Ինտերնետում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «17.09.2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում: Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ՝ սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Սասուն Միքայելի Գալստյանին 18.09.2010թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր եւ եղբոր հարցաքննությունները: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»: