Հրաժարվել են

18/09/2010

250 հոգուց բաղկացած ամերիկաբնակ հույների խումբը վերջին պահին հրաժարվել է Ստամբուլում գտնվող թանգարանի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում աղոթել եւ պատարագ մատուցել: Այն բանից հետո, երբ հունական ծագումով ամերիկացի ազդեցիկ գործարար եւ քաղաքական գործիչ Քրիս Սփիրուն հայտարարել էր, որ իր գլխավորությամբ 250 ուղղափառներ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն վերցնելու պատրաստվում են սեպտեմբերի 17-ին պատարագ մատուցել Սուրբ Սոֆիայի տաճարում, Անկարայում իսկական իրարանցում էր սկսվել: Միմյանց հաջորդելով՝ հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի մշակույթի նախարարությունն ու ԱԳՆ-ն: «Մենք թույլ չենք տա, որ նրանք անեն այն, ինչ ուզում են»,- նշվում էր Թուրքիայի պետական գերատեսչությունների տարածած հաղորդագրություններում: Իսկ Արտգործնախարարությունն այդ մասին գրավոր կերպով ծանուցել էր Քրիս Սփիրուին: Իսկ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հույն ուղղափառների այդ նախաձեռնությունը որակել էր՝ որպես «սադրանք եւ թշնամանք»: Անկարայից հնչած նման հայտարարություններից հետո Քրիս Սփիրուն երեկ գիշերը հրաժարվել է ժամանել Թուրքիա: «Մեծապես վշտացած եմ թուրք պաշտոնյաների հնչեցրած հայտարարություններից: Մեր խմբի նպատակը միայն աղոթք անելն էր»,- հայտարարել է Քրիս Սփիրուն` ավելացնելով, որ Անկարան ուղղակի արգելել է իրենց մուտք գործել Թուրքիա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ակտիվ ներկայացուցիչ, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ եւ մեծահարուստ Քրիս Սփիրուն, որը, միեւնույն ժամանակ, «Ազատ Սուրբ Սոֆիա» միջազգային կազմակերպության նախագահն է, Սուրբ Սոֆիայում պատարագ մատուցելու առնչությամբ թույլտվություն չէր վերցրել թուրքական իշխանություններից: Փոխարենը, Սփիրուն նամակ էր գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Բարդաքօղլուին եւ նրանց, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հրավիրել պատարագի արարողությանը: Նշենք, որ 2005 թ. ստեղծված «Ազատ Սուրբ Սոֆիա» միջազգային կազմակերպության նպատակն է՝ իր նախկին կարգավիճակին վերադարձնել նախ՝ մզկիթի, իսկ այնուհետեւ՝ թանգարանի վերածված Սուրբ Սոֆիան: