Քարահունջը՝ համաշխարհային ժառանգություն

16/09/2010

Ավելի քան 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը հետաքրքրել է անգլիացի ուսանողներին, ովքեր վերջերս Հայաստան էին եկել հին աստղադիտարանի գիտական ուսումնասիրության համար: Խմբի ղեկավարը հայազգի Միհրան Վարդանյանն է, ով 2006թ.-ից սովորում է «Օքսֆորդի» համալսարանում:

– Ինչո՞ւ գնացիք Օքսֆորդ, Հայաստանում գիտության զարգացման ապագա չէի՞ք տեսնում:

– Նախ նշեմ, որ աստղաֆիզիկայի բնագավառի լավագույն գիտնականներն աշխատում են Օքսֆորդում: Եվ, տրամաբանորեն, ուսումս պետք է շարունակեի այնտեղ: Նրանց կողմից հրավեր ստացա, որպեսզի ստատիստիկայի հատուկ ալգորիթմներ մշակեմ այնտեղ՝ տիեզերքից ստացած ինֆորմացիան ճիշտ հասկանալու, այսինքն՝ մնացյալ գալակտիկաների տեղերն ու բաշխումը ճիշտ հասկանալու եւ տիեզերքի մոդելը ճիշտ կառուցելու համար: Մեծ Բրիտանիայում սովորելը, ճիշտ է, թանկ հաճույք է, բայց նրանք գիտությունների բնագավառում բավական մեծ ֆինանսավորում ունեն: Այնտեղ ուսանողները կրթաթոշակ են ստանում, որոնք շատ «լուրջ» գումարներ են:

Ես, օրինակ, մի քանի կրթաթոշակներ եմ ստանում, որոնցից մեկը Օքսֆորդում գործող Րաֆֆի Մանուկյանի անվան հայտնի կրթաթոշակն է, մյուսը՝ աստղագետների համար գործող Ֆիլիպ Բենթոնի կրթաթոշակը:

– Այսինքն՝ ուսանողն իր կրթաթոշակով կարող է ապրե՞լ:

– Անխոս, կրթաթոշակով շատ հանգիստ կարելի է ապրել:

– Որքա՞ն է կրթաթոշակի նվազագույն չափը:

– Անգլիայում կրթաթոշակների վրա հարկեր չկան: Տարեկան կրթաթոշակը կազմում է նվազագույնը 13.000 ֆունտ ստեռլինգ: Բացի այդ, հնարավորություն կա նաեւ բուհում աշխատելու: Եթե դաս ես տալիս, ըստ դասաժամերի քանակի` աշխատավարձ ես ստանում: Բացի կրթաթոշակի հանգամանքից, այնտեղ բոլորը շատ ավելի ընկերական եւ ուշադիր են միմյանց նկատմամբ: Թիմն աշխատում է մի խնդրի շուրջ, եւ եթե անգամ այդ թիմի անդամներից որեւէ մեկը խնդիր է ունենում, մենք կարողանում ենք այդ խնդիրը քննարկել: Այնտեղ գրասենյակային մթնոլորտն այդքան էլ չի աշխատում: Կարող ես գիտական ղեկավարի կամ դասախոսի հետ հանդիպել սրճարանում, քննարկել, ասենք, աստղաֆիզիկայի հետ կապված որեւէ խնդիր: Այդ իմաստով Օքսֆորդը հետաքրքիր է: Այնտեղ քոլեջային համակարգ է. այն ոչ թե մեր համալսարանի պես մի շենք է, այլ՝ ամբողջ քաղաքը համալսարան է: Սա հնարավորություն է տալիս, որ, ենթադրենք, աստղաֆիզիկը շփումներ ունենա փիլիսոփաների, քիմիկոսների, աշխարհագրագետների հետ, ինչը հնարավորություն է տալիս նույն խնդրին նայել տարբեր դիտակետերից: Դա նպաստում է նոր մտքերի ծնունդին, իսկ գիտելիքները դառնում են ավելի բազմակողմանի:

– Եվ ո՞րն է Օքսֆորդի հմայքը, որը 9 դար շարունակ մնում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը:

– Օքսֆորդը տրադիցիոն համալսարան է: Նրանք պահպանում են բոլոր ավանդույթները: Քաղաքը բավական փոքր է, խաղաղ, հանգիստ: Այնտեղ չկա այն աժիոտաժը, ինչը կա Լոնդոնում: Քոլեջներում խիստ հետեւում են կանոններին, օրինակ, ֆորմալ ճաշերին պետք է անպայման մանթյանով ներկայանալ: Անգամ փոքրիկ ավանդույթներն են պահպանվում: Իհարկե, գրավչություններից մեկն էլ այն է, որ այնտեղ սովորել են աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք էին` Օսկար Ուայլդը, Լուիս Քերոլը, ֆիզիկոս Բոյլը: Այնտեղ է սովորել Էյնշտեյնը, ով մի քանի ամիս դասավանդել եւ պրոֆեսորի կոչում էր ստացել: Իհարկե, նա հետո այդ կոչումից հրաժարվել էր` աշխատավարձի բարձր լինելու պատճառով: Նա ասել էր, որ ավելի նպատակահարմար է՝ իր աշխատավարձով մի քանի հոգու հրավիրեն, ու գնացել էր Ամերիկա: Մինչ օրս Օքսֆորդի գիտության թանգարանում պահպանվել է այն գրատախտակը, որի վրա նա գրում էր:

Հայաստանյան եւ Օքսֆորդի կրթական համակարգերի միջեւ հսկայական տարբերություններ կան: Առաջնայինն այն է, որ այնտեղ ուսանողի նկատմամբ վերաբերմունքն ինդիվիդուալ է: Ուսումը կազմակերպված է այնպես, որ ուսանողը հնարավորություն ունենա շփվել յուրաքանչյուր առարկայից դասախոսի հետ, եւ մշակվում են խնդիրներ, որոնց վրա ուսանողը պետք է ինքնուրույն աշխատի: Այնպես չէ, որ դասախոսությունը թելադրում են, եւ ուսանողը պետք է անգիր անի այն: Կարող ես պատվիրել գիրքը, եւ ցանկացած ընթերցասրահում կարդալ այն: Նույնիսկ հիմա, երբ եկել ենք Հայաստան գիտական հետազոտությունների համար, մեզ հետ գրքեր ենք բերել: Մինչեւ հոկտեմբեր արձակուրդ ենք: Օքսֆորդում արձակուրդները շատ են, բայց դասերը բավական ինտենսիվ են: Այնտեղ ուսանողի եւ պրոֆեսորի միջեւ ընկերական շփումներ են: Ուսանողի նկատմամբ հարգանքը բավական մեծ է: Ցանկացած հարցում ուսանողին աջակցում են: Ուսանողն այնտեղ արժեք է:

– Իսկ մեզ մո՞տ:

– Կարծում եմ՝ նախկինում վիճակն ավելի լավ էր: Հիմա փոփոխությունները շատ են: Բացասականն այն է, որ փորձում են բերել եվրոպական ինչ-որ համակարգեր եւ պարտադրել Հայաստանի կրթական համակարգին: Իսկ դա չի կարող լավ աշխատել, որովհետեւ պետք է նախ ուսումնասիրես քո երկրի կրթական համակարգի խնդիրներն ու դրանից ելնելով` մշակես այն, եւ ոչ թե Եվրոպայից բերես համակարգեր եւ փորձես որեւէ կերպ հարմարեցնել:

– Ի՞նչ համակարգերի մասին է խոսքը:

– Հայաստանում արդեն որոշակիորեն գործում է կրեդիտային համակարգը, բայց բոլորս էլ գիտենք, որ այստեղ գոյություն ունի զինծառայության խնդիրը, եւ շատերը բուհ ընդունվում են, այսպես ասած՝ զուտ բանակից խուսափելու համար: Կրեդիտային համակարգի դեպքում նրանք ստիպված են ներկայանալ դասի, ինչը շատ դեպքերում չի հետաքրքրում նրանց: Նախկինում այդպես չէր: Նրանք, որոնց այդ դասը չէր հետաքրքրում` չէին գալիս: Հիմա պարտադրում են, միավորներ են տալիս: Իսկ այդ ուսանողները ինչ-որ չափով խանգարում են նրանց, ովքեր իսկապես հետաքրքրված են այդ առարկայով:

Հայաստանը (գուցե մարդիկ չընդունեն այս գաղափարը) կարող է հետեւել Սինգապուրի օրինակին: Սինգապուրում գիտության ոլորտը զարգացավ, քանի որ նրանք շատ արագ եւ մեծ քանակությամբ գիտնականների հրավիրեցին Հայաստան: Եթե այդ նույն հոսքով մասնագետներ գան Հայաստան, վստահ եմ՝ գիտության ոլորտը կսկսի զարգանալ:

– Ինչո՞ւ որոշեցիք Քարահունջն ուսումնասիրել:

– Ամեն ինչ սկսվեց այսպես. Նիկոլասը, որը կրկին Օքսֆորդի համալսարանից է եւ մասնագիտությամբ աշխարհագրագետ է, հետաքրքրվում էր լաբիրինթոսներով: Նա էքսպեդիցիա էր կազմակերպել Հունաստանի թաքնված լաբիրինթոսներից մեկի ուսումնասիրության համար: Այդ ժամանակ էլ միտք առաջացավ` ուսումնասիրելու հայկական հուշարձանները, քարերը, իսկ դրա լավագույն օրինակը Քարահունջն էր: Եվ քանի որ ես ծանոթ էի նաեւ Հերունու աշխատանքներին, զրուցել էի հայ գիտնականների հետ, որոշեցինք տեխնիկական իմաստով կրկնել Հերունու աշխատանքները, եւ փորձել Քարահունջը հայտնի դարձնել:

– Մի՞թե Եվրոպայում ուրիշ «հեյնջեր» չկան:

– Եվրոպայում 100-ից ավելի այդպիսի տեղեր կան, բայց Քարահունջն անհամեմատ լավ է պահպանված: Մեր նպատակը այն նոր տեխնոլոգիաներով չափագրելն է: Կարեւոր է նաեւ լազերային սկանավորումը, որպեսզի տեղանքի եռաչափ մոդելն ունենանք, այսինքն՝ եթե, օրինակ, երկրաշարժի հետեւանքով որեւէ բան վնասվի, մենք կունենանք էլեկտրոնային տարբերակը, որտեղ Քարահունջն այսօրվա պես կլինի: Լազերային սկանավորումը բավական թանկ է: Միայն այդ սարքն արժե մոտ 200.000 դոլար: Կարծում եմ՝ Հայաստանին նման սարք անհրաժեշտ է` մնացյալ հուշարձանների սկանավորման համար: Մեկ տարի առաջ եղել եմ Քարահունջում: Այն, իսկապես, հետաքրքիր ու գեղեցիկ տեղ է:

– Իսկ, օրինակ, տեղյա՞կ եք, որ այդ գեղեցիկ վայրը «հետաքրքրում է» նաեւ անասուններին…

– Գուցե դա այդպես էր որոշ ժամանակ առաջ, բայց այսօր հատուկ պահպանման գոտի է ստեղծվել: Այսօր մեծ աշխատանքներ են տարվում Քարահունջը պահպանելու ուղղությամբ: Հայաստանում նաեւ գործում է «Քարահունջի ընկերների ակումբը», որտեղ շուրջ 400 մարդ է ընդգրկված, եւ նրանք մեզ ամեն ինչով օգնում են: Մյուս տարվանից ավելի գրավիչ կլինի, որքան տեղյակ եմ, լույսեր են տեղադրելու:

Այս ուսումնասիրությամբ Քարահունջի օրինակով մենք կարող ենք հասկանալ բոլոր «հեյնջերը» Եվրոպայում: Կա տեսություն, որ այդ «հեյնջերը» կապված են իրար, անգամ ապացուցված է, թե ինչպես են Եվրոպայում ցեղեր տեղափոխվել: Այդ ապացույցներից մեկը կա հայտնի դասագրքում, որը մենք բերել ենք մեզ հետ: Նրանք գյուղատնտեսության զարգացման կարբոն-անալիզ են արել, որտեղ տեսանելի է, թե 7000 տարի առաջ մարդկությունն ինչպես է տեղափոխվել:

– Ձեր նպատակը Քարահունջը անգլիական «Սթոունհեյնջի» (stone henge) հնչեղության հասցնե՞լն է:

– Գլխավոր նպատակն այն է, որ Քարահունջը հասցվի այնպիսի վիճակի, որ պետական միջամտությամբ այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգություն» («World heritage») ցանկում: