Վերադարձրե՛ք Արարատը

16/09/2010

Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր Ֆրանտիշեկ Միկլոշկոն Թուրքիային առաջարկել է Արարատ լեռը վերադարձնել ՀՀ-ին: Հայ հեղափոխական դաշնակցության մամլո դիվանի հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 10-ին Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» համաժողովում իր ելույթը Միկլոշկոն այսպես է եզրափակել. «Ցանկանում եմ անդրադառնալ խորհրդանշական, սակայն կարեւոր մի հարցի։ Խոսքը բիբլիական Արարատ լեռան մասին է: Հայերի համար այն իրենց պատմական քրիստոնեական ժառանգության հարցն է: Ե՞րբ է Թուրքիան ազատ մուտքի հնարավորություն տալու դեպի Արարատ: Թույլ տվեք սուր դնել հարցը. հնարավոր չի՞ համարում արդյոք ժամանակակից Թուրքիան Արարատ լեռան վերադարձը հայերին: Դա կլիներ աննախադեպ քայլ ոչ միայն ապագա խաղաղ գոյակցության, այլեւ ամբողջ աշխարհում Թուրքիայի հեղինակության բարձրացման համար»: Իր ելույթում սլովակ գործիչը անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակմանը եւ Հայոց ցեղասպանության հերքմանը` ասելով. «Թուրքիան չի կարող հերքել 1915 թվականի հայերի Ցեղասպանություն իրականացնելու փաստը, չէ՞ որ հայերը ոչնչացվել են իրենց իսկ հողերի վրա, միայն նրա համար, որ հայ են»,- հայտարարել է նա: