Հայտնի արտահայտությունն այն մասին, որ «քաղաքականությունն անբարոյականության արվեստ է», Հայաստանում գործնական դրսեւորումներ է ստանում: Թեեւ մինչեւ այժմ էլ մեր քաղաքական գործիչներն առանձնապես աչքի չէին ընկնում բարոյականության նորմերի անվերապահ պահպանմամբ, սակայն այն, ինչ տեղի է ունեցել երեկ, վկայում է, որ մարդն իրոք «անկանխատեսելի արարած է»: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը պաշտոնապես հայտարարություն է տարածել այն մասին, որ այլեւս «անպատվաբեր է համարում շարունակել» Դալլաքյանների ընտանիքի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները` մասնավորապես նրա հետ «քավորությունը»: Վ.Բոստանջյանը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի երեխաների կնունքի եւ որդու հարսանիքի քավորն է: Ավելի ճիշտ` արդեն՝ է՛ր: Իսկ նման քայլի Բոստանջյանին դրդել է Դալլաքյանի այն հայտարարությունը, որում նա մեջբերել էր Շիրվանզադեի` բարեգործության մասին գուցե ոչ բոլոր ԲՀԿ-ականներին հայտնի տողերը: Հայ դասականի խոսքի բառացի մեջբերումը Բոստանջյանն ընկալել է որպես Գագիկ Ծառուկյանին ուղղված հանդիմանանք եւ խորապես վիրավորվել է դրանից: «Այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»,- գրել է նա իր հայտարարության մեջ: Թե ինչը կամ ով կարող էր ստիպել Բոստանջյանին՝ ոտնահարել գոնե հայերի մոտ «սրբություն» համարվող նման արժեքները, դժվար չէ կռահել: Տվյալ դեպքում դա կարեւոր չէ, ինչպես կարեւոր չեն այն պատճառները, որոնք գուցե եղել են Դալլաքյանի այդ հայտարարության հիմքում: Հնարավոր է՝ Դալլաքյանը նման կերպ ինչ-որ մեկի պատվերն է կատարել: Սակայն դրան նման կերպ պատասխանել կարող էր երեւի միայն Վ. Բոստանջյանը: Իսկ ամենատխուրն այն է, որ երեկ Բոստանջյանի այս քայլից անակնկալի եկած իշխանական շատ գործիչներ դեպրեսիայի մեջ են հայտնվել` կանխազգալով, որ ցանկացած պահի նման ստորության կարող են դրդել նաեւ իրենցից յուրաքանչյուրին: Այսքանից հետո մնում է միայն հիշել այսօր, առավել քան երբեւէ, արդիական դարձած հորդորը… «Մի ուրացեք ձեր եղբորը»: Բոստանջյանին, իհարկե, դա այլեւս չի «սպառնում»: