Բիզնես ֆորում. ամեն ինչ կախված է բիզնեսմեններից

16/10/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հետեւելով ֆորումի մասին այս օրերի լրահոսին, պարզ դարձավ, որ մանավանդ հեռուստատեսային միջոցներին հետաքրքրում է միջոցառման պաշտոնական մասը (նախարարների, դեսպանների եւ այլ պաշտոնական անձանց ելույթները)։ Իսկ բուն գործընթացը՝ ֆորումը, ինչի մասին խոսում եւ արտահայտվում էին ելույթ ունեցողները, գրեթե չլուսաբանվեց։ Ֆորումի մասին խնդրեցինք որոշ մեկնաբանություններ տալ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության ներկայացուցիչ պրն Ռոբերտա Նոչելլային.

– Սա Իտալիայի եւ ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությունն է։ Կազմակերպմանն աջակցել են ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, ԱԳՆ-ն, Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը, Մոսկվայի արտաքին առեւտրի գործակալությունը, ինչպես նաեւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը։

Ժամանած իտալացի գործարարները թվով 19-ն են, նրանք ոչինչ չգիտեն Հայաստանի շուկայի մասին եւ ուզում են ուսումնասիրել այն։ Այս միջոցառումն Իտալիայում Հայաստանի օրերի տրամաբանական շարունակությունն է, որի ժամանակ էլ իտալացիները որոշել են գալ Հայաստան։ Բիզնես ֆորումը հայ-իտալական բարեկամության օրերին նվիրված միջոցառումների մի մասն էր կազմում, որոնք մեկնարկել են հոկտեմբերի 5-ին։ Միջոցառումները կայացել են որոշ հայ գործարարների աջակցությամբ։ Այս գործում կարեւոր դեր է խաղացել նաեւ Հայ-իտալական մշակութային համաձայնագիրը, որը վերջերս է մտել ուժի մեջ։

– Տնտեսության ո՞ր ոլորտներն են ներկայացնում ժամանած բիզնեսմենները։

– Տարբեր ոլորտներ, սակայն ռազմավարական նշանակություն ունի բանկային համակարգը։ Այստեղ են գտնվում իտալական San Paolo IMI, Banca Nazionale Del Livoro եւ Banka Intesa բանկերի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրում են հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները։ Մյուս կարեւոր ոլորտը գյուղատնտեսությունն է։ Ժամանել են նաեւ շինարարական կոնստրուկցիաների արտադրությամբ, կահույքագործությամբ, թանկարժեք քարերի մշակմամբ զբաղվող գործարարներ։

– Հնարավորություններ կա՞ն, որ իտալացիների կողմից այստեղ կատարվեն ուղղակի ներդրումներ, եւ չսահմանափակվեն միայն առեւտրային հարաբերություններով։

– Այո, իհարկե։ Առավել եւս, որ իտալացիների կողմից հաջող ներդրումների փորձ մենք ունենք։ Սակայն մեր երկու երկրների միջեւ առեւտրի զարգացումը նույնպես կարեւոր է, քանի որ, դժբախտաբար, այս հարաբերությունները դեռեւս բավարար մակարդակի վրա չեն գտնվում։ Ֆորումը կազմակերպելու հիմնական պատճառներից մեկն էլ հենց դա է։ Ցանկալի կլիներ հաջողություններ արձանագրել եւ՛ ներդրումների, եւ առեւտրի տեսանկյունից, սակայն դա մեզնից կախված չէ։ Մենք իտալացի գործարարներին Հայաստանը, հայկական շուկան ճանաչելու հնարավորություն ենք տվել, մնացածն արդեն իրենց որոշելիքն է։

– Իսկ ինչպիսի՞ն կլինեն վերջնական, իրական արդյունքները։

– Ֆորումից հետո մենք պատրաստվում ենք տեղեկատվություն ստանալ հայ եւ իտալացի բիզնեսմեններից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ արդեն կնքված պայմանագրերի մասին։ Այդ մասին տեղեկություններ կունենան նաեւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ այլ կազմակերպություններ։ Իսկ կոնկրետ արդյունքները պարզ կլինեն օրեր, անգամ ամիսներ անց, քանի որ բանակցային գործընթացները երկար են տեւում։

Ինձ շատ հետաքրքիր էր նաեւ հետեւել բուն գործընթացին։ Սովորաբար նմանատիպ շատ միջոցառումներ կազմակերպվում են միայն այն բանի համար, որպեսզի ցույց տրվի, որ իրոք ինչ-որ բան են անում։ Այս անգամ մտնելով բանակցությունների սենյակ՝ հաճելիորեն զարմացա այնտեղ տիրող եռուզեռից։ Բոլոր բիզնեսմեններն այն աստիճանի զբաղված էին պրակտիկ զրույցներով, որ չէի ցանկանում նրանց խանգարել։ Այնուամենայնիվ, նրանցից մեկը՝ բեռնափոխադրումներով զբաղվող AllTrans ընկերության գլխավոր մենեջեր պրն Մարիո Դիզենյին մի պահ ազատվեց եւ համաձայնեց մի քանի րոպե տրամադրել հարցազրույցի համար։ Նա նշեց, որ իրենք Հայաստանը դիտարկում են որպես իրենց գործունեության աշխարհագրությունը ընդլայնելու հնարավորություն, որը ներկայումս հասնում է մինչեւ Վրաստան՝ Փոթիի նավահանգիստ։

– Զարգացման այսպիսի տեմպերի առկայությամբ ցանկություն եւ անգամ անհրաժեշտություն է առաջանում գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում եւ, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում մենք գրասենյակ կբացենք Երեւանում։

– Մեր երկրում գործունեություն ծավալող արտասահմանցի շատ գործարարներ դժգոհում են մեր բյուրոկրատիայից։ Ձեզ դա չի՞ վախեցնում։

– Բյուրոկրատիան ամեն տեղ էլ մեծ պրոբլեմ է։ Ես դեռ բյուրոկրատական խնդիրներ չեմ հասցրել ունենալ ՀՀ-ում, այնպես որ, բողոքելու տեղ չունեմ։

– Իսկ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այս ֆորումից։

– Ճիշտն ասած, անցումային տնտեսություն ունեցող երկրների դեպքում ես ավելորդ լավատեսություն չեմ ցուցաբերում, սակայն ձեր երկիրը հաստատուն քայելով գնում է դեպի զարգացած շուկայական տնտեսություն, իսկ այն, որ ֆորումը կազմակերպվեց նման բարձր մակարդակով, եւ դրա հանդեպ առկա մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, որ համագործակցության լավ հեռանկարներ կան։ Ամեն դեպքում, կազմակերպիչները մեր փոխարեն ամեն ինչ չեն կարող անել եւ, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է հենց բիզնեսմեններից։

– Իսկ արդեն հասցրե՞լ եք որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերել։

 – Մեկ հետաքրքիր առաջարկ արդեն եղավ, մենք այն կքննարկենք։ Իսկ կոնկրետ պայմանավորվածությունների մասին խոսելը դեռ շատ շուտ է։ Մենք այս ոլորտում գործում ենք տասնյակ տարիներ, եւ այդ տարիները մեզ սովորեցրել են մի փոքր զգույշ գտնվել պոտենցիալ գործընկերներին գնահատելու հարցում, այնպես որ, դեռեւս հստակ ոչինչ չեմ կարող ասել։

Պրն Նոչելլայի տրամադրած տեղեկությունների համաձայն` ֆորումին մասնակցել է 205 հայաստանցի, ընդ որում, ոչ բոլորն են գրանցվել։ Նա խոստացավ ապագայում կոնկրետ արդյունքների մասին մեզ տեղյակ պահել, իսկ մենք տեղյակ կպահենք ձեզ։

Երեւում էր, որ իտալացիները Հայաստանում առաջին անգամն էին, նրանք դեռեւս դժգոհելու առիթներ չունեին։ Սակայն հույս ունենանք, որ նրանցից հիասթափվելու պատճառներ ոչ ոք չի ունենա, եւ ոչ միայն մեր զրուցակցի, այլեւ մյուս գործարարների համար այս այցը վերջինը չի լինի։