Երեկ ավտովթար է տեղի ունեցել Հերացի փողոցում: ԲՄՎ X5 ՆՈՒԳ 101 վրացական համարանիշով մեքենան հարվածել է «Միլենա» տաքսի ծառայության մեքենաներից մեկին, վերջինիս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ դեպքի վայր էին ժամանել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Հրանտ Գրիգորյանը` գեներալ Մանվելի եղբորորդին, եւ Գալուստ Սահակյանը, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը: Գ. Շամշյանի փոխանցմամբ` երբ ինքը փորձել է լուսանկարել, Ա. Աղաբաբյանը եւ նրա թիկնապահները հարձակվել են իր վրա, եւ Աղաբաբյանը թիկնապահներին հրահանգել է վերցնել լուսանկարչական ապարատը իր ձեռքից, սակայն Գալուստ Սահակյանը զսպել է նրանց: Վերջինիս ասելով` ԲՄՎ-ն պատկանում է պատգամավորներից մեկին, եւ իրենք «եկել են տեսնեն՝ ինչ է եղել»: Տեղի ունեցածի հետեւանքով Հերացի փողոցի վրա, որը Երեւանի ամենաբանուկ երթեւեկով փողոցներից մեկն է, երկար ժամանակ եղել է մեծ խցանում: Ըստ դեպքի ականատեսների, տաքսու վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ տեղեկացանք, որ ԲՄՎ մակնիշի մեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, սակայն այդ պահին մեքենայի ղեկին ոչ թե ինքն է եղել, այլ իր օգնականը: