Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն օգուտ են ոչ միայն Թուրքիային ու Հայաստանին, այլեւ Վրաստանին, Ադրբեջանին եւ ողջ տարածաշրջանին: «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշումն իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է եղել: «Այո՛, թուրքերը ցեղասպանություն են իրականացրել: Այո՛, նրանք խլել են մեր կենսական կարեւոր տարածքը: Այո՛, այդ հանցագործությունից հետո, 100 տարի շարունակ ժխտել ու շարունակում են ժխտել այն, իսկ հանցագործության ժխտումը, գուցե, հանցագործությունից էլ վատ է: Բայց մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկան երկրներ, որոնք միմյանց հետ փոխհարաբերություններում չունենան պատմական խնդիրներ ու չլուծված հարցեր: Այդպիսի մարտահրավերներին քաղաքակիրթ պատասխանը լայնամասշտաբ համագործակցությունն է` առանց նախապայմանների»,- ասել է նա: Ս. Սարգսյանի խոսքով` Երեւանի նախաձեռնությունը թելադրված է եղել սթափ ուղեղով եւ որեւէ կերպ չի հակասել ՀՀ-ի ազգային շահերին: «Թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ցանկությունը ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կամ էլ գնում ենք զիջումների: Թուրքերի կողմից ցեղասպանությունը ճանաչելու համար օգտագործվել են բոլոր ճանապարհները, բացի ոչ կոնֆրոնտացիոն ճանապարհից, երբ կբացատրենք թուրք հասարակությանը այն ժամանակների ողջ ողբերգությունը: Երբ մենք սկսեցինք այս գործընթացը, թուրքական հասարակության մեջ սկսվեցին, գուցե շատերի համար անսպասելի գործընթացներ. Թուրքիայի մեծ քաղաքներում երիտասարդները դուրս էին գալիս փողոց եւ խոսում ցեղասպանությունից,- ասել է Ս. Սարգսյանը,- Ես սխալ էի համարում վիրավորվածի, ճնշվածի կեցվածք ընդունել եւ սպասել, թե երբ թուրքերն իրենք կճանաչեն ցեղասպանությունը, որից հետո միայն վերսկսել մեր հարաբերությունները: Իմ մոտեցումը միանշանակ չընդունվեց հասարակության, հատկապես երկրի սահմաններից դուրս ապրող հայերի շրջանում, եւ դա հասկանալի է: Մեր ժողովուրդը զգացմունքային է, այն տարիներին տուժել է յուրաքանչյուր հայ ընտանիք: Ես հասկանում եմ մարդկանց, որոնք դուրս էին գալիս փողոց, որպեսզի դեմ հանդես գան Թուրքիայի հետ հաշտության քաղաքականությանը: Բայց ես ուրախ եմ, որ, ի վերջո, մեր ժողովուրդը հասկացավ այդ գաղափարը: Հիմա, ես կարծում եմ, շատ քիչ մարդ է մնացել, որոնք կարծում են, որ մենք սխալ էինք: Իհարկե, մեր հարաբերությունները չստացվեցին այս անգամ: Այն բանից հետո, երբ մենք ստորագրեցինք հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, թուրքական կողմը հրաժարվեց դրանք վավերացնել իր խորհրդարանում: Հիմա մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվեն ուժեր ու առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսեւորել»: