Մեծ խաղեր

16/10/2005

Արագ փոփոխվող Ղազախստանն ու նրա բռնակալ հարեւան Թուրքմենիան կարող են օգնել Արեւմուտքին, մասնավորապես Եվրոպային՝ կրճատել կախվածությունը Մերձավոր Արեւելքից ու Ռուսաստանից մատակարարվող նավթից ու գազից: Դրա համար պետք է երկու պետությունները Եվրոպային միացնել գազամուղով, որը կանցնի Հարավային Կովկասով եւ Թուրքիայով:

Սակայն անցած շաբաթ արեւմտյան առաջատար նավթագազային ընկերությունների մամուլի ասուլիսի ժամանակ այս կարեւորագույն հարցին չանդրադարձան: Այս ընկերությունները նավթ ու գազ են արդյունահանում Ղազախստանում ու Թուրքմենիայում, իսկ Ռուսաստանը շարունակում է միանձնյա տնօրինել դրանք սպառող երկրներ հասցնելու ուղիները:

Ռուսաստանը՝ Սաուդյան Արաբիայից հետո նավթարդյունահանող ու արտահանող երկրորդ եւ գազարդյունահանող խոշորագույն երկիրը, վերցնում է հարավային Կասպյան ավազանի ողջ ածխաջրածինը: Արդյունքում` Եվրոպան աստիճանաբար հայտնվում է կրկնակի կախվածության մեջ:

Նման կախվածությունը փոխադրումներ իրականացնող մեկ երկրից վտանգավոր է նաեւ արդյունահանող երկրների համար: Ղազախստանում են գտնվում աշխարհում խոշորագույն ածխաջրածնի հանքավայրերից երեքը: Նույնիսկ եթե հաշվի չառնենք նոր հանքավայրերի հայտնաբերումը, 2015-ին՝ արեւմտյան տեխնոլոգիաների ու ներդրումների օգնությամբ, Ղազախստանում նավթարդյունահանման ծավալները կարող են հասնել մինչեւ 150 մլն տոննայի՝ ներկայիս 50 մլն-ի դիմաց:

Ղազախստանի էներգետիկայի նախարար Վլ. Շկոլնիկը բացատրեց, որ մոտ 20 մլն տոննան կարելի է տանկերներով հասցնել Բաքու, այնտեղից էլ` գազամուղով, որ ադրբեջանական նավթը Վրաստանով հասցնում է թուրքական Ջեյհան նավահանգիստը, Միջերկրական ծով: Սակայն մնացած նավթը մինչեւ 2015թ. միջազգային արդյունաբերողներն ու Ղազախստանը պլանավորում են արտահանել ռուսական գազամուղներով:

Անկախ այն բանից, կհաջողվի՞ արդյոք կյանքի կոչել այդ ծրագրերը, Կաշագանի հանքավայրը կարող է լրջորեն փոխել իրավիճակը՝ արտահանման այլընտրանքային ուղիներ բացելով: Լավագույն տարբերակը կլիներ տրանսկասպյան գազամուղի կառուցումը: Արդյունահանվող նավթի մի մասը կարող էր արտահանվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղով, մի մասը՝ Վրաստանի սեւծովյան ափով դեպի Եվրոպա:

Ինչպես հայտնեց Ղազախստանի «Կազմունայգազ» պետական ընկերության նախագահը, Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահները մինչեւ այս տարվա վերջը նախատեսում են ստորագրել Կասպից ծովով Ղազախստանից Բաքու նավթի մատակարարման համաձայնագիր: Այն նախատեսում է Արեւմուտք հասցնել տարեկան մինչեւ 20 մլն տոննա նավթ:

Բայց Ռուսաստանն ու Իրանը միավորվել են՝ հակազդելու նման գազամուղի կառուցմանը: Նրանք նաեւ դեմ են ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին՝ տրանսկասպյան գազամուղ կառուցել Թուրքմենիայից, որի գազի արտահանման հնարավորությունները կարող են հավասարվել Ռուսաստանի արտահանման ծավալներին:

Քանի դեռ ուշ չէ, ԵՄ-ն պետք է մշակի քաղաքականություն՝ ուղղակի ճանապարհ ստանալու դեպի հարավկասպյան ավազանը: Դա նաեւ Եվրաատլանտյան դաշինքի տնտեսական ու ռազմավարական շահերից է բխում:

Վլադիմիր ՍՈԿՈՐ
Վաշինգտոնում Jamestown Foundation-ի ավագ գիտաշխատող,
The Wall Street Journal