Նոր կատակերգություն

23/09/2010

Ամերիկահայ երիտասարդ կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանը պատրաստվում է նոր արկածային կատակերգություն նկարահանել, որի գործողությունները կծավալվեն Հայաստանում: Ֆիլմի պայմանական վերնագիրն է՝ «Lost & Found in Armenia»` «Կորսված ու գտնված Հայաստանում»: Ֆիլմի գլխավոր հերոսը ամերիկացի Բիլլն է (դերասան Ջեյմի Քեննեդի), որը որպես տուրիստ՝ մեկնում է Թուրքիա, վտանգավոր ու զավեշտալի արկածների մեջ է խրվում եւ գալով Հայաստան` ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է լրտեսի պիտակ ստանում: Ֆիլմի արկածային սյուժեին միանում է նաեւ սիրային գիծը: Հայկական խուլ գյուղերից մեկում Բիլլը հանդիպում է Անիին (դերասանուհի Անժելա Սարաֆյան), սիրահարվում է եւ նոր արկածների մեջ է սուզվում: Ֆիլմին կմասնակցի նաեւ սկանդալային «Բորատ» ֆիլմի դերասան Քեն Դավիդյանը: Ռոմանտիկ այս կոմեդիան ամերիկացի կինոպրոդյուսեր Վալերի Մըքքեֆրին նախատեսում է ավարտին հասցնել ապագա հանդիսատեսի հանգանակությունների շնորհիվ: «Կորսված ու գտնված Հայաստանում» ֆիլմը կդառնա առաջին ամերիկյան կինոարտադրանքը, որն ամբողջությամբ կնկարահանվի Հայաստանում: