Իրանը` հովանավո՞ր

16/09/2010

«Daily Telegraph» պարբերականը երեկ սկանդալային հոդված է հրապարակել, որում ասվում է, թե Իրանի իշխանությունները պատրաստվում են աջակցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ պարբերականի` Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի` 2011թ. Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրանական իշխանությունները Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությանը տրամադրելու են 25 միլիոն ԱՄՆ դոլար` քարոզարշավի ընթացքում օգտագործելու նպատակով: Սակայն այս տեղեկությունն անմիջապես հերքել է կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը` ասելով. «Մեր կուսակցության մասին ձեր պարբերականում հրապարակված տեղեկությունն ուղղակի ապշեցրել է մեզ: Այդ տեղեկությունը չի արտացոլում իրականությունը եւ անհիմն է: Մենք հերքում ենք բացարձակապես ստերի վրա հիմնված այդ տեղեկությունը եւ սպասում բացատրությունների, թե որտեղի՞ց է ձեր թերթում հայտնվել նման անհիմն ինֆորմացիա»: