Երկարատեւ դադարից հետո, երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրահավաքը, որը, ինչպես անցած մի քանի շաբաթներին, ներկայացնում էին Կոնգրեսի ներկայացուցիչները, պետք է հարուստ լիներ անակնկալներով: Միանգամից նշենք, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում անակնկալ, որպես այդպիսին, չի եղել: Նա նախ՝ հանգամանորեն անդրադարձել է իր նախորդ ելույթից հետո հնչած գնահատականներին, մեջբերումներ է արել այդ ելույթից եւ պարզաբանումներ է ներկայացրել դրանց վերաբերյալ:
Ապա Լ. Տեր-Պետրոսյանը նույնքան հանգամանորեն խոսել է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, արձանագրել, որ Սերժ Սարգսյանն այլեւս զրկվել է մանեւրելու հնարավորությունից, ԱՄՆ-ի աջակցությունից, եւ ենթարկվելով ճակատագրին՝ իր բախտը որոնում է Մոսկվայում ու Անկարայում, ավելի կոնկրետ` ռուս-թուրք-ադրբեջանական գերագույն ատյանում: Ելույթի հատկապես այդ հատվածը մեղմորեն համեմված է եղել դեպի ԱՄՆ-ը ուղղված «բարեկամական սլաքով», եւ կարելի է ենթադրել, որ իր հաջորդ ելույթում
Լ. Տեր-Պետրոսյանը կանդրադառնա իրեն արեւմտամետության մեջ մեղադրող գնահատականներին, ինչպես դա արեց երեկ` նախորդ ելույթից հետո իրեն ուղղված ռուսամետության մասին գնահատականների առնչությամբ: Իրականում, բացի որոշակի նոր ձեւակերպումներից ու վերլուծական մտքերից, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում բովանդակային առումով բեկումնային, արմատական դրույթներ չեն եղել: ՀԱԿ-ը, ինչպես եւ նախկինում, առաջնային նպատակ է համարում իշխանափոխությունը, երկրում ժողովրդավարության հաստատումը եւ այլն: Այն, ինչ հայտնի էր նաեւ մինչեւ երեկվա հանրահավաքը: Իհարկե, ՀԱԿ-ի ներկայացուցիչները, գուցե նաեւ նախապես իմանալով այդ մասին, հայտարարում էին, թե անակնկալները վերաբերելու են գնահատականներին եւ այդ առումով Լ. Տեր-Պետրոսյանն արդարացրել է նրանց կանխատեսումները: Մասնավորապես երեկվա նրա ելույթում «ավազակապետություն» արտահայտությունը մի քանի անգամ ավելի շատ է հնչել, քան նախորդ մի քանի ելույթներում միասին վերցված: Դրանք այն ժամանակներն էին, երբ ՀԱԿ-ն առաջնորդվում էր «Եղիազար Այնթապեցու մոդելով»: Ինչ վերաբերում է իրական, քաղաքական անակնկալին, որի սպասումով ուղեկցվում էր ողջ այս նախահանրահավաքային ընթացքը, ապա շատ հնարավոր է, որ այն իսկապես մտածված եւ մշակված է եղել Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում: Սակայն ՀԱԿ առաջնորդը` տեսնելով երեկվա հանրահավաքի սակավամարդությունը, անակնկալի հրապարակումը հետաձգել է այնքան ժամանակ, քանի դեռ հերթական անգամ ազգովի խնդրանք չի ներկայացվի: Նման խնդրանքով հայտերի ներկայացման ժամկետը հայտնի է` հոկտեմբերի 15-ը, երբ կայանալու է ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը` նվիրված Հայաստանի իրականության ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին` կոռուպցիային: