Խոստովանել է

23/09/2010

54-ամյա գլենդելցի Հակոբ Հովհաննիսյանը, ով նախկինում աշխատել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանում եւ մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու համար, երկուշաբթի օրը դատարանում ընդունել է իր մեղքը: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, գրել է «Glendale News Press» պարբերականը: Հովհաննիսյանը մեղադրվում է արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում՝ մի քանի հանցագործի, կեղծ նամակներ տրամադրելու համար, որոնց միջոցով նրանք խուսափել են վտարումից: Այժմ նա կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման: Ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի հաջորդ տարվա սկզբին: Այդ գործով կա եւս 4 մեղադրյալ, որոնք դեռեւս դատարանի առջեւ չեն կանգնել: Նրանց թվում է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը, մյուս 3-ը նույնպես հայեր են: Ըստ ներկայացված մեղադրանքի` Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի անունից մի քանի տասնյակ կեղծ նամակ է պատրաստվել: Հայտնի է, որ առնվազն 5 նման նամակ վաճառվել է 37 հազարական դոլարով: Ղալումյանը անցած տարվա հուլիսին «Ազատություն» ռ/կ-ի հետ հեռախոսազրույցում հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքը: