Առաջիկա ամսվա սկզբին, ամենայն հավանականությամբ` հոկտեմբերի 5-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտի կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` միջազգային տարբեր կառույցների փորձագետների կամ, ինչպես ընդունված է ասել` փաստահավաք խմբի ներգրավմամբ: Սա, ըստ էության, այն է, ինչ պահանջում էր Ադրբեջանը` մասնավորապես ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանում ներկայացված բանաձեւով: Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե փաստահավաք խմբի այցը ի՞նչ հնարավոր փոփոխություն կարող է մտցնել հակամարտության գործընթացում, եւ արդյո՞ք առկա է վտանգ Հայաստանի համար, ՀՀ ԱԳ նախկին նախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Վտանգները ակնհայտ են, տեքստում տող առ տող վտանգը շարադրված է: Եթե պատվիրակություն է գալիս, որը պետք է ուսումնասիրություններ իրականացնի օկուպացված տարածքներում ու փաստեր հավաքի ադրբեջանական հուշարձանների վիճակի վերաբերյալ, բա դրանից լուրջ ու վտանգավոր ի՞նչ կարող է լինել»: Նույն հարցին ՀՀ արտգործնախարարությունը հրաժարվել է որեւէ կերպ պատասխանել։ «Դրա հետ կապված բոլոր հարցերով հարկավոր է դիմել համանախագահներին եւ Ղարաբաղի իշխանություններին: Այդ հարցի վերաբերյալ մեր կողմից մեկնաբանություններ չկան»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: