Համբարձումյանի անվան մրցանակը հանձնվեց

18/09/2010

2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանվեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը, որն աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է աշխարհի ցանկացած երկրի գիտնականներին՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ՝ Վ. Համբարձումյանի գիտական գործունեության հետ կապված` դրան հարակից ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառներում բացառիկ գիտական աշխատանքների համար: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար: Մրցանակաբաշխության հանձնաժողովը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հանձնաժողովի կազմում էին աստղաֆիզիկայի, աստղագիտության բնագավառի աշխարհում հայտնի ներկայացուցիչներ: Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հաղթողներ ճանաչվեցին Շվեյցարիայի ակադեմիայի կողմից մրցանակի համար առաջադրված Միշել Մայորը (Michel Mayor) եւ նրա գիտական խմբի անդամները` մեր հայրենակից աստղագետ, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրաելյանը (Garik Israelian) եւ Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանթոսը (Nuno C. Santos): Մ. Մայորը եւ նրա գիտական խումբը մեծ ներդրումներ են կատարել մոլորակային համակարգերի եւ նրանց կենտրոնական աստղերի հետազոտման բնագավառում: Չնայած հայտնաբերված արդեն մեծ թվով արտաարեգակնային մոլորակներին, մոլորակային համակարգերի առաջացումն առայժմ բավարար չափով պարզաբանված չէ: Այս համակարգերի բազմազանությունը լուրջ խնդիրներ է առաջադրում: Վերջին 10 տարիների ընթացքում գիտական այս խումբը բնութագրել է արտաարեգակնային մոլորակներ ունեցող աստղերի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները: Մոլորակներ ունեցող աստղերի սպեկտորների փոքր անոմալիաները նպաստում են մոլորակների առաջացման մեխանիզմների բազմազանության վերաբերյալ առկա պատկերացումների զարգացմանը: Գիտական այս խմբի կողմից ստացված արդյունքները մեծ ազդեցություն են թողել մոլորակների առաջացման մոդելների մշակման վրա: Նշենք, որ Մ. Մայորը արեգակնային տիպի աստղի շուրջ պտտվող առաջին արտաարեգակնային մոլորակի հայտնաբերողն է:

Երեկ ԳԱԱ դահլիճում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակը, կանոնակարգի համաձայն, հանձնեց ՀՀ նախագահը: Արարողությանը մասնակցելու համար ՀՀ էին այցելել մրցանակակիրները եւ աշխարհի տարբեր երկրներից աստղաֆիզիկայի բնագավառի հայտնի գիտնականներ, որոնք ելույթներ ունեցան` գնահատելով 20-րդ դարի խոշորագույն գիտնական Վ. Համբարձումյանի դերը աստղագիտության ասպարեզում, ինչպես նաեւ՝ միջազգային այս մրցանակի ստեղծումը` որպես ՀՀ-ում աստղագիտության եւ, առհասարակ, գիտության զարգացման խթան: «Ինձ համար մեծ պատիվ եւ հաճույք է հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը: Սա նոր երեւույթ է մեր իրականության մեջ: Եվ այն վկայում է Հայաստանի` դեպի աստղագիտություն, աստղաֆիզիկա եւ հարակից գիտություններ ունեցած մեծ հետաքրքրության մասին, այն մասին, թե մեր հասարակական գիտակցության ու կարծիքի մեջ որքան կարեւոր են նվաճումներն այս բնագավառում: գՈւրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: (…) Այս մրցանակով մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլեւ հասարակական լայն հնչեղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն: Մեր պրագմատիկ դարաշրջանում նոր արտաարեգակնային մոլորակների, նրանց կենտրոնական աստղերի հայտնաբերումն ու բնութագրումը, որոնք ուղղակիորեն կապված չեն անմիջական շահ եւ ֆինանսական օգուտ ստանալու հետ, կարող են շատ ռոմանտիկ զբաղմունք համարվել, բայց մենք համոզված ենք, որ հենց նման գիտական նվաճումներն են, որ մեծ հաշվով ընդլայնել են մեր իմացության սահմանները, ինչպես նաեւ առաջ մղել մարդկային քաղաքակրթությունը»,- իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լավ գաղափար եւ վատ իրականացում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վ. Համաբարձումյանի անվան միջազգային գիտական այս մրցանակի ստեղծման գաղափարը իսկապես լավն է եւ մեծ իրադարձություն կարող է դառնալ ոչ միայն ՀՀ գիտական միջավայրի, այլեւ միջազգային մակարդակով: Աշխարհի տարբեր ծայրերից այս օրերին Երեւան ժամանած հեղինակավոր գիտնականների այցը դրա վկայությունն էր. պատվավոր հյուրերը նման վերաբերմունքով էին եկել: Նրանք ելույթներ էին պատրաստել, որոնք այդպես էլ լսարանի հազիվ 10 տոկոսին հասանելի եւ ընկալելի դարձան: Իսկ գիտական խմբի ղեկավար, մրցանակակիր Մ. Մայորի տեսանյութերով լի գիտական ելույթը ոչ միայն չէր թարգմանվում, այլեւ վերջին շարքերում ընդհանրապես չէր լսվում: Իսկ արդյոք նման մրցանակն արժանի՞ էր հանձնման նման գավառական արարողության: ԳԱԱ դահլիճում ոչ միայն օդափոխության համակարգ չէր աշխատում, կամ, ոչ միայն միկրոֆոնն էր վատ աշխատում, այլեւ օտարազգի գիտնականների ելույթները չէին թարգմանվում, ինչի պատճառով շատերը ստիպված եղան լքել դահլիճը: Ի դեպ, շատերն էլ, չնայած հրավիրատոմսերին, ստիպված էին պատերի տակ կանգնել ու դիտել: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանում որեւէ օլիգարխի զավակի հարսանիք կամ խնջույք ավելի հանդիսավոր է անցկացվում, քան երեկ տեղի ունեցավ այս արարողությունը, որը ոչ միայն գիտության բնագավառի համար կարեւոր իրադարձություն էր, այլեւ պետության համար լուրջ PR կարող էր դառնալ, եւ, ի վերջո, երկրի ղեկավարի համար լուրջ PR` թե երկրի ներսում, թե դրսում: Դա, թերեւս, զգում էր նաեւ բեմահարթակում մրցանակակիրների հետ նստած ՀՀ նախագահը, ով թաշկինակով պայքարում էր շոգի դեմ:

Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ