«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը կորցրել է իր անկախությունը, քանի որ 1998 թվականից հետո Ղարաբաղը սեփական որեւէ դրսեւորում այլեւս չունի:
Ըստ նրա` այդ տեսանկյունից մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան, որը հարստացվեց Ղարաբաղից ներմուծումներով, եւ համատեղ ուժերով ոչնչացվեց Ղարաբաղի անկախությունը: Նա ԼՂՀ-ի` անկախությունը կորցնելու ամենամեծ պատճառը համարում է Ռոբերտ Քոչարյանի կողմից` ԼՂՀ նախագահի աթոռը ՀՀ վարչապետի աթոռով փոխելը: «Համատեղ ուժերով ոչնչացվեց Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ անկախությունը դա կյանք է, դա պիտակ չի, որը կպցնում ենք եւ ասում` սա անկախ է: Կամ նա անկախ է, կամ` անկախ չէ»,- ասել է նա` հավելելով, որ երբ Ղարաբաղն անկախ էր, նրա հետ բոլորը հաշվի էին նստում: Մանուչարյանի խոսքով` երբ ինքը 1998 թվականին վերադառնում էր Հյուսիսային Կովկաս կատարած իր շրջագայությունից, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ էր ունեցել մի շարք երկրների համապատասխան պաշտոնյաների հետ, այդ երկրների կողմից ԼՂ-ի հետ համագործակցության մի մեծ փաթեթ էր բերել: «Բոլորն այդ ժամանակ Ղարաբաղի հետ ուզում էին գործ ունենալ: Բայց երբ որ ես վերադարձա Հայաստան, պարզեցի, որ այն Ղարաբաղը, որին հասցեագրված էին այդ առաջարկները, այլեւս չկա»,- ասել է նա:
Ա. Մանուչարյանի դիտարկմամբ` այսօր թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը չունեն սեփական քաղաքականություն: «Մեր քաղաքականությունը զուտ արձագանքն է ուրիշների առաջարկածի: Այդ նպատակներն ու շահերը որեւէ կապ չունեն ոչ Հայաստանի, ոչ ԼՂՀ-ի, ոչ էլ, ճիշտն ասած, Ադրբեջանի ժողովուրդների նպատակների, մղումների հետ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ա. Մանուչարյանը: Նաեւ հավելել է, թե հայկական կողմը սկսել է մտածել ու հասկանալ, որ պետք է ինքնուրույն քայլեր անել. «Այն ինքնուրույն բաները, որոնք այսօր առաջարկվում են որոշ ուժերի կողմից, շատ ժամանակ սաղմնային են եւ բացարձակապես մրցունակ չեն: Բայց կարեւորը` այդ սկիզբը կա, եւ այն պետք է շարունակական զարգացում ունենա»:
Անկախ այս գնահատականներից, նա հասարակության մեջ դրական փոփոխություններ է տեսնում, որն էլ, ըստ նրա` կարող է դառնալ 1988թ. կրկնությունը, եւ որպես իրականացնող ուժ` Ա. Մանուչարյանը տեսնում է Հայ Ազգային կոնգրեսին. «Մինչեւ 2007թ. Հայաստանի վիճակը, մարդկանց հոգեվիճակը մեռյալ էր, եւ ՀԱԿ-ի շնորհիվ առաջացավ մի շերտ, որը բոլորովին ուրիշ կյանք էր փնտրում: Սակայն շատ դեպքերում ՀԱԿ-ը դեռ պատասխաններ չունի, ուղիներ չի գտել իր համար, թեեւ փնտրում է: Շատ կարեւոր է նաեւ, որ ՀԱԿ-ը կարողանա մինչեւ վերջ իր վրա պատասխանատվություն վերցնել»:
Անդրադառնալով ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած նախագծին, Ա. Մանուչարյանն ասել է, թե Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը որեւէ ազդեցություն չի ունենալու Ղարաբաղի շուրջ միջազգային հանրության կողմից վարվող քաղաքականության վրա եւ չի ուժեղացնելու Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում: «Անկախության ճանաչումը պարզապես կազդի մեր առեւտրական քաղաքական համակարգի վրա` սահմանափակելով մեր առեւտրի ունակությունները եւս մեկ քայլով»,- ասել է Ա. Մանուչարյանը: