Սեպտեմբերի 21-ին սկսվել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու Յորք: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, ՄԱԿ կենտրոնակայանում Նալբանդյանը մասնակցել եւ ելույթ է ունեցել 2000թ. ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում այդ ուղղությամբ կատարած եւ ձեռնարկվելիք քայլերին ու արձանագրված առաջընթացին: Նա անդրադառնալով նաեւ անվտանգությանն առնչվող հարցերին, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, ասել է. «Ընդունելով, որ անվտանգությունը եւ զարգացումը սերտորեն միահյուսված են, Հազարամյակի Հռչակագրում կառավարությունները հանձն են առնում ջանքեր չխնայել ապահովագրելու ժողովուրդներին պատերազմի արհավիրքներից, ինչպես երկրների ներսում, այնպես էլ պետությունների միջեւ: Այդ առումով սպառազինությունների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղության եւ անվտանգության, այլ նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը: Սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով: Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, նրա ռազմական բյուջեի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանությանը եւ սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը: Մինչ մենք խոսում ենք Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացից եւ կիսում մեր մտահոգությունները դեռեւս չիրականացված նպատակների շուրջ, կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մնացել: ԼՂ ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնը՝ իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության: ԼՂ-ն շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր: Քանի դեռ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի Զարգացման բոլոր նպատակները իրականացվել են, եւ համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն եւ արդարություն»: