Երեկ ԱԺ խումբ-խմբակցությունները փորձել են հերթական անգամ կանխագուշակել, թե քաղաքական ինչպիսի՞ աշուն է սպասվում Հայաստանում: ԱԺ քաղաքական ուժերի դիտարկմամբ, սակայն, ոչ մի թեժացում կամ սրացում չի լինելու:
«Պետք է նշեմ, որ «Ժառանգությունը» թեժ եղանակային պայմաններ երբեւիցե չի կանխատեսել: «Ժառանգությունը» միայն կատարում է այն աշխատանքը, որ ստանձնել է քաղաքացիների առջեւ եւ որը հետեւողականորեն իրականացնում է»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, թե «թեժության» առումով իրենք կանխատեսումներ չեն կարող անել, բայց շարունակելու են հետեւողականորեն կատարել այն աշխատանքը, որի մասին իրենք նախընտրական խոստումներ են տվել: «Այնպես որ` մենք ոչ թե թեժ եղանակ ենք կանխատեսում, այլ մեր աշխատանքն ուղղակի շարունակվում է, եւ ես մի փոքր անհամեստ լինեմ ու ասեմ, որ «Ժառանգությունը» միշտ թեժ է աշխատել»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:
«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ում աշունը հասցրել է բավականաչափ սրել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, քաղաքական թեժություն չի կանխատեսում: ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանի խոսքով էլ` աշնան առաջին ամիսն արդեն կիսվել է, իսկ խորհրդարանում ինքը դեռ թեժություն չի զգացել։ «Ճիշտն ասած, ես, արդեն 20 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, եւ ինչքան հիշում եմ, ամեն աշունից առաջ ասում են, որ թեժ աշուն է սպասվում: Չգիտեմ` ինչու են աշնանն ասում՝ թեժ, կարելի է նույն ձեւով ասել՝ թեժ ձմեռ, թեժ գարուն կամ ամառ: Դե, ամառը հասկանալի է մի քիչ, արձակուրդի շրջան է, բոլորն ուզում են հանգստանալ, նույնիսկ ընդդիմությունն է ուզում հանգստանալ»,- ասել է Կարապետյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, թե քաղաքական աշունն այնպիսին է, ինչպիսին բոլոր աշունները, եւ ինքն արտառոց որեւէ քաղաքական թեժություն չի ակնկալում: «Կարծում եմ, որ պրոցեսները կզարգանան իրենց բնականոն հունով»,- ասել է նա: Իսկ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ՝ «որպես քաղաքագետ», նշել է, թե իր անձնական դիտարկումներով՝ ոչ մի պատճառ չկա ակնկալելու, որ այս քաղաքական աշունը արտակարգ աշխույժ կլինի այն իմաստով, որ քաղաքական առճակատումների պատճառ կդառնա: «Ընտրությունները տեղի են ունենալու 2012թ. գարնանը, կարծում եմ, դրանից շուտ վաղաժամ ընտրությունների մասին մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերի դիրքորոշումները ձեզ միանգամայն հայտնի են: Ես թեժացումների չեմ սպասում: Կարծում եմ, որ նախընտրական քարոզչությունն ու աշխուժությունը կարելի է սպասել միայն 2011թ. երկրորդ կեսին: Այնպես որ` հիմա գործընթացներն ընթանում են իրենց սովորական հունով»,- ասել է «քաղաքագետ» Սաֆարյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ասելով էլ` այս տարվա ամառը` քաղաքական իմաստով, ավելի թեժ էր, քան կարելի է սպասել աշնանային գործընթացներից. «Պարզապես, աշնան հետ են միշտ քաղաքական կյանքը կապում, որովհետեւ աշնանն ընդհանրապես հասարակությունն ավելի ակտիվ է լինում: Դա պայմանավորված է ավելի շատ եղանակային փոփոխություններով: Իսկ քաղաքականությունը եղանակով չի բնութագրվում: Նրանք, ովքեր աշխատում են, աշխատում են ամբողջ տարին»: Նրա կարծիքով` մեր քաղաքական կյանքը շատ ներդաշնակ է։ «Ընդհանուր առմամբ` թռիչքներ չեմ նախատեսում, ինչն ավելի լավ է, քանի որ Հայաստանն այսօր ավելի շատ պետք է դրսի խնդիրներով զբաղվի»,- ասել է Գ. Սահակյանը: