Անկախության մեխանիկան

23/09/2010

Անվիճարկելի եւ բնական իրավունք

Մարդկային հանրության զարգացման բարձրագույն ձեւը անկախ պետականությունն է։

Ցավոք սրտի, այսօրվա ազգերից շատերին չէ, որ տրվել է անկախության բաղձալի հնարավորությունը. շուրջ 20 ազգերից մեկին։ Մարդկային հանրությունն այսօր ավելի եռանդուն պայքարում է կենդանիների՝ փոկերի, կետերի, սպիտակ արջերի, քան՝ ազգերի պահպանության համար, ստորադասելով նրանց ինքնադրսեւորման, ինքնորոշման մարդկային իրավունքները։ Քաղաքական լուծումներում պետությունների տարածքային ամբողջատիրական շահերին գերապատվություն է տրվում բնակիչների մարդկային շահերի հանդեպ։

Աշխարհի ազգերից անկախ պետականություն ունեցող մոտ 200 բախտավորների մեջ մտնում է նաեւ հայ ազգը։ Անկախության գաղափարը մեր ազգի մոտ եղել է կազմավորման հիմքում։ Հիշենք, մեր նախահայր Հայկի օրոք հայերը համախմբվեցին հենց անկախության գաղափարի շուրջ։ Չար բախտի տնօրինմամբ, առնվազն 4500 տարի շարունակ հստակ եւ ինքնուրույն դիմագիծը պահպանած, մեկուկես հազարամյակ գիր ու պատմագրություն, բոլոր ժամանակներում տասնյակ պետականություններ ստեղծած եւ ծաղկեցրած մեր ազգը այսօր աշխարհում 30 հազար քառ. կմ ազգային տարածքի է արժանացել, ընդամենը։ Բայց այն անկախ եւ ինքնիշխան պետություն է, որ փայփայվում է ամբողջ աշխարհում հայրենիքում բնակվողների թիվը եռակի գերազանցող քանակով սփռված իր բոլոր հայրենակիցների կողմից։

Դժվար եւ հակասական անկախություն

Թեպետ մենք պետականության ճանապարհին ունեցել ենք ավելի շատ զոհեր, քան որեւէ ուրիշ ազգ, բայց ճշմարտությունն այն է, որ 20-րդ դարում երկու անգամ էլ անկախությունը ստացանք «վերեւից», կայսրությունների փլուզման շնորհիվ։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն անկախություն ձեռք բերեց ելակետային պետություններից ամենադժվար իրավիճակում։ Միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը, արբեցած գերտերության քայքայման հրաշալի առիթից, պատմական նոր անկախացումների շքերթում մոռացան ազգերի ինքնորոշման տարրական մարդասիրական սկզբունքները, եւ նոր աշխարհակարգում հապշտապ դակեցին ԽՍՀՄ-ի օրոք ձեւավորված անարդար, ապօրինի ադմինիստրատիվ բաժանումները՝ արդեն որպես մենիշխան սահմաններ։ Հայոց պետականության եւ ազգի միասնականության դեմ հարցում պահպանվեցին դեռ անցյալ դարասկզբից դրված ականները՝ տարածքի սեղմվածություն, անհարմար աշխարհաքաղաքական միջավայրը, ագրեսիվ շրջապատը, կոմունիկացիաների ծայրահեղ սահմանափակվածությունը։

Մեր անկախ հանրապետության երեք վարչակարգերի օրոք անկախությունն ունեցավ իր բնորոշ զարգացումները։

Առաջին վարչակարգի վրա ընկան անկախության բոլոր մարտահրավերները։ Այն համառ փնտրումների շրջան էր՝ ընդհուպ մինչեւ իր վերջին օրերը։ Նրանք սկզբում ուղղափառ անկախականներ չէին եւ կազմավորվել էին Ղարաբաղի՝ իր մայր ժողովրդին միանալու խնդրի շուրջ։ Սակայն այս երիտասարդ ուժը կարողացավ կողմնորոշվել անկախության հարցում, եւ հայտնի է, որ նրա առաջնորդն առաջինը հրապարակավ հայտարարեց Խորհրդային Միության մահվան մասին։

Ժողովուրդը, որ քվեարկել էր անկախության օգտին, առաջին տարիներին կարողացավ հերոսաբար տանել աննախադեպ զրկանքները` որոշակի ձեռքբերումների հասնելով եւ մեծ քայլ կատարելով պետական անկախության կայացման ուղղությամբ։ Դրանից հետո, երբ եկավ գնահատականի ժամանակը, սկիզբ առան աճող տրտունջները։

«Մեր հաղթանակի անունը դրինք
Խավարի ցուրտ ու մութ տարիներ»։

(Արմեն Շեկոյան)

Մոտեցումներն այլ էին Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչակարգի 10 տարիներին։ Կարո՞ղ ենք նշել՝ անկախության առումով ինչ ձեռքբերումներ ունեցանք։ Անշուշտ, այս շրջանում շեշտադրումը կատարվում էր տնտեսական առաջընթացի եւ կայունության հաստատման վրա, ինչը իսկապես հաջողվեց ապահովել, հակառակ մինչ այդ հայտնվող շեշտված մտավախություններին։ Իսկ տնտեսական զարգացումը պետական անկախության ամենակարեւոր գործոնների շարքին է դասվում։

Արցախի հարցում Ռոբերտ Քոչարյանը հետեւում էր հայտնի սառեցման ռազմավարությանը։ Դա, կարծում եմ, կարելի է համարել անկախության ամրագրման կարեւոր տարբերակ։ Չմոռանանք նաեւ, որ Ղարաբաղյան կարգավորման «Մադրիդյան» սկզբունքների ձեւավորման սկիզբը նույնպես վերաբերում է այս շրջանին։

Անկախության մարտահրավերները

Հայաստանի երրորդ վարչակարգի կոչումն էր՝ ամրապնդել ժառանգականությունը երկրի քաղաքական, տնտեսական եւ բոլոր մյուս զարգացումների համակարգում։ Նախագահ Սերժ Սարգսյանը պետության կազմավորման եւ անկախության առաջին օրերից միշտ առանցքային դերակատարություն է ունեցել պետության կառավարման ասպարեզում, ուստի իշխանության ժառանգումը նրա կողմից ամբողջովին տեղավորվում էր քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ։ 2008-ի իշխանափոխությունը կանխատեսելի անցում էր մեր անկախության պատմության մեջ։ «Խրուշչովյան 20-րդ համագումարի» հատկանիշներ այստեղ չեղան։ Թերեւս, միակ սեւեռումն այն էր, որ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց իշխանության որեւէ բաժանում։ Ըստ էության, սա պայմանավորված է սեփական մտահղացումները անկախ եւ անխոչընդոտ իրագործելու ձգտումով։ Իսկ որ անելիքներն այստեղ շատ էին, շատ անգամ՝ նախկինից ժառանգված, կարծրացված, ուշացված, ապացուցեցին առաջին իսկ տարիները։

Այսօր առավել հաճախ մտավախություններ են հայտնվում երկրի քաղաքականության՝ դեպի ռուսամետություն շեղվելու վերաբերյալ։ Կողմնորոշումների նման տեղաշարժերը կարելի է բացատրել աշխարհաքաղաքական հարատեւ զարգացումների ընթացքով։ Սակայն, եթե փորձենք, այնուամենայնիվ, անձնավորել, կարելի է դիտարկել, որ մեր լիդերներից արեւմտամետը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ռուսամետը՝ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը կանգնած է այս երկու կողմնորոշումների միջեւ։ Այսօրվա դրությամբ դա օպտիմալ եւ հավասարակշռված դիրքորոշումն է, եւ այն դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից։ Աշխարհաքաղաքական դասավորությունների հիշատակված փոփոխություններով այսօր Արեւմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա որոշ նվազում է արձանագրում, այդ պատճառով նույնիսկ արեւմտամետ ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատեց, որ այսօր Հայաստանում կարեւորագույնը ռուսական գործոնի ազդեցությունն է։

Երրորդ վարչակարգի հաստատման օրից շատ քիչ անց տեղի ունեցան այնպիսի գլոբալ իրադարձություններ եւ քաղաքական վերադասավորումներ, որոնց պայմաններում բոլորովին անհնար է 3 միլիոնանոց ժողովրդի զարգացումները պայմանավորել միայն սեփական անկախ քաղաքականությամբ։ Առաջինը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր։ Երկրորդը՝ Կովկասյան տարածաշրջանում խոշոր քաղաքական տեղաշարժերը։ Նախորդ շրջանի սառեցման եւ հայտարարված կոմպլեմենտարիզմին (հարմարվողականությանը) փոխարինելու եկավ Սերժ Սարգսյանի ինտենսիվ, այսպես կոչված` նախաձեռնողական քաղաքականությունը, որը բարձրացրեց Հայաստանի դերը տարածաշրջանում։ Հայաստանը դարձավ միջազգային ուշադրության կարեւոր օղակ։ Ադրբեջանական կողմը՝ զգալով, որ կարող է քաղաքական կորուստներ ունենալ, ընկավ հիստերիայի մեջ։ Կարծում ենք՝ թուրքական կողմը չէր հաշվարկել ադրբեջանական այդպիսի սուր արձագանքն այս քայլին, որն ընդունակ էր ընդհուպ խաթարել Թուրքիայի ներքին կայունությունը` ստիպելով նրան նահանջել։ Այսօր ակնհայտ է, որ դա հասկացվեց միջազգային հանրության կողմից, եւ Ադրբեջանն արդեն պատասխան է տալիս՝ առայժմ ռազմաշունչ լեքսիկոնի խիստ սահմանափակման պահանջների տեսքով։ Դրանք միայն պահանջներ չեն, ակնհայտորեն, նրա ձեռքերն այս ուղղությամբ կապվում են։ Մենք սպասում ենք, որ դա իր արտահայտությունը կգտնի նաեւ Ղարաբաղի խնդրում։ Այս գործընթացում Հայաստանին հաջողվեց առավել հստակ դիվանագիտական դիմագիծ ներկայացնել։ Համենայն դեպս, ՀՀ գործող նախագահի հայտարարությունները այս հարցում առավել կտրուկ, հստակ եւ միանշանակ են անկախության ողջ 20 տարիների կտրվածքով։

Հայաստանի անկախության առումով այսօր ամենաշատը հոլովվում է Ռուսական ռազմահենակետի գործունեության ժամկետի երկարացման հարցը։ Կարծում ենք, դա երկար չի տեւի, որովհետեւ դրանում հետեւողական տրամաբանություն չկա։ Ռուսական ռազմաբազաների տեղավորման պայմանները (այդ թվում` ֆինանսավորում եւ այլն) մշակվել եւ հաստատվել են 90-ականների կեսին, դեռեւս առաջին վարչակարգի օրոք։ Եթե այստեղ մոտեցումների փոփոխություն է կատարվել, ապա միայն Հայաստանի շահերը առավել կոնկրետ ընդգրկելու առումով։ Ինչ վերաբերում է օտար զինուժի առկայությանը, դեռ Իսրայել Օրին պատրաստ էր ցանկացած քրիստոնեական զորաբանակ (սկզբում՝ եվրոպական, ապա՝ ռուսական) բերել Հայաստան՝ հանուն նրա անկախության։ Այնպես որ, այսօր դաշնակից զորքերի առկայությունը մեր ազգային տարածքում՝ ինքնիշխանության զիջում համարելը վտանգավոր դեմագոգիա է։ Մի ժամանակ մենք «հանուն ազգային անկախության» ռելսերի վրա պառկում էինք՝ «Նաիրիտը», ատոմակայանը կանգնեցնելու համար՝ տեսանք դրանց արդյունքը ժողովրդի եւ պետության համար (զարմանալի է, որ դրա հեղինակները մարսեցին եւ դեռ երես ունեն այսօր ժողովրդի առջեւ կանգնելու)։

Հայաստանում Ռուսաստանի ամրապնդվելով՝ խիստ ավելանում են նրա շահագրգռությունները մեր երկրում։ Եվ, բնականաբար, Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանին դավաճանելու դեպքում իրենք ինքնաբերաբար կքշվեն Կովկասյան լեռներից այն կողմ։ Ոչ մի ուրիշ շահ սա չի կարող փոխհատուցել։ Այսօր այն պահն է, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական շահերը առավելագույնս համընկնում են։ Եվ աշխարհն էլ է դրան ըմբռնումով մոտենում։ Արեւմուտքի մեղքն է, որ Սան Ստեֆանոյում, Բեռլինում, Սեւրում, Թեհրանում թողեց Արեւմտյան Հայաստանի հարցը կործանվի, եւ այսօր տարածաշրջանում ստիպված է համագործակցել Թուրքիայի նման դժվար երկրի հետ։

Ռուս-հայկական համագործակցությունը պարտադրված համագործակցություն է, այսօր այն այլընտրանք չունի։

Երկրի անկախության հիմնական չափանիշները երկուսն են՝ քաղաքական անկախություն եւ տնտեսական անկախություն։ Այստեղ մեծ պատասխանատվություն է ընկնում համապատասխան պետական համակարգերի վրա։ Դժվար է ասել՝ այս կազմով մեր ավանդական դիվանագիտական կորպուսը ի վիճակի՞ է կրել ճակատագրական պահերի ծանրաբեռնվածությունը։ Մենք ունենք փորձված քաղաքական գործիչներ, որոնց այս նպատակով չօգտագործելը (զոհաբերելով այլոց «տուրիստական» շահագրգռություններին) լուրջ կորուստ է երկրի համար։

Առաջիկայում շատ մեծ պատասխանատվություն է կենտրոնանալու կառավարության տնտեսական հատվածի վրա։ Չենք վիճարկում մեր արհեստավարժ եւ ինտելիգենտ վարչապետի անձի քաղաքական նպատակահարմարությունը գործող իշխանական համակարգում (ցավոք սրտի, այդ հատկանիշները առայժմ հազվադեպ են մեր ընտրախավում)։ Ուղղակի գործառույթներում այսօր կա՞ տնտեսական զարգացման վստահելի հայեցակարգ։ Ժամանակն իր ստրատեգիական պահանջներն է ներկայացնում, որոնք անմիջականորեն պետք է կապված լինեն կյանքի հետ։ Չինաստանը, Թուրքիան ազատ տնտեսական գոտիներով կարողանում են տնտեսական զարգացման աննախադեպ արդյունքների հասնել, փորձում է Ռուսաստանը՝ դա ամենաժամանակակից ճանապարհն է։ Կարո՞ղ ենք մենք այդպիսի համարձակություն թույլ տալ՝ դեռեւս նախկին երկու վարչակարգերից եկող մեր այս մաքսային անհեռատես պրեսինգի եւ անուղղակի հարկերի գերակայության, կառավարվող եւ մենաշնորհյալ շուկայի, օլիգարխիկ տնտեսության պայմաններում։ Ինչո՞վ բացատրենք, որ հարեւան Վրաստանում մեքենաներն արդեն երկու անգամ ավելի էժան են, քան մեզ մոտ։ Ընդ որում, դրանք առարկայական գործոններով քիչ են պայմանավորվում։ Մեր երեք վարչակարգերի ժամանակ էլ գոյություն ունեցող այս երեւույթները` օլիգարխների անպատժելիությունը, մեքենայությունները, կոռուպցիան, տնտեսական կամայականությունները անկախության ամենաիրական թշնամիներն են։ Որպես կանոն` մրցակցության ճնշումը գործարարների գիտակցականությունն ու երեւակայությունն ավելի է բթացնում։ Չի կարելի միայն սպասել, որ արտաքին քաղաքական ծանր խնդիրները լուծվեն, նոր անցնենք տնտեսականին։ Այստեղ պետք է հիշենք, իհարկե, որ ընդամենը երկու տարի է, ինչ իրագործվում է բարեփոխումների երկրորդ շրջանը։

Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել

Պատմական զարգացմանը զուգընթաց, մեր երեք վարչակարգերն էլ, յուրաքանչյուրն՝ իր չափով եւ տրամաբանությամբ, ամրացրել են երկիրը։ Ոմանք անկախությունը պատկերացնում են բառացի եւ պարզունակ՝ փակված սեփական սահմանների մեջ, կամ ոչ մեկից կախում չունենալով։ Իրականում ճիշտ հակառակն է։ Հայտնի ճշմարտություն է՝ որքան շատ են կապերը, որքան շատ է երկիրը «կախված» տարբեր ու տարատեսակ հարաբերություններով ու կապերով՝ շրջապատի, ողջ աշխարհի հետ, այնքան անկախ է այն։ Դրանից չպետք է վախենալ։

Այսօրվա Հայաստանը հնարավոր չէ համեմատել 20 տարի առաջվա նոր ձեւավորվող պետության հետ։ Ճակատագիրը դեռեւս վերջնական որոշակիություն չի մտցրել շատ կարեւոր խնդիրներում։ Սակայն համաձայնենք, գոնե այս հոբելյանական օրը, որ այս երկու տասնամյակի, բոլոր իմաստներով՝ աննախադեպ փորձը մեր կյանքի էական բաղադրիչն է դարձել, պարտադրելով մեզ պահպանել լավատեսության հիմնական գիծը՝ ազգային զարգացման եւ անկախության մեր վճռականությունը գնահատելիս։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ