«Ավելի լավ է ցանկացած վատ խաղաղություն, քան ցանկացած պատերազմ: Եթե կան բանակցություններ, նշանակում է, որ կա վերջնական արդյունքների հասնելու հնարավորություն: Հայկական կողմերի դիրքորոշումը, նկատի ունեմ Հայաստանինը եւ ԼՂ-ինը, շատ պարզ է: Այն հիմնված է օրենքի, միջազգային իրավունքի գերակայության վրա: Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է ներառվել 1921-ին՝ Կոմկուսի մարմինների որոշմամբ: ԼՂ-ի ժողովուրդը երբեք համաձայն չի եղել նման որոշման հետ: 1988թ. սկսվել է ղարաբաղյան շարժումը, իսկ հետո, հանրաքվեի անցկացման միջոցով, ԼՂ-ն միակողմանիորեն ինքնորոշվել է»,- ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Նույնիսկ, եթե մինչեւ վերջերս որեւէ մեկը խոսում էր այն մասին, թե ազգերի ինքնորոշման իրավունքը հակասում է մյուս հիմնարար իրավունքին` տարածքային ամբողջականությանը, ապա Հաագայի դատարանի` Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակումը միջազգային իրավունքին չհակասելու մասին որոշումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Հենց դրա համար էլ այս տարի Ալմաթիում կայացած ԵԱՀԿ նիստում հստակ հայտարարվեց, որ երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի, որոնց հիման վրա մենք անցկացնում ենք բանակցությունները, հավասար են: Մենք շատ մեծ հույս ունենք, որ, ի վերջո, կհանգենք վերջնական արդար լուծման: Եթե մենք ելնեինք այն բանից, որ լուծում չկա, մեզ եւ առաջին հերթին` ԼՂՀ ժողովրդի համար շատ դժվար կլիներ ապրել»,- հավելել է Սերժ Սարգսյանը: