Գործունեության մեկ տարվա ընթացքում կառույցն անցկացրել է 226 մրցույթ, որից 68-ը չի կայացել դիմորդների բացակայության պատճառով: Խորհրդից ստացած տեղեկությունների համաձայն, հայտարարված մրցույթներին մասնակցելու համար դիմել է 491 հոգի: Հաղթող ճանաչված 222 հոգուց համապատասխան պաշտոններում նշանակվել են 130-ը:
Քաղծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված է 25 պետական մարմին, որտեղ քաղաքացիներն աշխատանքի են ընդունվում մրցույթի միջոցով, ինչը անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի ձեւով: Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի հավաստմամբ, մրցույթներն անցկացվում են արդար, օբյեկտիվ, իսկ երկրորդ փուլում ձգտում են հնարավորինս բացառել մարդկային գործոնը:
Հայտնի է, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկվում են 2-ական ներկայացուցիչներ՝ համապատասխան մարմնից, Քաղծառայության խորհրդից եւ գիտական ու հասարակական ոլորտից: Հանձնաժողովի անդամները հաղթողներին որոշում են գաղտնի քվեարկությամբ:
Մրցույթի մասնակիցներից ոմանք հիմնականում բողոքում են համապատասխան մարմնի անդամների կողմից ցուցաբերված «ոչ բարեհամբույր» վերաբերմունքից: Խորհրդից տեղեկացանք, որ օրենքը քաղաքացիներին իրավունք է տալիս բողոքարկել մրցույթի արդյունքները, սակայն մինչեւ հիմա բողոքել է ընդամենը երկու հոգի, որոնցից մեկի հարցը լուծվել է հօգուտ դիմողի: Բոլոր հաղթող ճանաչվածները, իրենց դիմումի համաձայն, իրավունք ունեն ընդգրկվել Քաղծառայության խորհրդի երկարաժամկետ (1 տարվա ժամկետով) ռեզերվում: Ռեզերվում ընդգրկված 58 հոգուց մինչեւ այժմ քաղծառայության պաշտոններում նշանակվել են 18-ը: Քաղծառայության պաշտոններից կրճատված քաղաքացիները պետք է ընդգրկվեն կարճաժամկետ ռեզերվում, որտեղ Բ. Առուշանյանի հավաստմամբ, մինչ այժմ ոչ ոք չի գրանցվել: Խորհրդի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ 2006-ից նախատեսվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում 50 տոկոսի չափով:
«Ի՞նչ ճակատագրի են արժանանում երկարաժամկետ ռեզերվում ընդգրկված անձինք, եթե ժամկետն արդեն անցել է» հարցին խորհրդի նախագահը պատասխանեց. «Եթե անցնում են ժամկետները եւ տվյալ անձինք չեն նշանակվում համապատասխան պաշտոններում, նրանք դուրս են մնում ռեզերվից: Ինչ վերաբերում է ռեզերվում ընդգրկվածներին թափուր պաշտոնում պաշտոնակատար չնշանակելուն, նշեմ, որ այն կախված է մի շարք օբյեկտիվ պատճառներից. հնարավոր է, որ 1 տարվա ընթացքում համապատասխան պաշտոնի համար մրցույթ չհայտարարվի կամ առաջացած նոր թափուր պաշտոնների անձնագրերին համապատասխանող քաղաքացիներ ռեզերվում գրանցված չլինեն»:
Մրցույթի մասնակիցների շրջանում ունեցած մեր զրույցների ժամանակ քաղաքացիներից մեկը նկատեց, որ մրցույթների անցկացումը ձեւական բնույթ է կրում, որի արդյունքում համապատասխան պաշտոնում նշանակվում է մարմնի կողմից նախօրոք հայտնի քաղաքացին: «Առաջին փուլն ինչ-որ չափով արդար է անցկացվում, բայց երկրորդ փուլում լինում են անարդարություններ: Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ մրցույթի երկրորդ փուլն անցկացվեր համակարգչի միջոցո՞վ, ինչպես կազմակերպվում է Հայաստանում: Կարծում եմ, այս կերպ հնարավորինս կապահովվեր մրցույթի թափանցիկությունը»,- այս կարծիքն արտահայտեց բնակիչներից մեկը:
Խորհրդից տեղեկացանք նաեւ, որ ներկայումս Ստեփանակերտում կադրերի դեֆիցիտ համարյա գոյություն չունի: Այն առկա է հիմնականում շրջաններում, այն էլ` վերաբնակեցվող գյուղերում: