Խնդիրը լուծված է

18/09/2010

Սեպտեմբերի 16-ին «Արմենիա» միջազգային օդանավակայանը հրաժարվել էր «Արմավիա» ընկերության չվերթերը սպասարկել, ինչի արդյունքում ուղեւորների դժգոհության մեծ ալիք էր բարձրացել: Պատճառ, ինչպես արդեն նշվել է մամուլում` «Արմավիա» ընկերության կողմից կուտակված պարտքերն են եղել: «Արմենիա» միջազգային օդանավակայանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գեւորգ Աբրահամյանը հաստատելով «Արմավիա» ընկերության կողմից կուտակված պարտքերի փաստն՝ ասաց, որ խնդիրն այլեւս հարթված է, եւ չվերթերը պատշաճ սպասարկվում են: «Եղել են բանակցություններ, որի արդյունքում երկու կողմերը եկել են ընդհանուր հայտարարի: Բնականաբար, այդ միջադեպը որեւէ մեկի համար հաճելի չէր, եւ հուսով ենք՝ այլեւս չի կրկնվի: Համենայնդեպս, կարող եմ վստահեցնել, որ խնդիրը հարթված է»,- ասաց Գ. Աբրահամյանը` չմանրամասնելով, թե արդյոք «Արմավիան» մարե՞լ է պարտքերը։ «Ճիշտն ասած` ես բանակցությունների մանրամասներին չեմ տիրապետում, բայց վստահեցնում եմ, որ միջադեպը չի կրկնվի, քանի որ խնդիրը լուծված է»,- ասաց նա։