Հետ են ուղարկելու

18/09/2010

Հայաստանի գլխավոր դատախազությունը բավարարել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ստացված միջնորդությունը` Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Թելման Մխիթարյանին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա ասել է, որ միջնորդությունը բավարարելու հետ կապված համապատասխան որոշումը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Մխիթարյանին: Ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Մխիթարյանը կարող է բողոքարկել որոշումը` Հայաստանի դատական մարմիններում: «Կախված այն բանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ըստ այդմ էլ հնարավոր կլինի խոսել էքստրադիցիայի ենթարկելու հետ կապված հետագա ընթացակարգերի մասին»,- ասել է Տռուզյանը` ավելացնելով, որ Մխիթարյանը դեռեւս Հայաստանում է: Հիշեցնենք, որ Թելման Մխիթարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում: Նա համարվում է Նովգորոդի քրեական աշխարհի ազդեցիկ հեղինակություններից մեկը: Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, Մխիթարյանը «Ապակեթելերի Նովգորոդի գործարանի», «Պրոյեկտստրոյ» ընկերության եւ մի շարք այլ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարն է եղել: