Ռուսաստանում ահաբեկչությունների նոր ալիք է բարձրացել: Հյուսիսային Կովկասում գրեթե օր չի անցնում առանց աղմկալից հանցագործությունների, որոնց զոհն են դառնում ոչ միայն չինովնիկներ ու քաղաքական գործիչներ, այլեւ հասարակ բնակիչներ, սովորական մարդիկ` անկախ տարիքից, սեռից ու ազգային պատկանելությունից: Ի՞նչ է տեղի ունենում, ինչպե՞ս դիմակայել ահաբեկիչների կողմից մղվող պատերազմին. «168 Ժամի» թղթակցի այս եւ այլ հարցերին պատասխանում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ, անվտանգության հարցերի փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:
– Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանում: Կարելի՞ է ասել, որ ահաբեկիչները պատերազմ են հայտարարել:
– Սա ահաբեկչական ակտիվություն է: Հյուսիսային Կովկասում ակտիվացել են կրոնական արմատական խմբավորումները: Դրանք ծայրահեղ սալաֆիստական խմբավորումներ են` Մերձավոր Արեւելքում գործող խմբավորումների նման: Որպեսզի ավելի պարզ լինի, ասենք այսպես` Ալ Ղաիդային մոտ կանգնած խմբավորումներ: Թեեւ սա այնքան էլ այդպես չէ. պարզապես «Ալ Ղաիդա» անվանումը դարձել է մի տեսակ պատկերավոր «բրենդ»: Այդ խմբավորումները մի նպատակ ունեն` հաստատել կրոնական արմատական իշխանություն, այսպես ասած` իսլամական «խալիֆաթ»:
– Արմատական իսլամիստական խմբավորումներն ակտիվացել են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրա սահմաններին մոտ, մասնավորապես` Կենտրոնական Ասիայում: Կողքից կարող է թվալ, որ սա կոորդինացված միասնական գործընթաց է: Ի՞նչ կարծիքի եք Դուք:
– Այդ գործընթացները փոխկապակցված են եւ բխում են ահաբեկչական արմատական խմբավորումների ընդհանուր ակտիվացումից: Ինչպես գիտենք, Ղրղըզստանում, հարավում հարձակումներ, ավերածություններ եղան: Այնտեղ պահպանվում է լարված իրադրությունը: Չափազանց լարված իրավիճակ է նաեւ Տաջիկստանում, որը հարյուրավոր կիլոմետրանոց փաստացի թափանցիկ սահմաններ ունի Աֆղանստանի հետ: Այնտեղ կուտակվում են լավ վարժված, մարտունակ, Աֆղանստանում բավականին երկար կռված գրոհայինները: Այդ մարդիկ սովոր չեն երկար ժամանակ անգործ նստելու: Նրանք բավականին լավ են պատրաստված, այնպես որ` նրանցից շատ լուրջ վտանգ է սպասվում: Այնտեղ իրադարձություններ կարող են սկսվել ամեն վայրկյան: Թե ո՞ր ուղղությամբ` դժվար է ասել: Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Ուզբեկստանի Իսլամական Շարժման (ՈՒԻՇ) գրոհայինները փորձում էին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ներխուժել Ֆերգանայի հովիտ` այնտեղ նույնպես ծրագրելով իսլամական պետություն ստեղծել: Այն ժամանակ նրանց հախից լավ եկան: Կենտրոնական Ասիայում գործում են մի քանի արմատական իսլամական խմբավորումներ: Պարզապես ՈՒԻՇ-ն ամենահայտնին է: Իրականում որոշ ժամանակ առաջ այնտեղ գործում էր միասնական մի կազմակերպություն` Թուրքիստանի Իսլամական Շարժումը: Սակայն հետո նրա վերնախավում հակասություններ սկսվեցին, եւ շարժումը մասնատվեց մի քանի խմբերի, որոնցից մեկն էլ հիշատակված ՈՒԻՇ-ն է:
– Կարելի՞ է այդ խմբավորումների ակտիվացումը Ռուսաստանի տարածքում, նրա սահմաններին մոտ, ընդհանրապես հետխորհրդային տարածքում համարել Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի գործողությունների հետեւանք: Արդյոք չի՞ ստացվում, որ արեւմտյան ուժերը պարզապես Աֆղանստանից դեպի Ռուսաստան են դուրս մղում գրոհայիններին:
– Դա նույնպես որոշակի դեր է կատարում: Ավելին, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Աֆղանստանում որոշ գործողություններ պլանավորվում եւ իրագործվում են հենց այդ նպատակով: Երբեմն էլ ամերիկացիներն աֆղանական խմբավորումներին դիտմամբ մղում են դեպի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտիներ: Այդ շրջաններում անկայունությունը նրանց ձեռնտու է: «Թալիբան» շարժումը բոլորովին էլ միատարր չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Որոշ խմբավորումների համար իսկապես կարեւոր են այն գաղափարները, որոնք առնչվում են Աֆղանստանին: Մյուսների նպատակներն ավելի անորոշ են եւ ոչ միանշանակ: Սրան գումարած՝ նաեւ նարկոտրաֆիկը. իսլամական ահաբեկչությունն ու թմրաբիզնեսը միմյանցից անբաժանելի հասկացություններ են: Թմրանյութերի իրացման եւ դրանից գումարներ ստանալու համար իսլամական արմատական խմբավորումներին դեպի Արեւմուտք` Եվրոպա երթուղիներ են պետք: Եվ սա Հյուսիսային Կովկասում, մասնավորապես՝ Դաղստանում, լարվածության պատճառներից մեկն է: Այդ ամենն այնտեղ է հասնում Ադրբեջանի տարածքով. Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանները թափանցիկ են, եւ ես արդեն մի քանի տարի է` խոսում եմ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմ հաստատելու անհրաժեշտության մասին: Սրան գումարած` դեր է խաղում նաեւ Թուրքիան: Այդ երկիրը ահաբեկչության դեմ պայքար է հռչակել: Եվ իսկապես պայքարում է դրա դեմ, բան ասել չես կարող: Սակայն միաժամանակ (սա պարադո՛քս է) լոյալություն է ցուցաբերում դրա նկատմամբ: Գրոհայինները Թուրքիայում ժամանակավոր ապաստան են ստանում, բուժվում են տեղի հիվանդանոցներում: Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Այս լույսի ներքո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վերջերս արած հայտարարությունը, թե` Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ կոնֆեդերատիվ պետություն ստեղծելու, ինձ շատ վտանգավոր է թվում, եւ ես ՌԴ Պետդումայի նիստերին գործընկերներիս խնդրել եմ իրենց դիրքորոշումն արտահայտել այս հարցի առթիվ, որը Ռուսաստանին ոչ մի լավ բան չի խոստանում:
– Տարածված կարծիք կա, որ ոչ մի պետություն ի վիճակի չէ արդյունավետ պայքար մղելու ահաբեկչության դեմ. ահաբեկչությունը եղել է, կա եւ կլինի: Դուք համամի՞տ եք այս կարծիքին:
– Պետությունը կարող է արդյունավետ պայքար մղել ահաբեկչության դեմ, հաջողությամբ դիմակայել դրան եւ նվազագույնի հասցնել դրա վտանգը: Ահաբեկչության դեմ պայքարի հիանալի փորձ ունի Իսրայելը, սակայն այդ փորձն այնքան էլ կիրառելի չէ Ռուսաստանի պայմաններում: Իսրայելում գրեթե ամեն մի մահմեդականի մեջ պոտենցիալ ահաբեկիչ են տեսնում, իսկ Ռուսաստանում նման մոտեցումը, հասկանալի է, անընդունելի է: Սակայն կա նաեւ Եգիպտոսի, Սիրիայի եւ հատկապես Ալժիրի փորձը: Այս երկրում 1990-ականներին շատ բարդ իրավիճակ էր: Սակայն աստիճանաբար, քայլ առ քայլ իշխանությունները կարգուկանոն հաստատեցին. արմատական կրոնական խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներն օրեցօր փոքրանում էին շագրենի կաշվի նման: Արդյունքում՝ այն վտանգները, որոնք կախված էին ալժիրական պետության գլխին, մնացին անցյալում: Այսօր Ալժիրը նորմալ երկիր է, որն իր հարեւանների համար վտանգ չի ներկայացնում: Եթե խոսում ենք ահաբեկչության դեմ պայքարում պետության գործողությունների մասին, ապա այստեղ պետք է լինեն երեք գործոններ` ուժային, ֆինանսական եւ գաղափարական: Եթե չեմ սխալվում, Սաուդյան Արաբիայում գործում է հստակ ձեւավորված սխեմա` մարդիկ՝ գումարած փող՝ գումարած գաղափար: Գործնականում սա նշանակում է, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են համապատասխան կադրեր, սեփական միջոցներ ու ահաբեկչական խմբավորումների ֆինանսական հոսքերը փակելու ունակություն եւ, վերջապես, գաղափար, որը կարող է դիմակայել այն գաղափարներին, որով առաջնորդվում են ահաբեկչական այս կամ այն խմբավորումները: Ռուսաստանում ուժային բաղադրիչի հարցը շատ լավ լուծված է, ֆինանսական հարցի վիճակն ավելի վատ է, գաղափարականը` վատ է, քանի որ չկան մարդիկ, եթե կուզեք` մտածողներ, որոնք ի վիճակի կլինեն արդյունավետ հակափաստարկել արմատական խմբավորումների գաղափարներին: