Նախօրեին Մոսկվայի կենտրոնում, ըստ ամենայնի` դիպուկահարի կրակոցից, վիրավորվել է ռուսաստանյան քրեական շրջանակներում մեծ հեղինակություն վայելող Ասլան Ուսոյանը` «Դեդ Հասան» մականվամբ: Հարձակումից տուժել է նաեւ նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը: Իրավապահ մարմինների աղբյուրները սկզբում տեղեկություն էին տարածել, թե որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից Ուսոյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ նրա թիկնապահը` հարձակման վայրում: Ավելի ուշ, սակայն, իրավապահները հայտնել են, որ դա միտումնավոր տարածված ապատեղեկատվություն է եղել` ապահովելու համար Ուսոյանի անվտանգությունը, եւ երկու տուժածներն էլ ողջ են, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցում: Ըստ իրավապահների` Ասլան Ուսոյանի նկատմամբ մահափորձի ձեռագիրը նման է քրեական մեկ այլ հեղինակության` Վյաչեսլավ Իվանկովի` «Յապոնչիկի» սպանության ձեռագրին: Ավելի ուշ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ուսոյանի վրա կրակել են նույն զենքով, որով սպանվել էր «Յապոնչիկը»: Մահափորձը տեսանկարահանել են շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկները: 73-ամյա «Դեդ Հասանի» վրա կրակել են այն ժամանակ, երբ նա այցելության է գնացել Մոսկվայի կենտրոնական Տվերսկոյ փողոցում բնակվող իր որդուն` 47-ամյա Նոդարի Ուսոյանին: Հենց շենքի մուտքի մոտ առաջինը կրակել են նրա թիկնապահի` Արթուր Բաղրամյանի վրա, Ուսոյանը փորձել է թաքնվել, սակայն նրան չի հաջողվել: Դիպուկահարի գնդակը դիպել է նրա որովայնին: Անմիջապես մոտ է վազել Ուսոյանի վարորդը եւ ահազանգել շտապ օգնություն: Մահափորձի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտ: Պարզվել է նաեւ, որ Ուսոյանի վրա կրակել են դիմացի շենքի երրորդ հարկից, որտեղ հայտնաբերվել է «Դրագունով» տեսակի հրացան, որով նախորդ տարի սպանվել էր «Յապոնչիկը», ընդ որում, գնդակը եւս դիպել էր նրա որովայնին: Որոշ տվյալներով, պատվիրատուները ցանկացել են հասկացնել, որ երկու մահափորձերը փոխկապակցված են: Նշենք, որ «Դեդ Հասանն» ազգությամբ քուրդ է: Ծնվել է Թբիլիսիում: Նա համարվում է հետխորհրդային տարածքում ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը: Երկար ժամանակ բնակվել է Կրասնոդարի մարզում, հետո Մոսկվայում: Ուսոյանի եկամուտների հիմնական աղբյուրը խաղային բիզնեսն է, թմրանյութերի եւ զենքի շրջանառությունը, բնական ռեսուրսների մշակումը: Մահափորձը իրավապահները կապել են «Դեդ Հասանի» եւ մեկ այլ «օրենքով գողի»` Տարիել Օնիանիի միջեւ հակամարտության հետ, որին էլ անցած տարի զոհ էր դարձել «Յապոնչիկը»: Ըստ քրեական աշխարհում շրջանառվող խոսակցությունների՝ Ուսոյանը երդվել էր լուծել նրա վրեժը: