Ոչ ոք չի հավատում

18/09/2010

«Հայաստանում շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր հավատում են հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, եւ անգամ նախագահ Սերժ Սարգսյանը չի հավատում դրան»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: «Իհարկե, յուրաքանչյուր երկրի նախագահ պետք է ձգտի կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ, բայց ողջ հարցն այն է, թե ինչ գնով»,- ասել է նա` եւս մեկ անգամ պնդելով, թե հայ-թուրքական արձանագրությունները պետք է հանվեն օրակարգից, քանի որ Թուրքիայի «պանթյուրքիստական քաղաքականությունը ձախողում է Հայաստանի բոլոր նախաձեռնությունները»: Ըստ Հ. Կարապետյանի` Թուրքիան եւ Ադրբեջանը համախմբում են իրենց ջանքերը` ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգավորում տալու համար։ «Պաշտոնական Երեւանը պետք է պարտադիր կարգով բարձրացնի այդ հարցը միջազգային հանրության առջեւ»,- ասել է նա` նշելով Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: Դա, ըստ նրա, նոր խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում: «Իսկ ԼՂՀ ճանաչումը պետք է պահվի որպես վերջին քայլ»,- ասել է Հ. Կարապետյանը:

Նույն հարցին անդրադարձել է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա` հայ ժողովուրդը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, դեմ է արձանագրություններին, որոնք հակասում են Հայաստանի շահերին: