Տխուր աչքերով երեխաները

16/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Յուրաքանչյուր պետության գնահատականը տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են ապրում ծերերն ու երեխաներն այդ հասարակարգում: Քաղաքակիրթ է համարվում այն պետությունը, որտեղ ծերերն ապահով են, իսկ երեխաներն` ուրախ:

Այսօր Հայաստանում 15 հատուկ դպրոց կա, որտեղ ապրում ու սովորում են միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ։ Նրանց դեմքին նայելիս հասկանում ես, որ մենք դեռ շատ հեռու ենք քաղաքակիրթ կոչվելուց: Հազարավոր երեխաներ այսօր տառապում են միայն այն պատճառով, որ իրենց ծնունդը սոցիալական անհարմարություն է ստեղծել ծնողների համար, որի պատճառով իրենք պետք է հեռու լինեն իրենց ծնողներից եւ ապրեն ու սովորեն գիշերօթիկ դպրոցներում: Այս երեխաներն իրենց ծնողների մասին կարոտով են խոսում: Ամեն շաբաթվա սկզբին անհամբերությամբ սպասում են շաբաթվա ավարտին, որ գոնե երկու օր հարազատների հետ լինեն:

Օֆելյան, Անահիտն ու Գոռը սովորում են Երեւանի Պետրոս Դուրյանի անվան թիվ 10 հատուկ դպրոցում: Անահիտի ծնողներն ամուսնալուծված են: Հայրը մեկնել է Ռուսաստան ու մոռացել ընտանիքի մասին: Մայրն էլ սոցիալական ծանր վիճակից ելնելով՝ դստերը հատուկ դպրոց է ուղարկել: 13-ամյա Գոռի աչքերը խոսում են իր փոխարեն: Գոռը ծնողազուրկ չէ, ունի եւ հայր, եւ մայր, եւ քույր ու եղբայր, բայց երբ գալիս է գիշերը, նա առանձնանում է մի անկյունում ու լալիս է: «Գոռը երկրորդ անգամ է հայտնվում այս դպրոցում,- պատմում է թիվ 10 դպրոցի տնօրեն Մարինե Աղաջանյանը։ -Ժամանակին նա սովորում էր այստեղ, բայց ծնողները, պատճառաբանելով, թե երեխային տեղափոխում են այլ դպրոց, հանեցին այստեղից»: Որոշ ժամանակ անց դաստիարակները պատահաբար տեսնում են Գոռին փողոցում՝ մուրալիս: Այսօր Գոռը նորից հատուկ դպրոցում է: Ըստ դաստիարակների՝ նա շատ խորը երեխա է, լավ հասկանում է, որ մուրալը վատ է, ուրախ է, որ նորից սովորում է, բայց միեւնույն է, երեկոն իջնելուն պես քաշվում է մի անկյուն, որտեղ փորձում է թաքցնել իր արցունքները: Օֆելյային ու նրա փոքրիկ քույրիկին էլ լքել է մայրը, երեխաները շփվում են միայն հոր հետ, իսկ վերջինիս տեսնում են միայն շաբաթ-կիրակի օրերին:

Այս ամենը մենք իմացանք դաստիարակներից, երեխաներն իրենց մասին բոլորովին այլ պատմություններ են հնարել, որոնցով նրանք գուցե փորձում են արդարացնել իրենց ծնողների արարքը, ինչո՞ւ չէ, նաեւ հեշտացնել իրենց կյանքը: Նմանատիպ պատմությունները շատ են, այս դպրոցում` մոտ 160-ը: Առավոտյան ժամը 7.30-ին սկսվում է գիշերօթիկի երեխաների օրը՝ մարմնամարզություն, դասեր, խաղեր, հանգիստ ու նորից սառը մահճակալ, որին այդպես էլ չի մոտենում մայրիկը ու իր քնքուշ ձայնով չի մաղթում բարի գիշեր: Շաբաթ-կիրակի օրերին դպրոցը չի գործում, երեխաները գնում են «տուն»: Պատահում է, որ ծնողները կամ խնամակալները մոռանում են երեխաներին դպրոցից վերցնել։ Այդ դեպքում դայակներն են երեխաներին տանում իրենց տուն: Չի բացառվում, որ նույն երեխայի ծնողը մյուս շաբաթ էլ մոռանա նրան: Ամեն դեպքում երեխաները փողոցում չեն մնում: Ինչ վերաբերում է սննդին, ապա դպրոցի տնօրենի՝ Մ. Աղաջանյանի հավաստմամբ՝ դպրոցի խոհանոցը բավական հարուստ է, քանզի շատ կազմակերպություններ օգնում են: Երեխաների առօրյան չի սահմանափակվում միայն դասերով, կան նաեւ հատուկ խմբակներ, որտեղ երեխաները հետաքրքիր ժամանակ են անցկացնում: «Անցած տարի Արարատյան թեմի երիտասարդական միության անդամները եկան մեզ մոտ եւ իրավագիտության, գոբելենի, նկարչության, պարի խմբակներ կազմակերպեցին, որոնք մինչեւ հիմա էլ գործում են»,- ասում է Մ. Աղաջանյանը:

Միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաների մասին հիմնականում հոգում է պետությունը: Պետությունը յուրաքանչյուր երեխայի համար վճարում է 500-600 դրամ՝ օրական սնունդի, հագուստի եւ այլնի համար: Այն երեխաների համար, ովքեր չեն գիշերում դպրոցներում, պետությունը վճարում է 470 դրամ: Օրական սնունդն այստեղ 4 անգամ է: «Պետության վրա բավական թանկ են նստում այս հատուկ դպրոցները: Չզարմանաք, որ ասեմ` հանրակրթական դպրոցից 10 անգամ ավելի թանկ են»,- ասում է Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության վերահսկման բաժնի հատուկ կրթության մասնագետ Արծվիկ Արշակյանը: Ակնկալվում է, որ հունվարից 500-ի փոխարեն կվճարվի 800 դրամ յուրաքանչյուր երեխայի համար: Ժամանակ առ ժամանակ որոշ գործարարներ նույնպես ֆինանսական աջակցություն են ցուցաբերում հատուկ դպրոցներին, բայց դրա համար գոնե պետք է Նոր տարի լինի:

 Հատուկ դպրոցներն ունեն բուժական անձնակազմ, ուսուցիչներ, դայակներ: Մեկ դրույքի համար դայակներն ու ուսուցիչները ստանում են 45-46 հազար դրամ: Զարմանալի է, բայց Պ. Դուրյանի անվան հատուկ դպրոցը հոգեբան չունի: Մինչդեռ այստեղ գտնվող երեխաների դեմքի արտահայտությունից անգամ կարելի է դատել, որ նրանք խոսելու, հույզերը կիսելու կարիք ունեն: Դպրոցի տնօրենը սա բացատրեց ֆինանսների պակասով:

Ծնողական խնամքից զրկված եւ թաղամասի երեխաների համար նախատեսված դպրոցները Հայաստանի Հանրապետությունում դեռեւս 15-ն են, սակայն կառավարության նոր որոշման համաձայն` 2007-ից այս դպրոցները կվերածվեն խնամքի եւ պաշտպանության կենտրոնների, եւ 15 դպրոցի փոխարեն կգործի 6-7 կենտրոն: «Եթե երեխաներն իրոք որբ են, նրանք ընտիր ձեւով ապրելու են այդ կենտրոններում: Ոչ թե այսօրվա պես` 600 դրամ մի երեխայի համար, այլ օրական 3 դոլար է հատկացվելու մեկ երեխային: Ամեն ինչ լինելու է պետության հաշվին»,- ասում է Արծվիկ Արշակյանը: Երեխաներն այս կենտրոններում ուսուցում չեն ստանալու, դրա համար այցելելու են սովորական հանրակրթական դպրոցներ, ինչը եւս մեկ քայլ է այս երեխաների` հասարակության մեջ ինտեգրման համար: Թե ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ իր կողքին ընդունել այս երեխաներին, ցույց կտա միայն ժամանակը: Իսկ այսօր պարզապես ուզում ենք լավատես լինել ու հուսալ, որ այս կենտրոններում կաշխատեն այնպիսի դաստիարակներ, մանկավարժներ ու հոգեբաներ, ովքեր գոնե ինչ-որ չափով կկարողանան օգնել այս երեխաներին` հաղթահարելու իրենց հոգեկան ապրումները, եւ կփորձեն հաղորդել նրանց այն սերը, որը երեխաներն այդպես էլ չստացան իրենց ծնողներից: