Հեռանում է Օբամայից

23/09/2010

ԱՄՆ-ում նոր կադրային փոփոխություններ են տեղի ունենում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսության գծով խորհրդական Լարրի Սամերսը մինչեւ այս տարվա վերջ կհեռանա պաշտոնից: Սամերսը Օբամայի աշխատակազմի տնտեսական բլոկի արդեն երրորդ պաշտոնյան է, ով վերջին 4 ամսվա ընթացքում ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Տնտեսական խորհուրդը ղեկավարող Սամերսը համարվում է Օբամայի տնտեսական քաղաքականության «գլխավոր ճարտարապետը»: Իր հեռանալու մասին որոշումը նա չի բացատրել, հայտարարելով միայն, որ մտադիր է վերադառնալ Հարվարդի համալսարան, որտեղ, բացի դասավանդումը, պատրաստվում է նաեւ տնտեսության վերաբերյալ ֆունդամենտալ աշխատություն գրել: Բարաք Օբաման, մեկնաբանելով Սամերսի պաշտոնից հեռանալու որոշումը, հայտնել է, որ նա համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի տնտեսության գծով խորհրդականների խմբի անդամ: Իսկ թե ով կգլխավորի այդ խորհուրդը, դեռ հայտնի չէ: