2 մլն տարվա լռություն

23/09/2010

«Մարդը սկսել է իմաստավորված եւ կապակցված խոսել միայն 100 հազար տարի առաջ, եւ դա տեղի է ունեցել այժմյան Իսրայելի տարածքում»,- նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական, պալեոլիթի դարաշրջանի մասնագետ, պրոֆեսոր Պոլ Մելլարսը: Նա իր ելույթում բացատրել է, որ նման եզրակացության է հանգել հնագետների կողմից հայտնաբերված աշխատանքի գործիքները ուսումնասիրելու հիման վրա: «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ հենց այդ դարաշրջանում են մարդկության հետ տեղի ունեցել անհնարին փոփոխություններ, երբ հայտնվել է ժամանակակից լեզուն: Դա իր արտացոլումն է գտել նաեւ աշխատանքի գործիքների վրա, որոնք անհամեմատ շատացել են, ինչն էլ վկայում է մտածողության զարգացման մասին»: Մարդկության գոյության սկզբնական շրջանում աշխատանքային գործիքները շատ քիչ են եղել ու պրիմիտիվ կառուցվածք են ունեցել: Ըստ գիտնականի, մարդը ավելի քան 2 միլիոն տարի լուռ է եղել: «Ժամանակակից խոսքն ու լեզուն այնքան էլ հին նվեր չէ, որը տրվել է մարդուն բնությունից»,- ասել է գիտնականը: Նրա խոսքով, հենց ներկայիս Իսրայելի տարածքում բնակվող հնագույն ցեղերին է մարդկությունը պարտական ժամանակակից լեզվի ու խոսքի հայտնաբերման համար: