Հաջորդ շաբաթ

16/09/2010

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն ԱՄՆ-ում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն: «Համանախագահները նույնպես կմեկնեն Վաշինգտոն խորհրդակցությունների համար: Այդ խորհրդակցությունները կանցկացվեն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ: Հետո մենք կուղեւորվենք Նյու Յորք՝ կողմերի հետ հանդիպման»,- ասել է նա` հավելելով, թե համանախագահները «նոր գաղափարներ» ունեն: «Անցյալ շաբաթ մենք Բաքվին եւ Երեւանին ծանոթացրեցինք այդ գաղափարի հետ: Դրանից հետո մենք կրկին կայցելենք տարածաշրջան սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին»,- ասել է նա: Ամերիկացի համանախագահը նաեւ իր սպասումներն է հայտնել դեկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի վերաբերյալ. «Կարծում եմ՝ այդ գագաթաժողովը կդառնա կարեւոր իրադարձություն: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավարների հետ կնստեն մեկ սեղանի շուրջ: Անպայման կրկին ուշադրության կենտրոնում կլինեն հակամարտող կողմերի դիրքորոշումների տարբերությունները: Նախագահները պետք է իրազեկեն միջազգային հանրությանը գործընթացի զարգացման ծրագրերի մասին: Կարծում եմ` այստեղ հնարավոր կլինի հասնել որոշակի առաջընթացի: Տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ մենք տեղեկացրինք կողմերին որոշակի ոլորտներում պայմանավորվածությունների հասնելու հնարավորության մասին: Այս հարցերը մենք կրկին կքննարկենք Նյու Յորքում: Այս փուլում մենք կողմերից սպասում ենք կառուցողական քայլեր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է նա: