Թուրքիայի իշխանությունները Վանը ներկայացնում են որպես ազատ, խաղաղ, եղբայրական քաղաք: Վան այցելած յուրաքանչյուր մարդու օդակայանում գրքույկներ ու տարբեր գովազդային ուղեցույցներ են բաժանում, որտեղ ասվում է. «Վանը մարդկության կենտրոն դառնալու թեկնածու է»: Եվ հենց հաջորդ իսկ տողերում ասվում է, որ Վանը ուրարտացիների` այսօրվա քրդերի նախնիների կողմից կառուցված վայրերից է: Շատ պիտի ջանաս, որպեսզի դրանցում գոնե մի քանի հայկական հիշատակում գտնես: Իսկ Աղթամար կղզի այցելելիս ու դեպի Սուրբ Խաչ եկեղեցի բարձրանալիս այցեքարտ-ցուցատախտակի վրա կարդում ես. «Եկեղեցին կառուցվել է 915-921թթ. Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջինի պատվերով»: Եթե Թուրքիայի կառավարության պետպատվերով վերականգնված եկեղեցու տախտակին անգամ չի նշվում Վանի բնիկների` հայերի ու Գագիկ Առաջին թագավորի հայ լինելու մասին, ապա պատկերացրեք, թե ինչպիսի հեշտությամբ են Վանից անհետանում անցյալի հետքերը: Հայկական սիմվոլների ու պատմության այնպիսի անթաքույց վերաբաշխում է տեղի ունենում, որ ցանկացած զբոսաշրջիկի կարող է թվալ, թե հայերն այստեղ չեն էլ եղել: Ինչպես չի եղել Վանի թագավորությունը… Անգամ Վանա կատուն են իրենք բուծել, ու նախշազարդ գորգերն էլ քրդերն են գործել: Եվ որպես էկոլոգիապես մաքուր ու օգտակար սննդամթերքի նմուշ ներկայացվող «Արտոս» մեղրը իր մեջ ներառել է քրդական սարի ու ծաղիկների հոտը…
Վանն իր այսօրվա տեսքով` գորշ ճարտարապետությամբ ու փնթի կենցաղով, շատ նման է հետխորհրդային գավառական քաղաքներին: Տարիների ընթացքում ջանասիրաբար ջնջվել ու քանդվել են պատմական հետքերը, եւ արդյունքում մնացել է անդեմությունը: Լրագրողական մեր խումբը Վանում հնադարյան ժանյակաձեւ երկաթյա պարսպի մի բեկորի հանդիպեց, որը թեեւ հրաշքով դեռ պահպանվել էր, սակայն շատ շուտով քանդվելու էր, քանի որ այդ տան տեղում բարձրահարկ մի շենք պետք է գոյանա: Հիմնականում քրդերով բնակեցված Վանը լսում է քրդական երաժշտություն, փողոցների վրա փռված մանրածախ առեւտրի կետերից է գնումներ անում ու լցված է մուրացիկ երեխաներով: Ինչպես հայտնի է` Թուրքիայի վարչապետ Էրդողանի տարիների քաղաքականությունն էր` այդ տարածքները բնակեցնել քրդերով: Հայերեն գրված «Բարի գալուստ, հայեր» պաստառները զավեշտալի են թվում: Կամ էլ ճիշտ կլինի ասել` թուրքական իշխանության կողմից հստակ մշակված պրոպագանդայի մի էջ էր, որին ոչինչ չի ստացվում հակադրել: Աղթամարն արդեն «Աքդամար» է դարձել եւ վերծանվում է որպես «սպիտակ երակ»: Թուրքական գրքույկներում փորձում ես գտնել Թամարի առասպելի իրական հետքերը, սակայն հայտնաբերում ես, որ Թամարը սիրել է քուրդ երիտասարդի, եւ այսօրվա` եվրոինտեգրման շղարշի տակ` սիրո լեգենդը մատուցվում է որպես բազմազգ ամուսնությունների քարոզ: Վանի պատմությունը վերջնականապես խեղաթյուրվում է:
Հուշանվերների առաջարկը փաստում էր ազատ շուկայական հարաբերությունների ու հանդուրժողական մոտեցման մասին: Սուրբ Խաչի փոքր մակետները կիսված էին երկու մասի` խաչով ու առանց խաչի: Ընտրիր` որն ուզում ես: Խաչով եկեղեցին, բնականաբար, ավելի թանկ էր: Հուշանվերների վաճառողներից մեկը նկատեց, որ խաչի տեղադրումը լավ կանդրադառնար իր բիզնեսի վրա, քանի որ հայերը միայն խաչով եկեղեցի են գնում: Ոսկով, արծաթով կամ էլ պարզապես բյուրեղներով զարդարված Սուրբ Խաչ եկեղեցու կրկնօրինակների կողքին տարբեր չափերի Վանա կատուներն ու Վանա տառեխներն էին դրված: Հուշանվերների բիզնեսը հաջող չէր, քանի որ զբոսաշրջիկները սպասվածից շատ ավելի քիչ էին:
Աղթամար կղզու այցելուների շարքում մեծ տոկոս էին կազմում լրագրողները: Տարբեր պետությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչները նաեւ միմյանցից էին հարցազրույցներ վերցնում ու մեկնաբանություններ ստանում: Եթե կղզուց հեռացնեին լրագրողներին ու ոստիկաններին, ապա կղզին կիսով չափ կդատարկվեր:
Սեպտեմբերի 19-ին, պատարագի մատուցման օրը, հիասքանչ Վանա լճի զմրուխտի միջով զբոսաշրջիկներին դեպի Աղթամար կղզի էին տանում նավերը, պատրաստ կանգնած էին շտապօգնության մեքենաներն ու հուշանվեր վաճառողները:
Եկեղեցու մուտքի առջեւ, պատվանդանի վրա տեղադրված խաչը պատրաստվել է Աշտարակում եւ պատարագից մի քանի օր առաջ բերվել Աղթամար կղզի: Խաչի հեղինակ Ջոնիկ Նիկոլյանն անձամբ էր ուղեկցել իր պատրաստած խաչը` ցանկանալով մասնակցել խաչի տեղադրման պրոցեսին: Նա նշեց, որ խաչն իրականում ոչ թե 200 կգ (ինչպես այս օրերին տեղեկացնում էին տարբեր լրատվամիջոցները), այլ 80 կգ քաշ ունի եւ հենց գմբեթին տեղադրելու համար է նախատեսված: Սակայն Պոլսո պատրիարքարանը որոշել էր չսրել խաչի չլինելու փաստը եւ նկատել միայն դրականը` պատարագ մատուցելու թույլտվությունը:
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատարագի ժամանակ եղբայրության ու խաղաղության կոչ հղեց համայն աշխարհին ու երախտագիտություն հայտնեց Թուրքիայի կառավարությանը` պատարագ մատուցելու՝ ընձեռած հնարավորության համար:
Վանա ծովն այնքան պարզ ու մաքուր է, որ թվում է՝ կարող ես հատակի ամեն մի քարը հաշվել: Լիճը ծանրաբեռնված չէ ավելորդ կառույցներով, իսկ ափամերձ տարածքները սեփականաշնորհված ու աղտոտված չեն: Սեւանի հետ զուգահեռներ անցկացնելու ցանկություն է առաջանում:
Աղթամար այցելած հայերի շարքերը հիմնականում համալրված էին պոլսահայերով, որոնք նաեւ Սուրբ Խաչի պատերի տակ բարձրաձայն աղոթեցին: Ամերիկայից ու Եվրոպայից ժամանած սփյուռքահայերը Վանից մի քանի քար ու մի շիշ ջուր էին տանում՝ որպես նախնյաց հողի հիշատակի բեկոր: Հուզմունքը շատ էր: «Եկան, լացեցին, գնացին»,- թուրքահայ լրագրող Արիս Նալչին վերջերս այսպիսի վերնագրով հոդված էր գրել` նկատի ունենալով այն, որ միշտ դրախտավայր Հայաստանի դիմանկարը սրտում պահած հայերը սովոր են ավելի շատ վերհիշել, ոչ թե կառուցել:
Վան-Երեւան