ նույն պատճառով կմնա որպես անհետեւանք քարոզչության դասական օրինակ: