Վրեժ են լուծել

23/09/2010

Ազգությամբ հայ, 47-ամյա Սոս Խաչիկյանը, որը մեղադրվում էր Մոսկվայի «Եվրոսետի» աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու մեջ, սպանվել է: Տղամարդու արյունոտ դիակը հայտնաբերել են Մոսկվայի իր բնակարանում: Ըստ ռուսական լրատվամիջոցների, թեեւ սպանության հանգամանքները դեռ բացահայտված չեն, սակայն մեծ է հավանականությունը, որ դրանում ներգրավված են եղել ազգայնական խմբավորումները, որոնք վրեժ են լուծել Խաչիկյանից: Նշենք, որ մայիսին Խաչիկյանը հարձակվել էր երիտասարդ կնոջ վրա` վիճակախաղի պատճառով: Շահելու անհաջող փորձերից հետո նա որոշել է 30 ռուբլի գումար լիցքավորել իր հեռախոսի մեջ: Օպերատորը սկսել է կատարել պատվերը, սակայն Սոս Խաչիկյանը հանկարծ փոխել է մտադրությունը եւ պահանջել է գումարը` հայհոյանքներ տեղալով աղջկա հասցեին: Միջադեպը փորձել է կարգավորել «Եվրոսետի» 26-ամյա աշխատակից Օլեսյա Ա.-ն, որը խնդրել է Խաչիկյանին` դադարեցնել հայհոյանքները եւ իրեն պարկեշտ պահել: Ի պատասխան, Խաչիկյանը հարվածներ է հասցրել հղի կնոջ գլխին, ապա փորին: Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են, որ կինը կորցրել է երեխային: