ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Արմավիրի մարզում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն: Ս. Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով: «Տիեռաս դե Արմենիան», լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաեւ ներմուծում է խաղողի այգիների մշակության ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարեւորվում է խաղողագործության բնագավառում նոր մշակույթի եւ ագրոտեխնոլոգիաների տարածման ու եկամտաբերության բարձրացման առումով:
Հիշեցնենք, որ արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող հայկական այս ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2004թ. նոյեմբերից: «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն Բաղրամյան եւ Արեւադաշտ գյուղերի հարեւանությամբ սեփականության իրավունքով ձեռք է բերել շուրջ 2300 հա անմշակ հող: Ընկերության զարգացման 15-ամյա ծրագրով նախատեսվում է այդ հողատարածքի 80%-ը դարձնել մշակովի, իսկ մնացած 20%-ը, քարքարոտ եւ գյուղատնտեսական առումով անպիտան լինելու պատճառով, օգտագործվելու է ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Մինչ այժմ ընկերությունը ներդրել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է շուրջ 400 մշտական եւ շուրջ 200 ժամանակավոր (սեզոնային) աշխատատեղ` 130.000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը ծրագրում է առաջիկա 5-6 տարիների ընթացքում նոր այգիներ հիմնելու նպատակով կատարել լրացուցիչ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: