Սպիտակ տունը հերքել է լուրերը, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, դժվարությամբ է համակերպվում առաջին տիկնոջ կարգավիճակի հետ: Ըստ BBC-ի, Մ. Օբամայի մասին նման լուր է հրապարակվել «Կառլան եւ իր ամբիցիաները» գրքում, որը նվիրված է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջը` Կարլա Բրունիին: Գրքի հեղինակները վստահեցնում են, որ Միշելի հետ զրույցներից մեկում Բրունին նրան հարցրել է, թե ինչպե՞ս է նա իրեն զգում առաջին տիկնոջ կարգավիճակում, ինչին նա իբր պատասխանել է. «Մի հարցրեք, սա դժոխք է, ես այն տանել չեմ կարողանում»: Նշենք, որ Մ. Օբամայի մամուլի քարտուղարը լրագրողներին երեկ ասել է, որ ԱՄՆ առաջին տիկինը երբեք նման բան չի ասել: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատունը: