Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները կամրացնեն Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության հեռանկարները: Դավութօղլուի կարծիքով, Թուրքիայի ժողովրդի կողմից սահմանադրական փոփոխություններին հավանություն տալը զգալի ներդրում է` ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացում: Այս փոփոխությունները, ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, թույլ կտան Թուրքիային կատարել ԵՄ-ի կողմից ներկայացված առաջարկներից մի քանիսը: «Սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը շրջադարձային է Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման հարցում»,- ասել է Դավութօղլուն: Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիների 58 տոկոսը կողմ էր քվեարկել սեպտեմբերի 12-ին այդ երկրում կազմակերպված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Հանրաքվեի նախաձեռնողն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն էր: