Բացահայտել են

18/09/2010

Մի քանի օր առաջ ինտերնետում հայտնված, զինծառայողներին նվաստացնող զարհուրելի տեսանյութի վերաբերյալ ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: «Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում»,- նշված է հաղորդագրությունում, որում այլ մանրամասներ չեն ներկայացվում: Նախօրեին, սակայն, արդեն մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ զինվորների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերող այդ զինվորականը ԼՂ-ի «Եղնիկներ» զորամասի հրամանատարի տեղակալներից է, կոչումով՝ մայոր Սասունը: