«Դժվար է, ժամանակ էր պետք, որ մարդը սովորի իր հորեղբոր տղայի վրա ակտ գրել։ Կարծում եք՝ ճանապարհային ոստիկանները ռոբո՞տ են, միայն գեղարվեստական ֆիլմերում է այդպես»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը՝ նշելով, որ այս ոլորտում աստիճանաբար կարգուկանոն է հաստատվում։
Իրոք, վերջին տարիների ընթացքում քիչ թե շատ փոփոխություններ այս ոլորտում եղել են։ Նախ, Պետավտոտեսչություն անվանումը դարձավ Ճանապարհային ոստիկանություն։ Երկրորդ, այս ստորաբաժանումը վերազինվեց նոր մեքենաներով եւ տեսանկարահանող սարքերով։ Ճանապարհային ոստիկաններն այլեւս թփերի տակ ու ծառի ետեւում չեն թաքնվում։ Լավ պետհամարանիշի համար տրվող մաղարիչների մեխանիզմն էլ վերացվեց՝ հիմա օրինական աճուրդ է անցկացվում գոլդ համարների համար։ Եվ արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ եթե վարորդը ոչ մի խախտում չի անում, նրան չեն կանգնեցնում։ Իհարկե, Երեւանի փողոցներով մեքենա վարելիս դժվար է խախտում չանել (հենց թեկուզ փոսերի ու բաց «լյուկերի» պատճառով), սակայն սա հարցի մյուս կողմն է։ Խնդիրն այն է, որ մեր վարորդները, արի ու տես, մեր ճանապարհային ոստիկանների նկատմամբ առանձնահատուկ սիրով ամենեւին չեն բոցավառվում։ Եվ ցանկացած առիթի դեպքում օրինակ են բերում կարճ ժամանակահատվածում հրեշտակի վերածված վրացի ոստիկաններին։ Հարցրեք ցանկացած վարորդի, թե որն է ՀՀ Ճանապարհային ոստիկանի գլխավոր նպատակը։ Տասից ինը կասեն՝ հնարավորինս շատ փող պոկելը վարորդներից։ Իհարկե, սխալ կլինի կարծել, որ հայ ճանապարհային ոստիկանը պակաս հայրենասեր է, պակաս պետականամետ մտածելակերպ ունի եւ պակաս չափով է անհանգստացած հայրենի ճանապարհների անվտանգ երթեւեկության համար։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ մերոնք էլ վայելեն հասարակության սերն ու համակրանքը, ինչպես իրենց վրացի կոլեգաները։
Պատասխաններից նշենք ընդամենը մեկը. Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, ճանապարհային ոստիկանի վրա ակտերի օրական «պլան» չեն դնում, որ նա էլ փորձի ամեն գնով խախտումներ պեղել։ Ընթերցողներից շատերը ականատես կլինեն մի այսպիսի պատկերի. նեղ եւ ծանրաբեռնված փողոցում ոստիկանը կանգնեցրել է խախտում կատարած մի մեքենայի, զբաղեցրել է երկրորդ գիծն ու խցանում ստեղծելով՝ հանգիստ ու առանց շտապելու արձանագրություն է կազմում։ Միգուցե նա այդ վարորդին կանգնեցրել է խաչմերուկում «կանգ» գծից առաջ կանգնելու համար։ Դա խախտում է, որն անհարմարություն է պատճառում փողոցն անցնող հետիոտներին։ Սակայն ոստիկանի կողմից կարգազանց վարորդին նման ձեւով պատժելը ավելի մեծ անհարմարություն է ստեղծում ավելի մեծ թվով մարդկանց համար։ Նման դեպքում ինչպե՞ս կարելի է մարդուն համոզել, որ ՃՈ հիմնական նպատակը ճանապարհային երթեւեկության կարգուկանոնի ապահովումն է։ Tert.am ինտերնետային կայքը երեկ մի ուշագրավ տվյալ է բերել Մարգար Օհանյանի ասուլիսից՝ այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից կազմվել է 470.273 արձանագրություն, որից 79.621-ը՝ ամրագոտիներ չկապելու համար։ Թվաբանության հետ սեր ունեցող ցանկացած մարդ արագ կհաշվի, թե որքան գումար են վճարել վարորդները ճանապարհային ոստիկաններին։ Արձանագրության նվազագույն գումարը 3000 դրամ է, ամրագոտի չկապելու համար տուգանքը՝ 5000 դրամ։ Եթե 79.621 արձանագրություն կազմվել է ամրագոտու համար, եւ եթե անգամ ենթադրենք, որ մնացած բոլոր արձանագրությունները եղել են նվազագույն չափով՝ 3000 դրամանոց, ապա ստացվում է բավականին կլորիկ գումար՝ ավելի քան 1.5 միլիարդ դրամ։ Թե ուր են գնում այդ գումարները, վարորդին, խոշոր հաշվով, հետաքրքիր չէ։ Վարորդին միայն մեկ փաստ է հուզում. իրեն թալանում են, ընդ որում՝ ամենասկզբից սկսած, եւ ամեն քայլափոխի։ Պայմանականորեն, վարորդի հաշվին Հայաստանի գանձարանը լցնելու պրոցեսը կարելի է բաժանել փուլերի։
Առաջին փուլ՝ մաքսազերծում
32% ավտոմեքենայի արժեքից՝ չհաշված բնապահպանական վճարները։ Նման բան իրենց թույլ չեն տալիս անգամ այն երկրները, որոնք ունեն սեփական ավտոարդյունաբերություն եւ իրենց ներքին արտադրողին պաշտպանելու նպատակ։ Հարկային ոլորտի պատասխանատուները մաքսազերծման այս սարսափելի մեծությունը պատճառաբանում են այն հանգամանքով, որ հակառակ դեպքում Հայաստան կբերվեին ավելի մեծ քանակությամբ մեքենաներ (հիմնականում՝ օգտագործված) եւ երկիրը կվերածվեր ավտոմեքենաների գերեզմանոցի։ Նշենք նաեւ, որ վերջերս վերածվեց նաեւ ժամանակավոր ներմուծման ռեժիմը, որի օգնությամբ ավտոսիրողները կարողանում էին վրացական համարներով երթեւեկել Հայաստանում՝ առանց մեքենան մաքսազերծելու։
Երկրորդ փուլ՝ գրանցում
Մեքենայի հաշվառման եւ պետհամարանիշեր ստանալու համար նույնպես հարկ է լինում վճարել անիմաստ մեծ գումար՝ նվազագույնը 100 դոլարի սահմաններում։
Մշտական փուլեր
Մշտական փուլերից ամենաշատը վարորդների վրա ազդում է տեխզննումը։ Տեխզննման ժամանակ մուծվում է նաեւ գույքահարկ, բնապահպանական վճարները։ Կախված մեքենայի տարեթվից եւ շարժիչի հզորությունից՝ մուծումների գումարը կազմում է 100 դոլարից մինչեւ 1000 դոլար (կամ ավելի)։
ՃՈ պետը երեկ զգուշացրել է, որ լրանում է տեխզննման մեկ տարին, եւ խորհուրդ է տվել տեխզննում անցկացնել՝ 50 հազար դրամ տուգանքից խուսափելու համար։ Վարորդներին զայրացնում է ոչ այնքան տեխզննման ծախսը, այլ դրա անիմաստությունը։ Ցանկացած վարորդ ձեզ կներկայացնի տեխզննման իմաստը. մուծում ես մի տեղ, մուծում ես երկրորդ տեղում, երրորդ եւ… վերջ, ստանում ես կտրոնն ու փակցնում դիմապակուն։ Ի՞նչ զննել, ի՞նչ «թիթիզություններ»։ Շատ հաճախ չեն էլ նայում՝ մեքենան իրոք գոյություն ունի՞, թե վարորդը տեխզննման կետ է եկել ձիով։ Այս իրողությունը շատ լավ գիտեն բոլորը։ Լուռ համաձայնությամբ գործում է մի մեխանիզմ՝ տեխզննման անվան տակ վարորդները հարստացնում են ոմանց։ Հակառակ դեպքում՝ հարստացնում են Ճանապարհային ոստիկանությանը՝ 50 հազար դրամ տուգանքի տեսքով։
Ապագայի փուլեր
Տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրություն, որը նույնպես լրացուցիչ ծախսի տակ է գցելու վարորդներին։ Այս դրույթն էլ ուժի մեջ է մտնում 2010թ. հունվարի 1-ից, եւ Մարգար Օհանյանը երեկ զգուշացրել է. «Հետո թող մեզ չմեղադրեն, թե ժամանակին չենք զգուշացնում ազգաբնակչությանը եւ դիտավորյալ 50 հազար դրամով տուգանում ենք»։
Այս ամենին գումարենք նաեւ «մանր-մունր» ծախսերը։ Օրինակ, երբ ցանկացած տեղ անգամ 5 րոպեով կայանելիս հանկարծ հայտնվում է անհասկանալի մեկը եւ գումար պահանջում մեքենան անգամ 5 րոպե ինչ-որ տեղ կայանելու համար։
Ամփոփելով՝ կարող եք հաշվարկել, թե որքան գումար են պոկում վարորդներից պետական ու ոչ պետական տարբեր կառույցներ, ընդ որում՝ ոչնչի համար։ Որպեսզի հաշվարկներն ավելի ճշգրիտ դառնան, տեղեկացնենք, որ Հայաստանում այսօր հաշվառված է շուրջ 430 հազար տրանսպորտային միջոց։ Իսկ եթե փորձենք վերանալ թվաբանությունից եւ հարցին նայենք փիլիսոփայորեն, ապա պատկերն ավելի տխուր է դառնում։ Տխուր՝ այն պատճառով, որ մեր երկրում պետական մոտեցման հիմքում դրված է փողը, հնարավորինս շատ փող պոկելը, ինչը քողարկվում է անվտանգության, ապահովության եւ նման այլ գեղեցիկ շղարշներով։ Այսինքն, խնդիրը ոչ թե ճանապարհային ոստիկանի, հարկային կամ մաքսային տեսուչի մեջ է, այլ պետական համակարգի գործունեության փիլիսոփայության, որը բոլոր դեպքերում հանգում է նույն թվաբանությանը՝ փողին։ Իսկ վարորդները կարող են մխիթարվել այն հանգամանքով, որ պետությունը «փիլիսոփայորեն» է մոտենում ոչ միայն իրենց, այլեւ ՀՀ բոլոր շարքային քաղաքացիներին։