Բրայզայի հարցով

18/09/2010

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը, որը պետք է տեղի ունենար դեռ անցած ամիս, սակայն այն արգելափակելու նախաձեռնությամբ հանդես եկավ դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Մինչդեռ նույն օրը հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մյուս` ավելի քան երեք տասնյակ երկրներում ԱՄՆ-ի դեսպանների նշանակումներն արժանացան ամերիկացի սենատորների հավանությանը: Դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահի հաստատմանը դեմ է արտահայտվում հատկապես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի կարծիքով, «Բրայզան այն մարդը չէ, ով կարող է ճշտորեն ներկայացնել ամերիկյան արժեքները Բաքվում»: «Ազատություն» ռ/կ-ի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ այս անգամ Մեթյու Բրայզան քվեարկության արդյունքում չհաստատվի դեսպանի պաշտոնում, կամ նրա թեկնածության հաստատման շուրջ քվեարկությունը կրկին տեղի չունենա, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը պատասխանել է. «Տեսնում ենք, որ սենատոր Բոքսերը եւ սենատոր Մենենդեսը ոչ թե մեկ, այլ երկու անգամ գրավոր հարցումներ են ուղղել Բրայզային, եւ նորից հստակ պատասխաններ չեն տրվում Ջուղայի խաչքարերի փլատակման վերաբերյալ, հստակ պատասխաններ չեն տրվում, թե ինչու Մեթյու Բրայզան հստակորեն չի դատապարտել Ադրբեջանին այս վերջին` հունիսի 18-ի հարձակումների վերաբերյալ: Եվ պատասխանները շարունակում են հարցեր առաջացնել ամերիկահայ գաղութում, Հայ դատի հանձնախմբում եւ, ինչո՞ւ ոչ` սենատորների մտքերում, թե կկարողանա՞ նա արդյոք իրապես ամերիկյան շահերը ճշգրիտ կերպով ներկայացնել՝ որպես դեսպան Ադրբեջանում: Սեպտեմբերի 21-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկելու է այս հարցը: Մեր հույսն է, որ սենատորները դեմ կքվեարկեն, եւ ինչ էլ լինի պատասխանը երեքշաբթի օրը, նաեւ մեր հույսն է, որ մի շարք սենատորներ, որ շարունակում են մտահոգություններ ունենալ այս քայլի մասին, հստակորեն իրենց տեսակետը ներկայացնեն դրանից հետո էլ եւ նույնիսկ հանդես գան կասեցման որոշումով»: