Կուսակցությունների ղեկավարների եւ նրանց կուսակից-ենթակաների փոխհարաբերություններին հետեւելիս՝ տպավորություն է, թե միջինասիացի անտաղանդ ռեժիսորի ֆիլմ ես դիտում:
Կուսակցական վերնախավը, որը ներկայացված է ԱԺ-ում եւ կառավարությունում, գիտի, որ կուսակցության առաջնորդի առողջությամբ ու երջանկությամբ է պայմանավորված սեփական բարեկեցությունը: Մրցակիցները շատ են, տեղերը` սահմանափակ, այնպես որ, յուրաքանչյուր կուսակցական իր հավատարմությունն ի ցույց դնելու համար մշտապես կարիք ունի թարմացնելու ռեպերտուարը: Մարդիկ պատրաստ են ամենաանհավանական արարքների: Ընդ որում` այս գործում կարեւորն առաջնորդի տպավորությունն է, նրա գնահատականը, իսկ թե հասարակությունն ինչ տհաճությամբ է հետեւում այդ ռեւերանսներին` առանձնապես նշանակություն չի տրվում:
Հետաքրքիր է, ի՞նչ կպատասխանեն ԲՀԿ ակտիվիստները, եթե նրանց առաջնորդը հետաքրքրվի, թե հատկապես ինչո՞ւ նրանք պատգամավոր Դալլաքյանի հայտնի մեջբերումից հետեւություն արեցին, թե խոսքը հենց Գագիկ Ծառուկյանի մասին է: Ինչո՞ւ ենթադրեցին, թե մեջբերման շարունակությունն ընթերցելիս` Դալլաքյանը նկատի է ունեցել հենց ԲՀԿ պատգամավորներին: Ինչո՞ւ է կուսակցականների ինքնագնահատականն այն աստիճան ցածր, որ Շիրվանզադեի այդ տողերում նրանք տեսան հենց իրենց, եւ ոչ մի դեպքում՝ այլոց: Հատկապես, որ Դալլաքյանը հաջորդ օրը լրագրողներին ասաց, թե նկատի չուներ հենց Գագիկ Ծառուկյանին: Ո՞րն էր այն բառ-բանալին, որը ստիպեց Շիրվանզադեի այս խոսքերը վերագրել կուսակցության առաջնորդին եւ սեփական անձին: «Կարելի՞ է բարեգործ համարել այն մարդուն, ով տալիս է ոչ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակի ստանալու մտքով: …Եվ այսօր տեսնում ենք, որ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջեւ սողունի պես ստորանում են, ոտքերն են լիզում իրենց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ»:
Մյուս խնդիրն այն է, թե ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վստահ, որ հայ դասականներից մեջբերումներ անելու համար ԱԺ-ի ամբիոնն ամենահարմար վայրն է, ինչո՞ւ հնչեցրեց Շիրվանզադեի այս տողերը, եթե որեւէ անուն չէր տալու եւ չէր կոնկրետացնելու ասածը: Գուցե վախեցա՞վ: Մանավանդ, որ ինքն էլ է օգտվել այդ «բարեգործություններից»: Հակառակ դեպքում նույն այս միտքը սեփական բառերով կձեւակերպեր` առանց Շիրվանզադեին հղում անելու: Պարզապես այդ դեպքում ստիպված կլիներ հիմնավորել իր մտահոգությունն, իսկ այսպես ամեն բան բարդվում է գրական ոչ այնքան բարձր ճաշակի վրա:
Սակայն հետաքրքիրը` գրական ընթերցումներին հետեւած ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի` նախադեպը չունեցող հայտարարությունն էր. «Նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»: Նման ոչ լուրջ եւ ոչ ադեկվատ արձագանքից հետո հայտարարության մեջ պակասում է համարժեք հետգրությունը, ուր Բոստանջյանը պիտի ետ պահանջեր նաեւ իր արած նվերները: Պնդումները, թե Բոստանջյանին այս քայլին է դրդել ԲՀԿ առաջնորդը, խիստ անլուրջ են թվում: Նման օրիգինալ քայլով Բոստանջյանը ցանկացել է ոչ թե ցուցադրել նեղացածության աստիճանը, այլ կարծել է, որ հենց ա՛յս քայլն առավել ցույց կտա իր հավատարմությունն առաջնորդին. մի կողմ է դրվում Աստծո առաջ ստանձնած պարտավորվածությունը` հանուն Գագիկ Ծառուկյանի առաջ ստանձնած պարտավորության: Հնչեղ է:
Սակայն կենտրոնանալ միայն ԲՀԿ-ի վրա՝ արդարացի չէ. նույն վիճակում են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունները, թերեւս՝ «Ժառանգությունից» եւ ՀՅԴ-ից բացի:
Օրերս քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն առիթը բաց չթողեց շողոմ խոսքեր ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ կոշտ խոսել ՕԵԿ նախագահի մասին. «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում, իրեն տղամարդավարի է պահում: Ասում է` ես, ի վերջո, կուսակցության նախագահ եմ, թող ժողովուրդն ընտրի. կարող է` մեզ է ձայնը տալիս: Հո այդ առաջին տեղն ապահովագրված չէ՞, բրոնյա արված չէ՞ Հանրապետականի համար»: Այս խոսքերից կարելի է հետեւություն անել, որ Հմայակ Հովհաննիսյանը դեմ չէր լինի հաջորդ գումարման ԱԺ-ում ներկա լինել ԲՀԿ-ի ցուցակով: Այս տեքստում նման ցանկություն խոշորացույցով էլ չես տեսնի, բայց «տղամարդավարի պահել», «ժողովուրդը թող ընտրի» բառակապակցությունները քաղաքական հռետորաբանությամբ նշանակում են` «Ինձ էլ վերցրու ցուցակ»: Սակայն Արթուր Բաղդասարյանի հասցեին նրա գնահատականն անպատասխան չմնաց: Արձագանքեց ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Չփնտրելով կամ չգտնելով հայ դասականների ստեղծագործություններում որեւէ հարմար պարբերություն, որն ի զորու կլիներ ցույց տալ Հմայակ Հովհաննիսյանի մարդկային կերպարը` տիկին Բիշարյանն օգտագործեց իր ստեղծագործական հնարավորությունները. «Բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված եւ ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է: (…) Փաստորեն, այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում` հագուրդ տալով իր ագահ երախին: Որպես քրիստոնյա մարդ՝ խորհուրդ կտամ կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար»: Ընդ որում, տիկին Բիշարյանը վստահ է, որ այս տեքստը գրողը քրիստոնյա է: Չթաքցնենք, մի փոքր վիճելի պնդում է: Սակայն այս ժանրը ենթադրում է շարունակություն, վերջաբան` ձոն առաջնորդին. «Ինչ մնում է Արթուր Բաղդասարյանին, պետք է հպարտորեն ասեմ, որ քաղաքական դաշտում առաջին անգամ Արթուր Բաղդասարյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն, սկզբունքայնություն եւ որոշումներ կայացնող քաղաքական գործիչը»:
Որքան նման են մեր քաղաքական գործիչները միմյանց: Եվ որքան են ձանձրացրել հասարակությանը: Իսկ հասարակության եւ քաղաքական վերնախավի միջեւ «Աստծո օրհնությամբ ստանձնած» պարտավորություններ չկան: Թեեւ, ինչպես տեսնում ենք, անգամ դա պարտավորեցնող չէ:
Հ.Գ. Երեկ արդեն ԱԺ ճեպազրույցում է շարունակվել ՕԵԿ-ի հեռակա բանավեճը Հ. Հովհաննիսյանի հետ: Այս անգամ` Հովհաննես Մարգարյանի միջոցով. «Առիթներ ունեցել եմ բազմաթիվ անգամ Հ. Հովհաննիսյանին որոշ դեպքերում` նույնիսկ իր ներկայությամբ, հրապարակորեն ապացուցելու, որ հայրենի քաղաքական դաշտում իր եւ իր նմանների առաքելությունը եղել եւ մնում է իրականացնել, իր կարծիքով, քաղաքական «ազդեցիկ պապաների» պատվերներն ու նվաստ հանձնարարականները, եւ արդյունքում, վերածվելով քաղաքական օգտագործված հնամաշ գործիքի, հաճախ ցուցադրել իր սուր եւ բութ որակները` վերջնականապես հայտնվելով քաղաքական բոմժի կարգավիճակում: Տո այ Հմայակ, դու ո՞ւր, 13-ամյա
ՕԵԿ-ն ո՞ւր, ոնց որ Մասիս սարը եւ թոփի դարը: Մի հանգամանք եւս, առնվազն տարօրինակ է այն պարագան, որ խեղճ Հմայակը, խոսելով քաղաքականության մեջ կանանց դերի մասին, երբեք չի խուսափում օգտվելու կնոջը բնորոշ միջոցներից, որոնցից այժմ նշեմ մեկը` մազերի գույնի մերթ ընդ մերթ փոփոխությունը: Եվ մեկ հռետորական պնդում: Հիմա ո՛րն է լավը, ուժեղ կնոջ կերպա՞րը, թե՞ կանացի տղամարդու իմիջը: Առայժմ այսքանը»: