Կիրակոսյանը` Ժնեւում

23/09/2010

ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված «Եվրոպական անվտանգության երկխոսություն, անվտանգության սպառնալիքների հանդեպ ԵԱՀԿ կարողությունների ամրապնդում» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 17-18-ը Ժնեւում է գտնվել ՀՀ փոխարգործնախարար Արման Կիրակոսյանը: Համաժողովին մասնակցել են Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Հունգարիայի դեսպանները, եվրոպական հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում առանձին նիստ է գումարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ, որի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ինչպես նաեւ՝ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին քաղաքական վարչության պետ Քրիստիան Մովլին: Ծավալված քննարկումներին ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքը, ինչպես նաեւ՝ բանակցային գործընթացի ներկա դժվարություններն ու հեռանկարները: Քննարկման մասնակիցները կարեւորել են Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը եւ երկարամյա համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձառությունը՝ որպես հակամարտության կարգավորման բացառիկ գրավական: Ժնեւ իր այցելության շրջանակներում փոխարտգործնախարար Կիրակոսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Թաիլանդի դեսպան Փ. Սիհասակի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ: ՄԻԽ նախագահի հետ պարոն Կիրակոսյանը քննարկել է ներկայումս ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 15-րդ նստաշրջանի` սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգում ներառված Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման ամփոփող փաստաթղթի քննարկմանն առնչվող հարցեր: ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակում քննարկվել են Հայաստանում դոնորների կոնֆերանսի կազմակերպմանը հանձնակատարի աջակցության, ինչպես նաեւ հանձնակատարի` Հայաստան պաշտոնական այցելություն կատարելու հարցերը:

Սեպտեմբերի 19-ին Արման Կիրակոսյանը Ժնեւի (Տրուանեի) Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պատարագին եւ հանդես եկավ շվեյցարահայ համայնքին ուղղված ուղերձով: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: