Անցած շաբաթ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Ոստիկանությունը վաճառել է իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզը:
Մամուլը գրեց նաեւ, որ այդ տարածքը գնել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ցանկանում է այնտեղ էլիտար շինարարություն կազմակերպել:
Վերջինս անմիջապես հերքեց այդ լուրը` դա որակելով որպես իր դեմ «պատվեր»: «Որոշ մարդիկ փորձում են իրենց ականջները թաքցնել իմ հետեւում»,- ասել էր ԱԺ նախագահը: Նրա հերքման հետ միաժամանակ լուրեր շրջանառվեցին, թե այդ տարածքի վաճառքն իրականում կապված է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն գնել է սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանը, որտեղ էլ նրան պատկանող «Ավագշին» ՍՊԸ-ն պետք է շինություններ կառուցի: Իսկ մինչ այդ, անցած շաբաթ մեր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Կռոյանն ասել էր, թե մանկապարտեզը գտնվում է իրենց գերատեսչության հաշվեկշռում եւ վաճառված չէ: Նշենք, որ այդ մանկապարտեզը գտնվում է Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան եւ Սայաթ-Նովա պողոտաների միջնամասում:
Մեր ձեռքի տակ է փաստաթղթերի մի փաթեթ, որը ՀՀ կառավարությունը մշակել է հատուկ այդ տարածքի համար: Կառավարությունը օրենսդրական մի ողջ փաթեթ է գրել այդ մանկապարտեզը` «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ու նրա հարակից տարածքը էլիտար շինհրապարակ դարձնելու համար: Այդ նպատակով նույնիսկ մի նոր օրենք է գրվել` «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» անվանումով: Մինչ այժմ նման օրենք չկար: Պատրաստվել են եւս չորս օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծեր: Այսինքն՝ կառավարությունը բավականին լուրջ է պատրաստվել այդ մանկապարտեզը եւ հողակտորը էլիտար շինարարությանը հատկացնելու գործին: Օրինագծերն էլ գրել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Իսկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ կառավարությանը առաջարկություն է ներկայացրել` այդ մանկապարտեզն ու իր շրջակայքը` մոտ 1770 քմ տարածքը ճանաչել «բացառիկ` գերակա հանրային շահ»: 2 շաբաթ առաջ էլ կառավարության նիստում փոխքաղաքապետ Կամո Արեյանը բավական ջանքեր գործադրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս փաստաթղթերին դրական եզրակացություն տա: Իսկ մարտի 18-ին կառավարությունը որոշում էր ընդունել Ոստիկանությունից ետ վերցնել այդ տարածքը եւ 866 մլն 200 հազար դրամով ուղղակի վաճառքով օտարել «Ավագշին» ընկերությանը: Այսինքն` 1 քառակուսի մետրը վաճառել է 482 հազար դրամով կամ մոտ 1300 դոլարով: Կառավարության որոշման համաձայն՝ «Ավագշին» ընկերությունն այդ տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղին ու վերգետնյա շինությունները կառուցելուց հետո պետք է նույնքան` մոտ 1770 քմ տարածք տրամադրի Ոստիկանությանը: Պետության կողմից հանրային գերակա շահ համարված այս գործարքն ունի մեկ այլ հետաքրքիր կողմ եւս, որի համար էլ Գ.Դանիելյանը գրել է վերը նշված օրենքների նախագծերը: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքի նախագծում նշված է, որ «սույն oրենքով կարգավորվում են ՀՀ-ում ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տուրք վճարողները, տուրք վճարողների իրավունքներն ու պարտականությունները, տուրքի դրույքաչափերը, տուրքի uահմանման, դրանց գանձման կարգը եւ պայմանները, տուրք չվճարելու համար պատասխանատվությունը»: Այսինքն՝ պետությունն այսուհետ ավտոկայանատեղիների հարցում էլ «օրենքով է խոսելու» վարորդների հետ` դրանից բխող բոլոր ֆինանսական հետեւանքներով: Այս օրենքը, բացի վերը նշված ավտոկայանատեղիից, տարածվելու է նաեւ ողջ հանրապետության տարածքում: Հասկանալի է, որ Հայաստանի գյուղերում ու մարզային քաղաքներում առայժմ դժվար կլինի պատկերացնել վճարովի ավտոկայանատեղիների գոյությունը: Եվ պարզ է, որ այս օրենքը գրվել է հատկապես Երեւանի, չի բացառվում նաեւ` մի քանի խոշոր քաղաքների համար: Եվ այդ օրենքի պայմանները բավականին սարսափազդու են ՀՀ քաղաքացիների համար: Այսպես` մեքենան տվյալ ավտոկայանատեղիներում 1 ժամ կայանելու համար այս օրինագծով սահմանվել է առավելագույնը 500 դրամ վարձավճար: Եթե նույնիսկ իրականում սահմանվի միջինը` 250 դրամը, դա նույնպես բավականին թանկ հաճույք կլինի: Հատկապես որ, առայժմ հայտնի բոլոր այն վայրերը, որտեղ ավտոկայանատեղիներ են նախատեսվում, բանուկ հատվածներ են, ուր կայանում են բազմաթիվ մեքենաներ: Փորձը ցույց է տալիս, որ այդ ավտոկայանատեղիները հետագայում շահագործելու եւ շահույթ ստանալու համար օգտագործվում են պետական բոլոր լծակները: Օրինակ, Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում 1 ժամվա համար սահմանվել է 200 դրամ վճար: Այն կառուցելուց հետո Օպերայի շրջակայքում մեքենաներն այլեւս չեն կարողանում կանգնել` ոստիկանները չեն թույլատրում: Նույնը կարող է լինել նաեւ վերը նշված եւ այլ ավտոկայանատեղիների պարագայում: Իսկ Ոստիկանության մանկապարտեզի հարակից շրջակայքում շենքերի բնակիչները ավտոտնակներ ունեն, որոնք պետք է քանդվեն: Փաստաթղթերի այս փաթեթը չի պարզաբանում, թե այդ բնակիչներին փոխհատուցում տրվելո՞ւ է, կամ այդ գերխիտ հատվածում որտե՞ղ պետք է կայանվեն նրանց մեքենաները: Այն դեպքում, երբ սույն օրինագծով յուրաքանչյուր օրվա համար սահմանված է մինչեւ 3000 դրամ վճար: 1 շաբաթվա համար` մինչեւ 6000 դրամ, 1 ամսվա համար` մինչեւ 30.000 դրամ, եւ 1 տարվա համար` մինչեւ 120.000 դրամ վճար: Չվճարողների համար էլ տուգանքներ են սահմանված: Այսինքն` բացվում է բավականին խոստումնալից բիզնեսի նոր դաշտ: Եվ այդ բիզնեսի կազմակերպումը օրենքի հեղինակները վստահել են համայնքների ղեկավարներին, որոնք էլ իրենց հերթին դա կհանձնեն իրենց ցանկացած` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Արդեն հասկանալի է, որ դա լինելու է քաղաքապետերի եւ վարչական շրջանների ղեկավարների անձնական ու բավականին եկամտաբեր բիզնեսը։