Մե՞զ ինչ, թող Ղարաբաղի իշխանությունները պատասխան տան

16/09/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Սեպտեմբերի 6-10-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցելության ժամանակ հայտարարվեց, որ սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում նրանք վերադառնալու են` ԼՂ հարակից տարածքներում հումանիտար իրավիճակի գնահատման առաքելություն անցկացնելու նպատակով:

Համանախագահների հետ հակամարտության գոտի կժամանի նաեւ փաստահավաք խումբ` միջազգային տարբեր կառույցների փորձագետների ներգրավմամբ: Սա ըստ էության այն է, ինչ պահանջում էր Ադրբեջանը մասնավորապես ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանում ներկայացված բանաձեւով: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթի համաձայն, Ադրբեջանը պահանջում էր, որ ԵԱՀԿ-ի կողմից ուղարկվի փաստահավաք խումբ` ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ միջազգային այլ կառույցների փորձագետների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը նախօրեին հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին միջազգային առաքելության անդամները կգնահատեն «օկուպացված 7 շրջանների վիճակը, կուսումնասիրեն այդ շրջաններում ադրբեջանցիների էթնիկ զտման, բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների եւ կոմունիկացիաների ավերման փաստերը, իրենց ձեռքի տակ կլինի տեղեկատվություն այն մասին, թե ինչ վիճակում են գտնվում նշված շրջանները», որից հետո «կկազմվի միջոցառումների ծրագիր այն ժամանակահատվածի համար, երբ հայկական զինված ուժերը դուրս կբերվեն 7 շրջաններից»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ, Եվրամիության երկարաժամկետ զարգացման հարցերով փորձագետների խմբի փոխնախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը երեկ հայտարարել է, որ ՄԱԿ-ը կնշանակի հակամարտության հարցով իր հատուկ ներկայացուցչին, քանի որ դա կարող է արագացնել հակամարտության կարգավորումը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, փաստահավաք առաքելությունը հակամարտության գոտում կլինի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 5-ից:

Նշենք, որ 2005-ին կազմակերպված ԵԱՀԿ-ի ճանաչողական այցից հետո միջազգային մակարդակով այլ առաքելություն ԼՂՀ հարակից տարածքներ չի կազմակերպվել: Նախատեսվում է, որ այցի ավարտից հետո փաստահավաք խումբը հանդես կգա զեկույցով: Փորձեցինք պարզել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տեսակետն այն միասին, թե ի՞նչ ընթացք կարող է ստանալ հակամարտության կարգավորման գործընթացը փաստահավաք առաքելության այցից հետո: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տեսակետը փոխանցեց նրա մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Սպասվող առաքելության վտանգների մասին վաղաժամ է խոսել, այդպիսի մի առաքելություն կատարվել է նաեւ 2005-ին, սակայն այն որեւէ հետեւանքի չի հանգեցրել եւ որեւէ արդյունք չի տվել: Մյուս կողմից էլ՝ սա եղել է համանախագահների ցանկությունն ու առաջարկը, բայց այդ առաջարկը միակողմանի չէ: Դրանից հետո նախատեսվում է նույն առաքելությամբ անցկացնել նման հետազոտություն նաեւ Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք այս պահի դրությամբ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մասնավորապես խոսքը վերաբերում է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու, Գետաշենի եւ այլ շրջաններին: Համանախագահներն ուզում են պարզապես տեղում ծանոթանալ իրավիճակին, այստեղ վտանգավոր բան չենք տեսնում: Թող գան, ծանոթանան, տեսնեն, որ այդ տարածքները հանդիսանում են Արցախի Հանրապետության բաղկացուցիչ մասը, մարդիկ այնտեղ ապրում են՝ ինչպես իրենց հայրենիքում եւ համոզվեն, որ այդպես էլ լինելու է ընդմիշտ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ առայժմ համանախագահներից որեւէ մեկը չի խոսել առաջիկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում եւս նման առաքելություն իրականացնելու վերաբերյալ, ինչի մասին խոսում է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը: Ինչեւէ: Իսկ եթե այդ առաքելությունը Հայաստանի համար որեւէ վտանգ չի պարունակում, ինչո՞ւ է Ադրբեջանը շահագրգռված փաստահավաք խմբի այցելությամբ: Ի պատասխան մեր այս հարցին, Դ. Բաբայանն ասաց. «Այստեղ ոչ թե Ադրբեջանի շահագրգռվածության հարցն է, այլ պարզապես այդպիսի առաջարկ է եղել, եւ մենք տվել ենք մեր դրական պատասխանը: Դա ադրբեջանցիների նախաձեռնությունը չէ, որ դրանից նրանք ինչ-որ բան շահեն կամ չշահեն: Գալու են ուղղակի տեսնեն, որ այդ տարածքները մեր անբաժան մասն են, ինչպես իրավիճակը Քարվաճառում է, նույն իրավիճակն էլ Ստեփանակերտում է, ու գնան: Ես չեմ կարծում, որ նրանք կարող են որեւէ փաստարկ բերել, բացի այդ, այդ փաստարկներից չէ, որ պետք է փոխվի Արցախի ներկայիս վարչատարածքային բաժանումը, կամ էլ տարածքային հարցը ինչ-որ ձեւով լուծվի կամ չլուծվի: Այս հարցը վաղուց լուծված է»: Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններում շարունակ ինչ-որ բանաձեւեր է ներկայացնում՝ Հայաստանին որակելով «օկուպանտ» եւ նենգափոխելով խնդիրը, արդյո՞ք նման բանաձեւերը, որոնք սովորաբար Հայաստանի կողմից մնում են անպատասխան, չեն կարող փորձագետների մոտ նախապես կարծիք ձեւավորել, ինչն էլ կարտացոլվի նրանց զեկույցներում` Հայաստանի համար անբարենպաստ երանգներով: Մեր այս հարցին էլ Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Ադրբեջանցիների կողմից օկուպացված անվանվող տարածքները 150 տարի առաջ բնակեցված էին հայերով, հայերին այդտեղից դուրս մղեցին, եւ հիմա ընդամենը վերականգնվել է պատմական արդարությունը: Օրինակ, այսօր կան միլիոնավոր պաղեստինցիներ, որոնք դուրս են եկել իրենց տարածքներից դեռեւս 1940- ականներին, հետո՞ ինչ: Պետք է հասկանալ, որ իրավիճակը զարգացել է այնպես, որ վերադարձ 88 թվականին չի կարող լինել ոչ մի ձեւով»: ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում այս առաքելության այցը որակեց խիստ վտանգավոր: «Վտանգները ակնհայտ են, տեքստում տող առ տող վտանգը շարադրված է: Եթե պատվիրակություն է գալիս, որը պետք է ուսումնասիրություններ իրականացնի օկուպացված տարածքներում ու փաստեր հավաքի ադրբեջանական հուշարձանների վիճակի վերաբերյալ, բա դրանից լուրջ ու վտանգավոր ի՞նչ կարող է լինել»: Պարոն Արզումանյանն ասաց նաեւ, որ ադրբեջանցիները բարձրաձայնում են, թե այդ տարածքներում ոչնչացվում է իրենց մշակութային ժառանգությունը, մինչդեռ հայկական կողմը լռություն է պահպանում: Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, Ադրբեջանը պարզապես կարողացավ հասնել նրան, ինչ ուզում էր: Պարոն Արզումանյանին փոխանցեցինք, որ չնայած նա առաքելության այցից ոչ մի լավ բան չի սպասում, ԼՂՀ-ում կարծում են, որ մտահոգվելու առիթ չկա: «Իսկապե՞ս, դե ապրեն իրենք, ի՞նչ ասեմ, ուրախ եմ իրենց համար»,- ասաց Ա. Արզումանյանը:

Խնդրի հետ կապված փորձեցինք նաեւ պարզաբանում ստանալ ՀՀ արտգործնախարարությունից: Նախարարության պաշտոնական պատասխանն առավել քան ուշագրավ է: Այն մեզ փոխանցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Դրա հետ կապված բոլոր հարցերով հարկավոր է դիմել համանախագահներին եւ Ղարաբաղի իշխանություններին: Այդ հարցի վերաբերյալ մեր կողմից մեկնաբանություններ չկան»: Տարօրինակն այն է, որ երբ հայտնի դարձավ, թե Ադրբեջանը քննարկումից հանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը, ՀՀ արտգործնախարարությունը վայրկյաններ անց տարածեց հաղորդագրություն, որտեղ տեղի ունեցածը որակեց՝ որպես Հայաստանի դիվանագիտական հաղթանակ: Իսկ այսօր, երբ այդ բանաձեւը ոչ միայն մնացել է ՄԱԿ-ի օրակարգում, նաեւ իրականություն է դառնում դրանում ամրագրված գլխավոր պահանջներից մեկը, որոշել է լռություն պահպանել ու առաջնորդվել «Ղարաբաղ են գնալու, թող Ղարաբաղի իշխանություններն էլ պատասխան տան» սկզբունքով: