Ֆինանսական գլուխկոտրուկ, փնթի փաստաթղթեր

16/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տեւական ժամանակ` ուսումնասիրելով ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը եւ «բացահայտելով» ծրագրի հետ կապված փաստաթղթային կեղծ շրջանառությունը, դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ասելով. «Սա խնդրանք է Տ. Սարգսյանին. թող գնահատեն ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարբեր ծրագրեր իրականացնող անձանց գործունեությունը եւ վերանայեն նրանց այդ պաշտոնում մնալ-չմնալու հարցը. Օրինակ` այդ ծրագրի հեղինակ, այդ պաշտոնը գրաված Լալա Ղազարյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է անհիշելի ժամանակներից եւ ծրագիրն իրականացնում է թերություններով, անարդյունավետությամբ: Եվ հետո, 2008թ. օգոստոսի 19-ին Տ. Սարգսյանի մոտ կայացած քննարկման ժամանակ շրջանավարտներին գնման վկայագրերով բնակարաններ հատկացնելու խնդիրն ինչո՞ւ չի դարձել ՀՀ Կառավարության որոշում»: Նախ նշենք, որ Ա. Բախշյանի հարցումներին ի պատասխան՝ տեղեկանքներ են ստացվել ՀՀ Վերահսկիչ պալատից, ՀՀ Սոցապ նախարարությունից, ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայությունից, ինչպես նաեւ՝ ծրագրում ներգրավված «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) հասարակական կազմակերպությունից: Նույն հարցմանն ի պատասխան, ինչպես պետական կառույցներից, այնպես էլ ՀՕՄ-ից ներկայացվել են հակասական եւ իրար չհամապատասխանող թվեր, այն դեպքում, երբ այդ թվերը նաեւ ամրագրված են բյուջեի կատարողականում, որոնց ԱԺ-ն հավանություն է տվել: Ի դեպ, նշենք նաեւ, որ Ա. Բախշյանի՝ ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայություն ուղարկած նամակը վերահասցեագրվել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին: Ուշագրավ է, որ Ա. Գրիգորյանի պատասխանը չի համապատասխանում Սոցապ նախկին նախարարներին ուղղված նույն հարցման պատասխանին: Այլ կերպ ասած` միեւնույն հարցմանը եկող-գնացող նախարարները պատասխանում են ոչ թե հիմնվելով կոնկրետ փաստերի, թվերի վրա, այլ` ներկայացնում են այն, ինչն ի մի բերել գուցե նրանց էլ չի հաջողվում:

Անդրադառնալով ՀՕՄ-ի գործունեությանը՝ Ա. Բախշյանը ՀՕՄ-ի ատենապետուհի, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանին հորդորել է. «Ես այստեղ հանդես չեմ գալիս որպես դատավոր, քավ լիցի. ես ընդամենը ներկայացնում եմ տեղեկանքներ, թվեր, որոնց մեջ մեծ տարբերություններ կան, եւ որոնք հակասում են իրար: Մնացածը թող իրենք պարզեն, ՀՕՄ-ը ճի՞շտ է, թե՞ սխալ»: Այսպիսով, համաձայն «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի ՎՊ զեկույցի, ծրագրի բաղադրիչներից մեկի` «Բնակելի տարածքով ապահովում» վերնագրի տակ «Գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակերպումներ» գործընթացը կազմակերպելու համար 2009թ. ՀՕՄ-ին փոխանցվել է 1մլն 590.000 դրամ եւ 2009-ին ընդամենը ծախսվել է 60.600 դրամ: ՀՀ Սոցապ նախարար Արթուր Գրիգորյանի ստորագրությամբ նամակի համաձայն` ՀՕՄ-ին փոխանցվել է ոչ թե 1մլն 590.000 դրամ, այլ` 2մլն 273.300 դրամ`«2009թ. պայմանագրերի նոտարական գրանցման համար նախատեսված միջոցները կատարողին ամբողջությամբ փոխանցվեցին կանխավճարային կարգով»: Ա. Բախշյանն ասում է. «Այս թիվը` 2մլն 273.300-ը, երեւում է նաեւ 2009թ. բյուջեի կատարողականի հաշվետվության տեղեկանքում: Ստացվում է` նախարարն ասում է` «ՀՕՄ»-ին փոխանցել եմ 2մլն 273.300 դրամ, իսկ ՀՕՄ-ն ասում է` մեզ փոխանցել են ընդամենը 1մլն 590.000 դրամ, որի մնացորդը` 1մլն 530.000-ը փոխանցել ենք 2010թ. այս ծրագրով նախատեսված ծախսերի համար: Վերահսկիչ պալատը նույնպես ներկայացնում է այն տեղեկանքը, որն իրեն տրամադրել է ՀՕՄ-ը»: Այսինքն` ստացվում է՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը փաստացի այդ 2մլն 273.300-ը ծախսել է՝ ՀՕՄ-ին պատվիրելով իրականացնել ծրագրի բնակելի տարածքներով ապահովում բաղադրիչը, մինչդեռ ՀՕՄ-ը պնդում է, որ նախարարությունն իրեն հատկացրել է ընդամենը 1մլն 590.000 դրամ, որից ընդամենը ծախսել է 60.600 դրամ` կատարելով երկու շրջանավարտի բնակարանի պետական գրանցումը: «Բավականին մեծ գումար կորել է, բայց հայտնի չէ` նախարարությունո՞ւմ, թե՞ ՀՕՄ-ում: Դա բացահայտելն արդեն իմ խնդիրը չէ, ես հարցը բարձրացնում եմ, իսկ համապատասխան մարմինները թող բացահայտեն: Ում շատ հետաքրքրում է մեր բյուջեի կատարողականը եւ բյուջեի նպատակային ծախսը, արդյունավետությունը` թող նա էլ պարզի»,- ասում է Ա. Բախշյանը: Նա անդրադարձավ նաեւ մեկ այլ խնդրի: Համաձայն Սոցապ նախարար Ա. Գրիգորյանի տրամադրած տեղեկանքի` «ՀՀ 2009 թ.-ի պետական բյուջեի «ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին աջակցություն եւ խորհրդատվություն» ծրագրով, այլ բաղադրիչներից բացի, «Գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակերպում» բաղադրիչով նախատեսվել էր 2,273.3 հազ. դրամ` 75 բնակարանների շահառուներին անհատույց օգտագործման հանձնման պայմանագրերի պետական գրանցման համար»: Նաեւ նշվում է, որ թեեւ նախատեսվել էր 75 շահառուի պետական գրանցումն իրականացնել, այդուհանդերձ, որոշ խնդիրների պատճառով հանձնարարվել է իրականացնել 54-ի պետական գրանցումը: Այնուհետեւ նախարարը նույն փաստաթղթում պարզաբանել է, որ «2010թ. հունիսի 24-ի դրությամբ կազմակերպության կողմից արդեն իրականացվել է 34 բնակարանների շահառուներին անհատույց օգտագործման հանձնման պայմանագրերի պետական գրանցման աշխատանքները: Մնացած բնակարանների պայմանագրերի գրանցման աշխատանքները կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը»: Մինչդեռ, ըստ Վերահսկիչ պալատի տրամադրած տեղեկանքի` այդ թիվը 51-ն է. «Այսինքն` էլի թվերն իրար չեն համապատասխանում: Չի համապատասխանում նաեւ ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության կողմից տրված ձեւակերպման փուլում գտնվող բնակարանների այն ցուցակը, որտեղ ներկայացված են կոնկրետ 54 շրջանավարտների անուն-ազգանունները: ՀՕՄ-ի ցուցակում 51 հոգու անուն է գրված: Բացի դա, ՀՕՄ-ի տրամադրած ցուցակում կան մարդիկ, որոնք նախարարի տրամադրած ցուցակում չկան, եւ հակառակը»: Այդուհանդերձ, Ա. Բախշյանը գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներին եւ հ/կ-ներին կոչ է անում ֆինանսական հաշվետվություն ներկայացնելիս թվային հակասություններին ուշադրություն դարձնել. «Մանավանդ, որ ամբողջ այս ծրագրի համար պատասխանատու է ՀՕՄ-ը, իսկ «բնակելի տարածքով ապահովումը» ծրագրի ընդամենը մի բաղադրիչն է: Մարդիկ պիտի հասկանան, որ խնդիրը պետբյուջեի կողմից գումար չտրամադրելու մեջ չէ, որովհետեւ ծրագրեր կան, որոնք բյուջեի կատարողականով 100%-ով կատարվել են, բայց որոնց արդյունավետությունը չափելու գործիք չկա: Ձեւակերպումներ են, որոնց վրա ծախսված գումարների վերահսկողություն կատարել հնարավոր չէ: Եթե պետությունը ՀՕՄ-ի հետ պայմանագիր է կնքել 37մլն գումարով, ուրեմն` փաստացի 30մլն 700.000-ը համենայնդեպս տվել է: Հիմա կներեք, ես ո՞ր թղթով, ո՞ր հաշվետվությամբ առաջնորդվեմ, եթե բոլոր թղթերն իրար հակասում են»:

«Մենք կարող ենք Ա. Բախշյանին դատի տալ»

Մենք զրուցեցինք նաեւ ՀՕՄ-ի ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանի հետ` խնդրելով պարզաբանումներ տալ Ա. Բախշյանի ներկայացրած փաստարկների կապակցությամբ: Վերջինս նպատակահարմար չգտավ անձամբ խոսել այնպիսի խոցելի թեմայի շուրջ, որը վերաբերում է որբ երեխաներին, եւ որի մասին, «անհարկի» շահարկումներով, ըստ նրա` խնդիրը քաղաքականացվում է: Ա. Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ ՀՕՄ-ի գործունեությունը թափանցիկ է, եւ մեր բոլոր հարցերին կպատասխանի «Աջակցություն եւ խորհրդատվություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի պատասխանատու, ՀՕՄ Երեւանի գրասենյակի ներկայացուցիչ Աննա Մնացականյանը: «ՀՕՄ-ը պայմանագիրը ստորագրել է 2006թ., բայց ծրագիրը սկսվել է 2003-ից: Սոցապ նախարարությունը նախ պայմանագիրը ստորագրել է Հայ ժողովրդավարական ֆորումի հետ, որի նախագահն է Լյուդմիլա Հարությունյանը: 2006-ից պատասխանատվությունը ստանձնել ենք մենք: «Բնակելի տարածքով ապահովում» ծրագրի բաղադրիչն ամենապարզ եւ ամենաթափանցիկն է, եւ զարմանալի է, թե ինչո՞ւ այդքան մեծ աղմուկ բարձրացվեց: Իսկապես կարելի է շատ խոսել, վերլուծել, քննարկել այս ծրագրի մասին, բայց կոնկրետ նոտարական եւ կադաստրային ձեւակերպումների հատվածում որեւէ խնդիր չկա այն առումով, որ ինքնին պրոցեսը տեւում է ամենաշատը մեկ ամիս, եւ բոլոր գործողությունները թղթերի վրա երեւում են»: Այդուհանդերձ, Ա. Մնացականյանի հավաստմամբ` ՀՕՄ-ի գործունեության հետ կապված գումարային որեւէ անճշտություն չկա, իսկ թե ինչո՞ւ է Սոցապ նախարարը ՀՕՄ-ին հասցեագրում բոլորովին այլ թիվ, Ա. Մնացականյանը խնդրում է անձամբ նախարարից ճշտել. «Շատ հստակ գումարներ են ծախսվում, որոնք պետական վճարներ են եւ հաշվետվությունների մեջ պարզ արձանագրված են»: Ինչեւէ, Ա. Մնացականյանը պնդում է, եւ փաստաթղթերով հաստատվում է, որ առ այսօր ՀՕՄ-ի կողմից ձեւակերպվել է թվով 34 բնակարան: Այսօրվա դրությամբ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից փոխանցված գումարի մնացորդը կազմում է 560,060 դրամ, որից 515,270-ը նախատեսված է մնացած 17 բնակարանների ձեւակերպման համար: Ա. Մնացականյանի հավաստմամբ` գործառույթների ավարտից հետո, պայմանագրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում չծախսված գումարը վերադարձվում է պետբյուջե: «Այս անհարկի աղմուկից հետո Վերահսկիչ պալատը ՀՕՄ-ում երկարատեւ՝ մոտ 4 ամիս ստուգումներ կատարեց, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը՝ նույնպես: Թերություններ, անշուշտ, բոլոր հաստատություններում լինում են, բայց որեւէ խախտում կամ որեւէ գումարի ոչ նպատակային ծախս չհայտնաբերեցին»,- նշում է նա` պնդելով, որ 2009թ. ՀՕՄ-ին փոխանցվել է 1,590,600 դրամ, որից ծախսվել է 60.000-ը, իսկ 1,53,000 մնացորդը վերադարձվել է պետբյուջե, այնուհետեւ հատկացվել է 2010թ.` այդ բաղադրիչն իրականացնելու համար: «Ծրագրի այդ կետն այնքան մաքուր է արվում, որ չարժեր մեկին մի մուշտի տալ… վերջում այս աղմուկից այդ երեխաներն ի՞նչ շահեցին: Կարելի էր խոսել, քննարկել, հարցադրումներ անել, բայց չքաղաքականացնել եւ անտեղի աղմուկ սարքել: Ինչո՞ւ է վիրավորում: Ես որպես հակափաստարկ այնքան փաստաթղթեր ունեմ, որ կարող եմ տիկին Բախշյանին դատի տալ, եւ այդ փաստաթղթերը հաստատ ի շահ իրեն չեն լինելու: Իսկական տերով անտերներ են, որովհետեւ այս ընթացքում ով չալարեց՝ այդ երեխաներին տեր կանգնեց, բայց ոչ մի հարց չլուծվեց: Մենք այդ ոլորտի հետ կապված մեծ ծրագրեր ենք իրականացրել, բազում խնդիրներ ենք լուծել, եւ այս քանի տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց դա արել ենք անաղմուկ, առանց շահարկելու եւ առանց մեր արած գործի մասին խոսելու»,- ասում է Ա. Մնացականյանը, ով ՀՕՄ-ի գործունեությունը ներկայացրեց այնպես, ինչպես ներկայացված էր տեղեկանքներում:

Ինչեւէ, այն, որ պետական կառույցների փաստաթղթերում մեծ հակասություններ կան` փաստ է: Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ գտնվում է մեր ձեռքի տակ, որն ուսումնասիրելիս, միեւնույն է` հնարավոր չէ ստանալ ծրագրով նախատեսված որեւէ բաղադրիչի կոնկրետ մեկ թիվ: Դրանք բոլոր փաստաթղթերում տարբեր են, եւ փաստն այն է, որ այդ անփույթ, փնթի շարադրանքով տեղեկանքներն առկա են նաեւ բյուջեի կատարողականում: Հիշեցնենք, որ այդ «փաստաթուղթը» ԱԺ մեծամասնության կողմից հավանության է արժանացել` այդ տեսքով: