Ախորժակը բացվել է

18/09/2010

«Ժողովուրդների ինքնորոշվելու ցանկությունը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Ստամբուլում ելույթ ունենալով թուրքալեզու երկրների 10-րդ գագաթաժողովում: «Այդ երկու հասկացությունների միջեւ չպետք է հակադրություն ստեղծվի: Միջազգային պրակտիկան եւ միջազգային իրավունքը սատարում է այդ դիրքորոշումը: Հայերը, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանցիները, որոնք կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, պետք է ապրեն միասնական ադրբեջանական պետության շրջանակներում` բարձր ինքնավարության հնարավորություն ընձեռող սկզբունքների հիման վրա»,- ասել է նա: Նաեւ հայտարարել է, թե «ժամանակին Զանգեզուրի տարածաշրջանը` թյուրքական աշխարհի հին եւ անբաժանելի մասը, պոկվեց Ադրբեջանից եւ հանձնվեց ՀՀ-ին, ինչի արդյունքում թյուրքական աշխարհում աշխարհագրական կապը խզվեց»: «Քարտեզին նայելու դեպքում կարելի է տեսնել, որ եթե չկատարվեր այդ պատմական անարդարությունը, այսօր թյուրքական աշխարհը կմնար միասնական տարածք նաեւ աշխարհագրական տեսանկյունից»,- ասել է Ալիեւը: