«Ժամանակից շուտ է հեռանալու»,- վստահ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը

18/09/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի` երկար սպասված հանրահավաքը, որին մասնակցում էին ՀԱԿ-ի անդամ բոլոր ուժերի ղեկավարները: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ հանրապետության մարզերից եկած քաղաքացիներ, որոնք խոսում էին, թե իրենց հետ եղել են շատերը, ովքեր չեն կարողացել Երեւան հասնել, որովհետեւ չէր աշխատում միջքաղաքային տրանսպորտը: Ինչպես ՀԱԿ-ի բոլոր հանրահավաքների օրերին, այս անգամ էլ իշխանությունների հրահանգով միջքաղաքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները առավոտվանից չէին աշխատում: Այնուամենայնիվ, հանրահավաքը կայացավ, ելույթ ունեցան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ ղեկավարներ Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը եւ ՀԱԿ այլ ներկայացուցիչներ: Ելույթ ունեցավ նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հանրահավաքն այս անգամ էլ ավարտվեց երթով:

Հանրահավաքը վարում էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով իր խոսքում հայտարարեց, թե երկրի վիճակը գնալով վատանում է այնքան, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալներով աղքատ է բնակչության 33 տոկոսը կամ մոտ 1 մլն մարդ: Նա հիշեցրեց, որ Հայաստանի բնակչության մոտ 40 տոկոսը կողմ է արտահայտվել արտագաղթելուն: Նրա խոսքերով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարողությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 55-60 տոկոսը: Ա. Մանուկյանն ասաց նաեւ, որ գործող իշխանությունները վերջին տարիներին աղտոտեցին նաեւ դպրոցները, հանրակրթության վիճակը դարձավ աղետալի: «Այս երկրի ղեկավարները` մորեխները, ապրում են այնպես, կարծես վերջին օրն են ապրում: Ուտում ու լափում են այնպես, կարծես իրենց վերջին օրն է: Իշխանությունների քաղաքականությունը սա է. որքան քիչ խելացի մարդ, այնքան հեշտ է կառավարելը մարդկանց: Ժողովուրդ, մի լքեք այս երկիրը, մի թողեք, որ այս բորենիներն ուտեն մնացածը, Սերժի ջրաղացին ջուր մի լցրեք»,- կոչ արեց Ա.Մանուկյանը:

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հիմնականում անդրադարձավ Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Նրա խոսքերով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն ավելի վատ վիճակում է, քան Ա.Մանուկյանի ներկայացրած` սոցիալ-տնտեսական վիճակը: Նա ասաց, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացները վատից վատթարագույն զարգացումների են անցնում, եւ իշխանություններն արդեն գնում են աննախադեպ զիջումների: Խոսելով Ադրբեջանի կողմից հակահայկական բանաձեւը ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգից հանելու որոշման մասին` նշեց, որ սուտ են իշխանությունների այն հայտարարությունները, թե իրենց ջանքերի շնորհիվ է հետաձգվել դրա քննարկումը: Նրա կարծիքով՝ իրականում այդ հետաձգման համար իշխանությունները գնացել են մեծ զիջումների: «Առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի անվան հետ միասին օգտագործեցին նաեւ Խանքենդի անվանումը: Սա, իմ կարծիքով, լուրջ զիջում է, որն արել է ՀՀ իշխանությունը: Երկրորդ զիջումն այն է, որ միջազգային դիտորդական առաքելությանը հնարավորություն է տրվում այցելել ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: ՀԱԿ-ն առաջարկում է, որ այդ տարածքներ այցելելուն զուգահեռ՝ այց կազմակերպվի նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ: Ադրբեջանը շարունակում է իշխել եւ նորանոր զիջումներ կորզել: Հայաստանի իշխանություններն ունեն մի խնդիր` ինչ անեն, որ նոր զիջումների գնան, միայն թե մեկ օր ավելի պահպանեն իրենց իշխանությունը: Հայ-թուրքական հարաբերություններում սխալվեցին: Ասացինք` մի խմեք այդ ջուրը, գառնուկ կդառնաք: Նրանք խմեցին ու սխալվեցին: Նույն սխալները կրկնում են ԼՂՀ հարցում»,- ասաց Դ.Շահնազարյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա.Սարգսյանն անդրադարձավ «Youtube» կայքում տեղադրված` սպաների կողմից զինվորների խոշտանգումը պատկերող հայտնի տեսահոլովակին եւ ասաց. «Կադրերն, իհարկե, նողկալի են, եւ դժվար է այդ կենդանուն մարդ անվանել կամ ընդունել, որ այդ տեսակն էլ կա: Մարդկային այդ տեսակին մենք հանդիպել ենք 2004թ. ապրիլի 12-ին, ինչպես նաեւ 2009թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ»: Ա.Սարգսյանն անդրադարձավ նաեւ իր ղեկավարած կուսակցությանն ու ՀԱԿ-ին` նշելով, թե հեռու է այն մտքից, որ ՀԱԿ-ը թերություններ չունի: Բայց այն կարողանում է միավորել 18 կուսակցությունների եւ լուրջ այլընտրանք դառնալ իրավիճակի փոփոխության համար: Ա.Սարգսյանը շեշտեց, թե իշխանությունը, կորցնելով վերարտադրվելու ակնկալիքները, հույսը դրել է Ռուսաստանի վրա, որը կպաշտպանի իրեն ու կօգնի պահել իշխանությունը: Եվ, նրա համոզմամբ, կասկածելի ընտրությունների արդյունքում իշխանության եկած մարդը ՌԴ-ի հետ 49 տարվա պայմանագիր կնքելու իրավունք չուներ: Ա. Սարգսյանի կարծիքով, դա խոսում է անվստահության, սեփական երկիրը սեփական ուժերով պաշտպանել չկարողանալու եւ վախի մասին: «Սրանք համաձայն են մինչեւ 2044թ. Հայաստանի շահերը համաձայնեցնել եւ որոշ դեպքերում ստորադասել: Ես համաձայն եմ աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում` ՌԴ-ի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններին, բայց դրա համար պետք է նախ ժողովրդավարական պետություն կառուցենք»,- ասաց Ա.Սարգսյանը:

ՀԺԿ ղեկավար Ս.Դեմիրճյանն էլ հայտարարեց, թե ՀՀ-ում չկա արդարություն, չկա աշխատանք: Մի խումբ անկուշտ մարդիկ խաղում են ժողովրդի ճակատագրի հետ: Նրա համոզմամբ՝ մեր երկրին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, եւ այդ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ: «Ընտրությունների անցկացումը մեզ համար ինքնանպատակ չէ, պարզապես մենք ուզում ենք վերջ տալ ընտրությունները կեղծելու ավանդույթին: Կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները կարելի է չեզոքացնել միայն արդար ընտրություններով: Կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները հնարավոր չէ վերացնել երկխոսության մասին անընդհատ խոսելով, ինչպես նաեւ՝ նոր մարմիններ ստեղծելով, ինչպիսին Հանրային խորհուրդն է»,- հայտարարեց Ս.Դեմիրճյանը:

Վերջում, ինչպես միշտ, ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բազում այլ հարցերի անդրադառնալուց բացի, նա վստահություն հայտնեց, որ գործող իշխանությունները հեռանալու են ժամանակից շուտ: «Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ հեռանալու է իշխանությունից: Այդ բանը նա կարող է անել կա՛մ ժողովրդի հետ վերջնականապես թշնամացած, կա՛մ էլ քիչ թե շատ հաշտված վիճակում: Թե՛ իր, թե՛ ժողովրդի համար, անշուշտ, նախընտրելի է երկրորդ տարբերակը: Այլապես մեր երկրի կորուստները, որոնք արդեն իսկ անթիվ են, անշրջելի կարող են դառնալ: Այսօրվանից մեր պայքարը թեւակոխում է մի նոր եւ ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը: Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Իմ ելույթն այդ հանրահավաքում նվիրված կլինի հիմնականում ՀՀ իրականության ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ կոռուպցիային, որն, առանց չափազանցության, պարզապես կործանում է մեր երկիրը, ժողովրդին մատնում անելանելի թշվառության: Հոկտեմբեր ամսին Կոնգրեսը նախատեսել է անցկացնել նաեւ մի շարք այլ զանգվածային միջոցառումներ»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ տեղեկացրեց հետագա գործողությունների մասին. սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանի մոտ տեղի կունենա միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 19-ամյակին: Հոկտեմբերի 1-ին` ԵԽ ԽՎ մոնիտորինգի նիստից 4 օր առաջ կկայանա համաժողովրդական երթ արտահերթ ընտրությունների պահանջով: Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Եվրախորհուրդը Հայաստանում ժողովրդավարությանը նվիրված հավաք է անցկացնելու, եւ այդ օրերին ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրելու: Բայց մինչ այդ հաջորդ հանրահավաքը լինելու է հոկտեմբերի 15-ին: