Մեր տեղեկություններով՝ նախկինից մնացած, շահագործման համար արդեն ոչ պիտանի տրամվայի գծերն ապամոնտաժելիս` դրանք հետագայում օգտագործվում են շենքերի շինարարության մեջ, որպես մետաղյա ամրաններ: Շինարարների կարծիքով` դա անթույլատրելի է, քանի որ ցածրորակ մետաղը միայն կասկածելի ամրություն կարող է ապահովել: Փորձեցինք ճշտել, թե մասնավորապես ովքե՞ր են տնօրինում տրամվայի ապամոնտաժված գծերի հետագա օգտագործումը: Քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը վստահեցրեց, որ տրամվայի գծերի հետագա օգտագործման հետ կապված հարցերը քաղաքապետարանի իրավասությունների մեջ չեն մտնում: Սակայն նշեց, որ տրամվայի գծերը հնարավոր է միայն ձուլել, բայց որեւէ բանի մեջ օգտագործել հնարավոր չէ: «Հնարավոր է վերամշակել, բայց երեւի դրա համար կարգ կա, փաստաթղթով ձեւակերպում, հանձնում են ինչ-որ մեկին, հո օդի մեջ չի՞ արվում»,- ասաց պրն Բասենցյանը: Վերջինիս հավաստմամբ՝ «Լինսի» հիմնադրամի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերում նախատեսվում է տրամվայի գծերի հանելը, արժեքավորելը, հանձնելը եւ այլն, սակայն դրա հետ քաղաքապետարանը չի առնչվում: Ի դեպ, նշենք, որ շուտով կգործի «Լինսի» հիմնադրամի երկրորդ ծրագիրը, որով նախատեսված է Կոմիտաս, Կասյան, Արցախ եւ Տիգրան մեծ փողոցների վերանորոգումը: Երեւանի կենտրոնական հատվածներում տրամվայի գծեր մնացել են վերոնշյալ փողոցներում, եւ հաջորդ տարի վերանորոգման աշխատանքները սկսելուն պես դրանք կապամոնտաժվեն:
Լ.Ս.